• ՆՈՐ ԱՆՎԱՆՈՒՄ․ Առաջնորդության Դիվանապետ

    Անվանում Դիվանապետի


    Արհ․ Տ․ Գևորգ Արքեպս․ Նորատունկյանի 2025թ․ դեկտեմբերի 18-ի վճռագրով Տ․ Հովսեփ Քհն․ Գալստյանը նշանակվել է Առաջնորդության Դիվանապետ։

     

    Վճռագրի տեքստը

     

    ԱՆՎԱՆՈՒՄ ԴԻՎԱՆԱՊԵՏԻ

     

    Առաջնորդվելով Արևելյան Կաթողիկէ Եկեղեցիների Կանոնագրքի (այսուհետ` ԱԵԿ) 252-254 կանոններով և հիմք ընդունելով Առաջնորդության Դիվանի կարիքները, մասնավորապես, պաշտոնական փաստաթղթերի, ներառյալ դրամաշնորհային ծրագրային փաստաթղթերի, հաշվետվությունների և Առաջնորդության նամակագրության վարումը և արխիվացումը,
    Վճռեցի
    Տ. Հովսեփ (անձնագրի անունով` Լևոն) Քհն. Գալստյանին անվանել Առաջնորդությանս Դիվանապետ-նոտար` միաժամանակ պահպանելով նրա` Աշոցքի հինգ համայնքների ժողովրդապետի պաշտոնը։
    Դիվանապետ-նոտարն իր աշխատանքում պարտավորվում է առաջնորդվել ԱԵԿ կանոններով և Առաջնորդի կողմից տրված մասնահատուկ պարտականություններով և հանձնարարականներով:

     

    ✠ ԳԷՈՐԳ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ
    Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Սեբաստիոյ Հայոց
    Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի
    եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց

     

    Հավելված 1
    Դիվանապետի և նոտարի պաշտոնները և պարտականությունները` ըստ ԱԵԿ Կանոնների

     

    Կանոն 252․ §1. Թեմական դիվանում պետք է նշանակվի դիվանապետ, ով պետք է լինի քահանա կամ սարկավագ, և ում հիմնական պարտականությունը, եթե այլ բան նախատեսված չէ մասնահատուկ օրենքով, պետք է լինի հետևելը, որպեսզի դիվանի որոշումները հավաքվեն, կարգավորվեն և պահպանվեն թեմական դիվանի արխիվում։
    §2․ Անհրաժեշտության դեպքում դիվանապետին կարող է տրվել օգնական՝ փոխդիվանապետի տիտղոսով։
    §3․ Դիվանապետը և փոխդիվանապետը օրինական կերպով թեմական դիվանի նոտարներն են։
    Կանոն 253․ §1. Դիվանապետից բացի կարող են նշանակվել նաև այլ նոտարներ, որոնց ստորագրություններով հաստատվում են տարբեր որոշումների, միայն իրավական ակտերի կամ միայն որոշակի տեսակի ակտերի, գործարքների ոչ կեղծ լինելը։
    §2․ Նոտարները պետք է ունենան լավ նկարագիր և լինեն անբասիր․ այն պարագայում, երբ որևէ հոգևորականի հեղինակությունը կարող է կասկածի տակ դրվել, ապա նոտարը պետք է լինի քահանա։

    Կանոն 254․ Նոտարի պարտականությունն է․
    1․ կազմել ակտերն ու փաստաթղթերը, որոնք վերաբերվում են որոշումներին, կարգադրություններին, պարտավորություններին կամ այլ հանձնարարականներին, որոնք պահանջվում են նրանցից,
    2. հավատարմորեն գրի առնել այն ամենը, ինչ կատարվում է, և ստորագրել այդ իրողությունների մասին արձանագրությունները` նշելով վայրը, օրը, ամիսը և տարին:
    3. պատշաճ կերպով հետևելով բոլոր պահանջներին` մատակարարել ակտեր կամ փաստաթղթեր` նրանց, ովքեր օրինական կերպով պահանջում են դրանք և հայտարարություն անել բնօրինակների հետ պատճեների համապատասխանության վերաբերյալ:
    Կանոն 255. Դիվանապետը կամ մյուս նոտարներն իրենց պաշտոններից կարող են ազատորեն հեռացվել թեմական եպիսկոպոսի կողմից, բայց ոչ` թեմական կառավարչի կողմից, եթե դա թեմական խորհրդականների համաձայնությամբ չէ:
    Կանոն 256. §1. Թեմական եպիսկոպոսը պետք է անվտանգ տեղում հաստատի թեմական դիվանի արխիվը, որտեղ պետք է պահպանվեն թեմական գործերին վերաբերվող փաստաթղթերը:
    §2. Հարկավոր է կազմել թեմական դիվանում պահվող բոլոր փաստաթղթերի գույքագրումը` յուրաքանչյուր փաստաթղթի մասին համառոտ նկարագրությամբ:
    Կանոն 258. Չի կարելի թեմական դիվանի արխիվից արտահանել փաստաթղթեր, եթե ոչ միայն կարճ ժամանակով և միայն թեմական եպիսկոպոսի թույլտվությամբ կամ Ընդհանուր Փոխանորդի և Դիվանապետի միասնական թույլտվությամբ:

     

    Հավելված 2
    Առաջնորդության Դիվանապետ-նոտարի այլ պարտականությունները` ըստ Առաջնորդի հանձնարարականների
    1. Առաջնորդի հանձնարարությամբ և նրա հետ համաձայնեցնելով կազմել Առաջնորդության և ժողովրապետություններին հովվական առաքելության հետ առնչվող դրամաշնորհային ծրագրերը, հետևել դրանք իրագործման ընթացքին, պահանջել, հավաքել և պահպանել դրանց հետ կապված բոլոր փաստաթղթերը` նաև ֆինանսական, կազմել ծրագրային հաշվետվությունները և վարել նամակագրությունը գործընկեր կազմակերպությունների հետ:
    2. Իրականացնել Առաջնորդության տպագրությունների տեքստերի կազմությունը և աջակցել տպագրությանը` Առաջնորդի, ինչպես նաև Առաջնորդության ծիսական և տպագրության հարցերով պատասխանատուների համաձայնությամբ և արտոնությամբ:
    3. Կատարել Առաջնորդ հոր այլ հանձնարարականներ, որոնք առնչվում են փաստաթղթերի վարմանը:

     

     

Օրացույց

Օրացույց