• Պատմական օր` ՌԴ Վինյով քաղաքի հայ կաթողիկէ համայնքի համար. օծվեց նորակառույց Սբ. Գևորգ եկեղեցին

    <<Եվ դուք՝ իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգևոր զոհեր>>, Ա Պետ․ 2։5


    2025թ. դեկտեմբերի 22-ին ՌԴ Վինյով քաղաքում տեղի ունեցավ հայ կաթողիկէ համայնքի նորակառույց Սուրբ Գևորգ Եկեղեցու հանդիսավոր օծման և նվիրագործման արարողությունը` ձեռամբ Առաջնորդ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի և առընթերակայությամբ Վինյովի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Գերպ. Հ. Սեդրակ Վրդ. Խիթարյանի: Օծման երկար սպասված, բերկրալից աղոթական վսեմ արարողությանը մասնակցեցին նաև Բեյրութի հայ կաթողիկէ թեմի Պատրիարքական Փոխանորդ Արհ. Տ. Գրիգոր Եպս. Փադիշահը, Մոսկվայի և հարակից շրջանների հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը, Սոչիի ժողովրդապետ Գերպ. Հ. Հովհաննես Վրդ. Մելիքյանը, Սալեզյան միաբան Գերպ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Պետրոսյանը, ինչպես նաև Ռուսաստանում ծառայող լատինածես հոգևորականներ Հ. Դարիուշ Խարասիմովիչը, Հ. Ալեքսանդր Նեմչինովը, Հ. Եզեկիել Այալան, Հ. Յոզեֆ Գունչագան, Հ. Ալեքսանդր Կրաևսկին, Հ. Վլադիմիր Կաբակը, Գերհ. Հ. Զբիգնև Կրուլը և առաքինազարդ միաբան քույրեր:

     

    Ըստ հայ Եկեղեցու ծիսակարգի, նախ Դռնբացեքի գեղեցիկ աղաչական աղոթքներով բացվեցին նորակառույց եկեղեցու դռները, ապա սաղմոսների և շարականների ուղեկցությամբ կատարվեցին Սուրբ Սեղանի լվացման և սրբալույս մյուռունով օծման արարողությունները, որից հետո` Ավագ Խորանի պատերի, տաճարի չորս պատերի օծման ծիսակատարությունները` տաճարը սրբագործելով և նվիրագործելով Աստծուն` որպես Տեր Հիսուս Քրիստոսի Խորհրդավոր Մարմնի հավաքատեղի և աղոթատեղի, որտեղ տեսանելի է դառնում տերունական Խորհրդավոր Մարմինը` հոգևոր Եկեղեցին ի դեմս հավատացյալ եղբայրների և քույրերի` իրենց հոգևոր հովիվներով հանդերձ: Նորօծյալ Սուրբ Սեղանի վրա մատուցվեց առաջին Սուրբ և Անման Պատարագը` ձեռամբ Առաջնորդ Հոր և առընթերակայությամբ Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքներում ծառայող հայ հոգևորականության:

     

    Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանն իր քարոզում նկատելի հուզումնալից խնդությամբ ասաց հետևյալը.

     

    «Այսօրվա Ավետարանում տեսնում ենք, որ Տիրոջ շուրջ հինգ հազարից ավելի մարդ էր հավաքվել և լսում էին Նրա քաղցր խոսքերը, նույնիսկ կորցրել էին ժամանակի զգացողությունը, մոռացել էին հաց ուտելը: Աշակերտները Հիսուսին խնդրեցին արձակել ժողովրդին, որ գնա կերակուր գտնի: Հիսուսը սակայն աղոթքով բազմացրեց մի քանի կտոր հացն ու ձուկը` այն աստիճան, որ դեռ ավելացավ: Ժողովուրդը հասկացավ, որ Հիսուսն է այն Հացը, որ լիցքավորում, հարստացնում է մարդկային հոգին: Բայց ոմանք իրենց մտքում ունեին միայն նյութական հացը, մտածում էին, որ այլևս Հիսուսը հոգալու է իրենց ամենօրյա հացի մասին, այլևս աշխատել պետք չէ: Ուզեցին նույնիսկ Հիսուսին թագավոր դարձնել, որպեսզի հեշտանար իրենց կյանքը: Երբ Հիսուսը հասկացավ դա, փախավ նրանցից դեպի լեռը` միայնակ աղոթելու: Նրանք սկսեցին փնտրել Հիսուսին և չէին գտնում: Հետո վերադարձավ և նրանց հետ սկսեց խոսել հավիտենական կյանք տվող հացի մասին: Հետաքրքիր է, որ երբ սխալ ենք հասկանում Հիսուսին, կորցնում ենք Նրան, իսկ երբ ճիշտ ենք ընկալում, ստանում ենք հավիտենական կյանքի Խոսքը` այն Հացը, որ լցնում է մեր հոգիները: Մեր Տուրցխի հայ հավատացյալները, որ ապրում են այստեղ` Վինյովում, կյանքի դժվարին պարագաներում Հիսուսի նման լեռ են բարձրանում, ապավինում են բարձունքին, որ Եկեղեցին է, ուր խոր լռության մեջ թաքնված է Կյանքի Խոսքը, Աստծո Խորհուրդը, Աստծո մխիթարությունը, իրենց մութ պահերի բացատրությունը: Այսօր կատարում ենք այս գեղեցիկ եկեղեցու բացումը: Եկե՜ք միասին մտածենք. ի՞նչն է ավելի առաջ` քարե՞ եկեղեցին, թե՞ հոգու եկեղեցին, փորձե՜ք պատասխանել: Եթե քարե եկեղեցի կառուցենք, վստա՞հ եք, որ լցվելու են հավատացյալներով: Քանի՜ եկեղեցիներ են այսօր դատարկ: Որպեսզի դա չլինի, պետք է նախ կառուցել հոգու եկեղեցին, որը դուք արդեն արել եք: Վինյովի այս եկեղեցին Ռուսաստանի տարածքում կառուցված երկրորդ հայ կաթողիկէ եկեղեցին է: Հազվադեպ է պատահում այսպես, որ ամբողջությամբ տեղի համայնքի ուժերով մի եկեղեցի կառուցվի` առանց դրսից գումար բերելու: Ուրեմն, երբ հոգու եկեղեցին կառուցվում է քարե եկեղեցուց առաջ, ապա այն կմնա միշտ և բազում պտուղ կտա: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հավատացյալ նվիրատու զավակներին` մեծից մինչև փոքրին, ինչպես նաև` բոլոր այն անձանց, ովքեր իրենց համեստ գործերով և ծառայությամբ հավատարմորեն նվիրված են Եկեղեցուն և պայծառացնում են այն: Կուզեմ շնորհակալություն հայտնել նաև բոլոր այն քահանաներին, ովքեր ջանադրությամբ աշխատել են ձեզ համար` մկրտելով ձեր զավակներին, պատրաստելով և մոտեցնելով առաջին Սուրբ Հաղորդությանը` հավիտենական Կյանքի Աղբյուրին: Շնորհակալություն եմ հայտնում են նաև Ռուսաստանում Պապական Նվիրակին, Ռուսաստանի կաթողիկէ եպիսկոպոսների խորհրդի նախագահ Արհիապատիվ Տեր Պաոլո Պեցցիին: Շնորհակալություն նաև այն անձանց, ովքեր ամեն բան արեցին, որ Վինյովի հայ կաթողիկէ ժողովրդապետությունը Ռուսաստանում ստանա օրինական գրանցում: Շնորհակալություն, անշուշտ, նաև մեծ ռուս ազգին, որ մեզ գրկաբաց ընդունել է իր հողի վրա, պաշտոնական կարգավիճակ է շնորհում իր հայրենիքում: Աստված առատորեն թող օրհնի և պահպանի այս հյուրընկալ ազգին և մեր ողջ հայ կաթողիկէ համայնքին, որ ապրում է այս մեծ երկրում: Դուք շատ ուժեղ եք ձեր նկարագրով և հավատքով, միշտ պահե՜ք ձեր օրինապաշտ, աշխատավոր և քրիստոնեական դեմքը»:

     

    Սուրբ Պատարագից հետո Հ. Վլադիմիր Կաբակն ընթերցեց Ռուսաստանում Պապական Նվիրակ Ջովաննի Դ’Անյելոի շնորհավորական նամակը` ուղղված Վինյովի հայ կաթողիկէ համայնքին, որում Նվիրակը ներողություն էր հայցում իր բացակայության համար և հայտնում իր ուրախությունը` նոր եկեղեցու օծման առիթով.

     

    «Այս լուսավոր և շնորհալի օրը հայ համայնքը նվիրագործում է նոր եկեղեցի, որի օծմամբ դուք ոչ միայն կյանք եք տալիս տաճարին, այլև այն դարձնում ենք ձեր համայնքի հոգևոր կյանքի կենտրոնը: Այստեղ դուք կատարելու եք Սուրբ Խորհուրդները, այստեղ հնչելու են ձեր հնագույն ծիսական մեղեդիները, այստեղ նոր սերունդները սովորելու են իրենց հայրերի հավատքի լեզուն, բեկյալ սրտերն այստեղ կգտնեն մխիթարություն, չորացած հոգիներն այստեղ կգտնեն կենդանի ջրի աղբյուր, այստեղ Ավետարանի լույսը կլուսավորի յուրաքանչյուր մարդու, ով այստեղ կգա աղոթելու… Թող այստեղ բալասան գտնեն ձեր վերքերը, թող սա լինի մի վայր, որտեղ տարբերությունները հաստացնում են և չեն բաժանում… Թող այս տաճարը դառնա Արարատ լեռան վրա կանգ առած Նոյան Տապանը` նոր հույսի նշան, նորացված կյանքի հռչակում, մի վայր, որտեղ Աստված ուխտ է կնքում Իր ժողովրդի հետ: Թող Սուրբ Կույս Մարիամը և Սուրբ Գևորգը բարեխոս լինեն ձեր համայնքի համար` մոտենալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսին»:

     

    Վինյովի Սուրբ Գևորգ հայ կաթողիկէ եկեղեցու կառուցման աշխատանքները սկսվեցին դեռևս 2015-ին և ավարտվեցին 2025-ին` ամբողջությամբ համայնքի բարերարների դրամական նվիրատվություններով, ինչը վկայում է նրանց մեծ հավատքի և նվիրման մասին: Ամբողջ Վինյով համայնքը` բոլոր հավատացյալներն իրենց ներդրումներն ունեցել են եկեղեցու կառուցման և բարեզարդման աշխատանքներում, իսկ մեծ նվիրատվություններ արել են հատկապես հետևյալ բարերարները` Ժյուլ Ավետիսյան, Հովսեփ Կարախանյան, լուսահոգի Պետրե Օքրոյան, Պողոս Օքրոյան, Արսեն Ալբերտյան, Համլետ Խիթարյան, Մասիս Սիմոնյան և Պողոս Օհանջանյան:

     

    Վինյովի հայ կաթողիկէ համայնքն ունի մոտ հինգ հարյուր անդամ, ովքեր Վինյով են գաղթել հիմնականում Ջավախքի Տուրցխ գյուղից: Նորակառույց եկեղեցու առաջին հարկում կառուցված է նաև ժողովրդապետական կենտրոն, որտեղ կահավորումից հետո գործելու են հովվական գրասենյակներ, որոնք ծառայելու են կրոնուսուցման, երիտասարդական միության և այլ հովվական միությունների գործունեության համար:

     

    Աղոթե՜նք Վինյով համայնքի հոգևոր առաջընթացի և սրբության համար, որի պատմական մեկ հանգրվանը եղավ Սուրբ Գևորգ եկեղեցու կառուցումը և նվիրագործումը:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
    23 դեկտեմբերի, 2025թ.

     

Օրացույց

Օրացույց