
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս
Տիրոջ Սուրբ Ծննդյան 2025-ի դեկտեմբերի 24-ի Ճրագալույցի տոնական Սուրբ Պատարագը Գյումրիում մատուցեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը` առընթերակայությամբ Հայաստանի Ավագերեց Գերպ. Հ. Ներսես Վրդ. Գալստյանի և Արժ. Տ. Հովսեփ Քհն. Գալստյանի, մասնակցությամբ Գյումրիի հայ կաթողիկէ համայնքի, Անարատ Հղության միաբան հայ քույրերի և նրանց սաների, Հայկական Կարիտասի և Կարիտաս Արեգակի աշխատակազմի: Հայ կաթողիկէ համայնքին իր ներկայությամբ պատվեց նաև Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար պրն. Զարեհ Սինանյանը:
Սուրբ Պատարագից առաջ, ըստ հայկական ծեսի, տեղի ունեցավ երեկոյան ժամերգություն, որի ընթացքում ընթերցվեցին հատվածներ Սուրբ Գրքից: Սուրբ Պատարագի իր քարոզում Առաջնորդ Հայրը ներկաներին հրավիրեց մտածել, թե ինչ նոր իրականություն է բացում քրիստոնյայի առջև Հիսուսի Սուրբ Ծնունդը` ի մտի առնելով ավետարանական այն դրվագները, երբ Գաբրիել հրեշտակապետը ուղարկվում է նախ Հովհաննես Մկրտչի հայր Զաքարիայի, ապա` Սուրբ Կույս Մարիամի մոտ և ավետում աստվածային միջամտությամբ նոր կյանքի սկզբնավորման մասին, հայտարարում է մանուկների անունները` Հովհաննես և Հիսուս, անուններ, որոնք նոր հեռանկարի, նոր կյանքի անվանումներ են.
«Հրեշտակն ասում է Զաքարիային. աղոթքներդ լսելի եղան, զավակ պիտի ունենաս և անունը Հովհաննես պիտի դնես, բայց քանի որ կասկածեցիր, կպապանձվես` մինչև որ նա ծնվի: Հովհաննես Մկրտիչը ծնվեց, հարազատները մտածում էին, թե մանկան անունը հոր անունը կդնեն` Զաքարիա, ըստ վաղեմի սովորության, բայց Զաքարիան գրում է, թե երեխայի անունը «Հովհաննես» պետք է լինի: Այսպես Աստված նոր անուն տվեց` խախտելով ավանդույթը, որովհետև դեպքը յուրահատուկ էր, անկրկնելի էր: Տիրոջ հրեշտակը մանկանը տվեց մի անուն, որ դուրս էր ամեն տեսակ սխեմաներից, հրեշտակը անուն տվեց մի նոր իրականությանը: Նույն կերպ Գաբրիելը երևաց Մարիամին և տարօրինակ ավետիս տվեց, թե պիտի հղիանա Սուրբ Հոգու զորությամբ և մանկան անունն էլ կդնի ոչ թե Հովսեփ, ըստ ավանդության, այլ` Հիսուս` մի նոր, աննախընթաց, տարօրինակ, անսպասելի իրականության անուն, որ նշանակում է` Տերը փրկում է: Հովսեփը իմացավ, որ տարօրինակ մի բան է պատահել Մարիամի հետ, իսկ ինքն արդար մարդ էր, բայց որպես Նոր Ուխտի զավակ, ուզեց նրան լուռ արձակել, և գիշերը հրեշտակը նրան ասաց` մի՜ վախեցիր կնոջդ քո մոտ առնել, որովհետև նրանից ծնվածը Բարձրյալի որդի է»:
Սրբազանը հրավիրեց ուշադրություն դարձնել, որ հրեշտակը խոսեց Զաքարիայի և Մարիամի հետ նրանց վախի պահերին, ավետեց հրաշքի մասին, որ անսպասելի էր նրանց համար: Այդպիսի վախի պահեր ունենում ենք բոլորս մեր կյանքում, և Աստված տալիս է նշաններ, տեղի են ունենում կյանքի գործընթացներ, լսում ենք հրեշտակային ձայներ, զգում ենք Սուրբ Հոգու միջամտություններ, որոնք ավետում են մի նոր իրականության սկիզբ.
«Այս տխուր օրերում, երբ վախենալու լուրեր ենք լսում, պրկված և լարված վիճակում ենք ապրում, կարծես, ուղեկորույս ենք, բայց ուշադի՜ր եղեք` լսելու համար Գաբրիել հրեշտակի ձայնը, մի արհամարհեք այդ ձայնը, տեսնում ենք Սուրբ Հոգու տարօրինակ, անսպասելի, նույնիսկ անընդունելի աշխատանքը, որ տեսանելի է մի ազգի, համայնքի կյանքում. դա զարթոնքի, վերածննդյան նշույլներ են: Մենք լսում ենք ձայներ, մտահոգիչ պատկերներ, որոնք խլում են մեր սրտերի խաղաղությունը, բայց զգու՜յշ եղեք, որպեսզի սխալ չմեկնաբանեք: Աստված մեր կյանքի նեղ րոպեներին, մեր վերքերի միջո՜վ է մտնում` լույս սփռելու մեր սրտերի մեջ, ինչպես վիրաբույժը, որ մեզ բուժելու համար կտրում է վերքը և մտցնում իր ձեռքերը, որպեսզի բուժի մեզ: Այդպես էլ մեր վերքերի միջով լույս է մտնում մեր կյանքից ներս: Ուրեմն, սիրելիներ, մի խուսափեք լսելու Աստծու շշուկները, որոնք սկզբում վախեցնող են, բայց Աստված այդ ամենը մեր բարիքի համար է անում, մեր ազգի բարիքի համար է, այդ փոթորկալից պահերը մեր բարիքի համար են»:
Առաջնորդը հիշեցրեց, որ Հիսուսի տիտղոսներից մեկն է «Իշխան Խաղաղության»: «Ինչպե՞ս կարող էր Խաղաղության Իշխանը վախ պատճառել Զաքարիային, Մարիամին և Հովսեփին: Ո՜չ, չէր կարող, իհարկե, այլ քաջալերում էր` ասելով. «Մի՜ վախեցիր», որովհետև նոր իրականությունը վախի համար չէ, այլ ներքին խաղաղություն գտնելու համար է»,- ասաց Սրբազանը: Աստվածային միջամտության ժամանակ մեզ նախ վախն է համակում, ապա` խաղաղությունը, երբ ընդունում ենք Տիրոջ կամքը մեր կյանքում: Սրբազանը կոչ արեց չվախենալ Աստծո միջամտություններից, այլ ընդունել դրանք մեծ ուրախությամբ և գերազանցել սեփական բոլոր վախերը` Խաղաղության Իշխանի հետ միասին:
Սուրբ Պատարագից հետո կատարվեց մոմերի օրհնության կարգ, ապա «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը հանդես եկավ Սուրբ Ծննդյան տոնական համերգով` ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Մլքեյանի խմբավարությամբ: Համերգից հետո բոլոր ներկաները հրավիրվեցին հյուրասիրության և ջերմ զրույցի:
Թող Հիսուս Մանկան համեստ մսուրի անճառելի լույսը ներթափանցի բոլորիս սրտերից ներս, որպեսզի վստահ լինենք Աստծո Կենդանի Որդու ներկայությանը մեր կյանքում:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
25 դեկտեմբերի, 2025թ.





