Պաշտամունքային արարողութիւնների համար պատշաճ պայմանների ապահովումը անհրաժեշտութիւն է
Արեւիկի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղադրուել է ջեռուցման համակարգ: Աշխատանքները ֆինանսաւորուել են ԱՄՆ Կաթողիկէ եպիսկոպոսների խորհրդի կողմից՝ Հայկական Կարիտասի ծրագրով: Արեւիկի եկեղեցու ջեռուցման համակարգի արժեքը մօտ 2,5 մլն.դրամ է: Տեղադրուել է ջեռուցման կաթսա եւ Fan Coil կոչուող համակարգը, որն աշխատում է գազով եւ էլեկտրականութեամբ: Ջեռուցիչի այս տեսակը լայնօրէն օգտագործւում է եվրոպական երկրներում՝ կրթական, սպորտային եւ այլ հանրային հաստատութիւնների ջեռուցման համար: Հարմար է շահագործման համար եւ արդիւնաւետ՝ ծախսային առումով: Հաշուի առնելով տարածաշրջանի ցուրտ կլիման՝ այս տարին կլինի փորձնական՝ համոզուելու համար՝ արդեօք այս համակարգը պատշաճ է տեղի կլիմային, թէ ոչ: Այդ համակարգից կտեղադրուի նաեւ Ազատանի եւ Լանջիկի եկեղեցիներում:
Ջեռուցման համակարգերի տեղադրման անհրաժեշտութիւն կա Շիրակի մարզի եւ Տաշիրի տարածաշրջանի հայ կաթողիկէ եկեղեցիների մեծ մասում՝ յատկապէս Տաշիրում եւ Աշոցքի տարածաշաշրջանում, որտեղ ձմռանը մարզի հարաւային եւ կենտրոնական համայնքներից միջինը 5 աստիճանով աւելի ցուրտ է լինում, եկեղեցիներում շատ դժուար է մեկ ժամից աւելի աղօթելը եւ ծիսակատարութեան մասնակցելը: Իսկ եղած էլեկտրական ջեռուցիչները խնդրի լուծում չեն: Այս դժուարութիւնները ի նկատի ունենալով՝ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը մտադիր է աստիճանաբար ջեռուցման համակարգով ապահովել բոլոր եկեղեցիները:
Տաշիրի Սբ. Աստուածածին եկեղեցում եւս մի քանի օր առաջ տեղադրուել է ջեռուցման համակարգ՝ լոկալ ջեռուցման մարտկոցներ՝ տաշիրցի ռուսաստանաբնակ բարերար Էդուարդ Սուքիասեանի նվիրատւութեամբ, մօտ 2մլն. դրամ արժողութեամբ: Եկեղեցին բնական գազով ապահովելու մոնտաժման աշխատանքները ֆինանսաւորել է Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը: Նուիրատւութիւնները կատարուել են Տաշիրի ժողովրդապետ. Հ. Ներսես Վրդ. Գալստեանի խնդրանքով: