Երիտասարդների նախաձեռնությունը՝ օժանդակելու գյուղի եկեղեցու նորոգությանը
Գերհ. Հ. Գառնիկ Ծ.Վ. Հովսեփյանի նախաձեռնությամբ սկսվել է Փանիկի Սուրբ Աստվածամայր Եկեղեցու վերանորոգումը: Եկեղեցին կառուցված է 1846թ.՝ ծնունդով փանիկցի Տեր Պետրոս քահանա Նահապետյանի նախաձեռնությամբ և գյուղի բնակչության մասնակցությամբ: Եկեղեցին վերանորոգվել է երկու անգամ.նախ՝ 1968-71թթ. նույն նահապետյանների տոհմից՝ ուսուցիչ Պետրոս Նահապետյանի կազմակերպած հանգանակություններով՝ գյուղացիների միջոցներով, իսկ շինարարությունը կազմակերպել է բնակիչներից Սահակ Սալնազարյանը: Երկրորդ անգամ եկեղեցին նորոգվեց 1991թ.՝ Հ. Կոմիտաս Ծ.Վրդ. Մանուկյանի ջանքերով, ով վերականգնեց Եկեղեցու նախկին տեսքը, այլ շինություններից մաքրեց եկեղեցու տարածքը: Անցյալ 26 տարիների ընթացքում եղել են կոսմետիկ նորոգումներ, ներքին հարդարումներ, բայց եկեղեցին արդեն ամբողջական նորոգման կարիք ուներ, ինչը և որոշեց սկսել Հ. Գառնիկ Ծ.Վրդ. Հովսեփյանը: Իր նպատակն իրականացնելու նամար նա վերջերս հանդես եկավ հանգանակության մասին հայտարարությամբ:
Շարունակելով գյուղի հոգևոր միասնականության և եկեղեցասիրության ավանդույթը՝ Եկեղեցին նորոգելու գործում վարդապետին մենակ չթողեցին գյուղի բնակիչները և, մանավանդ, երիտասարդական միությունը և եկեղեցու երգչախումբը: Դեռ միայն յոթ երիտասարդ աղջիկներից բաղկացած երգչախումբը որոշել է հանդես գալ բարեգործական համերգներով, որոնց հասույթը տրամադրելու են Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարությանը: Առաջին համերգը տեղի ունեցավ 2017թ. օգոստոսի 10-ին Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից երիտասարդական լսարանի շենքի դահլիճում:
Երգչախմբի անդամ Սեդա քալաշյան.
-Սկզբից շատ լարված էինք, քանակով քիչ էինք, 7 հոգի և մտածեցինք՝ դժվար ինչ որ բան ստացվի, բայց երբ համերգը տվեցինք, շատ լավ էր, գոհ ենք:
Տաթև Նազարյան.
-Ես առաջարկեցի այդ միտքը, հետո ընկերներով որոշեցինք, որ հաստատ դա պետք է իրականացնենք, սկսեցին երգերի փորձերը ամեն օր ու վերջում եղավ շատ լավ բան:
Աննա Մաքեյան.
-Ներկայումս համայնքի կարևորագույն խնդիրը եկեղեցու շինարարությունն է: Մենք՝ որպես երիտասարդներ, փորձում ենք միշտ աջակցել և մեր լուման ունենալ: Մենք՝ որպես կենդանի հիմնասյւոներ, միշտ կանգնած ենք Եկեղեցու կողքին և մենք պետք է միշտ լինենք օրինակ՝ մատաղ սերնդի համար:
Դպրոցի Տնօրեն Հովհաննես Կարապետյան.
-Ես կցանկանայի, որ այս փոքրիկ ներդրումներին միանան մեր մյուս փանիկցիները, ովքեր գյուղում չեն, այս բարեգործական ձեռնարկը կատարվեր նաև սփյուռքում, Իտալիայում, եվրոպական այլ երկրներում, հովանավորեին այս փոքրիկ երգչախմբին, որպեսզի դառնան մեր բոլորի հպարտությունը:
Հ. Գառնիկ Ծ.Վ. Հովսեփյան.
Սուրբ Օգոստինոսն ասում է.«Ով երգում է, կրկնակի է աղոթում»: Մեր երգչախմբի հետ կրկնապատիկ աղոթեցինք, որ մեր եկեղեցու վերանորոգումը ավարտին հասցվի: Ես վստահում եմ աստվածային նախախնամությանը: