• Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը հովվական շրջագայություն կատարեց Ռուսաստանի համայնքներում

    Տոն Աստվածահայտնության, վա՞խ, թե՞ ուրախություն


    2026թ. հունվարի 4-8-ը Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը հովվական այցելություններ կատարեց Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքներ: Հունվարի 4-ին կիրակնօրյա Սուրբ Պատարագ մատուցեց Սոչիի հավատացյալ համայնքի համար, հունվարի 5-ին՝ Աստվածահայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը մատուցեց և Ջրօրհնեքի կարգը կատարեց Տուապսեում, հունվարի 6-ի Աստվածահայտնության տոնական Պատարագը մատուցեց Մոսկվայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկէ համայնքում, Ջրօրհնեքի արարողությամբ, հունվարի 7-ին պատարագել է Վինյովի նորակառույց Սուրբ Գևորգ եկեղեցում, իսկ հունվարի 8-ին՝ Բրյանսկում:

     

    Մոսկվայում մատուցված Սուրբ Պատարագի ժամանակ Սրբազանն իր հայրական քարոզում սիրով հրավիրեց խորհրդածել նախ Հովհաննես Մկրտչի ծննդյան մասին, որի ավետումը հրեշտակի միջոցով տրվեց նրա հորը՝ Զաքարիային, որ ծեր էր և այլևս երեխա ունենալ չէր կարող, ինչպես կարծում էին: Սրբազանը հրավիրեց ուշադրություն դարձնել այդ չսպասված, անակնկալ լուրի, անսպասելի ուրախության վրա.

     

    «Նույն կերպ չսպասված ուրախություն էր նաև Մարիամի համար, երբ Գաբրիելը նրան ավետեց Հիսուսի՝ Էմմանուելի ծննդյան մասին: Մենք ուրախանում ենք այս տոնին՝ հիշելով այդ ավետարանական իրադարձությունները, բայց ուրիշները զարմանում են, թե ինչ ուրախանալու բան կա, երբ այդ ժամանակ Մարիամը վախեցած էր, Զաքարիան վախեցած էր, Հովսեփը վախեցած էր: Հրեշտակը հանդարտեցրեց Մարիամին և Հովսեփին՝ ասելով, թե հղացվածը Սուրբ Հոգուց է: Հիսուսը ծնվեց աղքատագույն պայմաններում, արհամարհված մարդկության կողմից, իսկ մենք ուրախանում ենք Նրա ծննդյամբ: Երբ արևելքից մոգերը եկան երկրպագելու Հիսուսին, Երուսաղեմի բնակիչները վախեցան, որովհետև չարամիտ Հերովդեսը խանդով ընդունեց այդ բարի լուրը, մի մարդ, որ իր հարազատ զավակներին էր սպանել, որպեսզի պահի իր գահը: Այս սարսափելի պայմաններում ծնվեց Հիսուսը, իսկ մենք ուրախանում ենք այսօր: Սա մի խորին խորհուրդ է, որը հասկանալու համար պետք է մտովի ներթափանցենք խորքի մեջ: Այսօր մենք ինքներս մեզ պետք է հարց տանք, թե վախո՞վ ենք ընդունում Հիսուսի Ծննդյան ավետիսը, և ինչպիսի՞ վախեր ունենք: Կարո՞ղ ենք մեր վախերից անցնել դեպի լիարժեք ուրախություն»:

     

    Սրբազանը հրավիրեց նաև խորհրդածել Հիսուսի Մկրտության մասին, որը տոնակատարում ենք Աստվածահայտնության տոնի հետ միասին.

     

    «Հիսուսի մկրտությունը առաջին հայացքից տարօրինակ է, անմեղը խնդրում է մկրտվել Հովհաննես Մկրտչի ձեռքով, սա չի ուզում թույլ տալ՝ ասելով, թե ի՛նքը պետք է մկրտվի Հիսուսի ձեռքով, բայց Տերը կանխում է նրան՝ խնդրելով կատարել «Աստծո ամեն արդարություն»: Այդպես անմեղը մկրտվեց և իր վրա վերցրեց աշխարհի մեղքը՝ սուզվելով Հորդանանի մեջ, որն իր մեջ էր կրում մարդկության մեղքը՝ խորհրդանշելով Խաչի վրա Հիսուսի ապագա զոհաբերությունը, որը պետք է կատարեր երեք տարի անց՝ մեզ դարձնելու համար Իր նման անմեղ»:

     

    Բրյանսկում Սրբազանը Հայրը առաջին անգամ էր: Պատարագի ժամանակ, որ մատուցեց Անխոնջ Օգնության Տիրամոր Հայ Կաթողիկէ Եկեղեցում, առընթերակայությամբ, Հ. Սեդրակ Վրդ. Խիթարյանի հետ միասին ներկա էր նաև տեղի լատինածես կաթողիկէ համայնքի հովիվ Հայր Ալեքսանդրը, ով շնորհակալություն և ուրախություն հայտնեց Սրբազան Հորը՝ անդրանիկ հովվական այցելության առիթով և ասաց. «Սա մեզ համար մեծ իրադարձություն է, որ մենք կհիշենք միշտ»:

     

    Առաջորդ Հայրը աղոթական արարողություններից հետո հանդիպել է համայնքների հավատացյալ ժողովրդին, այցելել նաև մի քանի ընտանիքների, ջերմ զրուցել՝ վստահեցնելով իր՝ որպես հոր և հովվի, մտերմությունը, սրտակցությունը յուրաքանչյուր հավատացյալին:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    8 հունվարի, 2026թ.

     

       

Օրացույց

Օրացույց