• Ուրախ եղե´ք…Տերը մոտ է

    Տերը գալիս է, նա գալիս է մեր կյանք` որպես ազատագրիչ, որպեսզի ազատի մեզ բոլոր ներքին և արտաքին ստրկություններից:


    Ներկայացնում ենք Սրբազան Քահանայապետի դեկտեմբերի 11-ի կիրակնօրյա քարոզը:

     

    Բարի՛ առավոտ սիրելի՛ եղբայրներ ու քույրեր:

     

    Այսօր մենք տոնում ենք Հիսնակաց շրջանի երրորդ կիրակին, որը նշանտավորվեց Սբ. Պողոսի կոչով. «Միշտ ուրա՛խ եղէք Տիրոջով, դարձեալ եմ ասում՝ ուրա՛խ եղէք։ Թո՛ղ ձեր հեզութիւնը յայտնի լինի բոլոր մարդկանց։ Տէրը մօտ է» (Փիլ. 4:4-5)։ Սա մակերեսային կամ զգացմունքային ուրախություն չէ, որն Առաքյալը հորդորում է մեզ: Ոչ էլ` աշխարիկ կամ սպառողական ուրախություն։ Սա ավելի անկեղծ ուրախություն է. մենք կոչված ենք վերաբացահայտելու այս ուրախության համը, ճշմարիտ ուրախության համը: Սա մի ուրախություն է, որը հասնում է մեր էության խորքերը, քանի որ մենք սպասում ենք Հիսուսին, Ով արդեն եկել է, որպեսզի աշխարհին փրկություն բերի, բերի իր խոստացած Մեսիային, ով ծնվել է Բեթղեհեմում, Կույս Մարիամից:

     

    Ընթերցված հատվածը տալիս է մեզ մի պատշաճ համատեքստ, որպեսզի հասկանանք ու ապրենք այս ուրախությունը:

     

    Եսային խոսում է անապատի, չորացած հողերի ու տափաստանների մասին: Մարգարեն իր առջև ունի տկար ձեռքեր, թույլ ծնկներ, վախեցած սրտեր, կույրեր և խուլ ու համրեր: Սա մի ամայացած իրավիճակի նկարագիր է, անողոք մի կետ, երբ Աստված բացակայում է:

     

    Սակայն, վերջապես փրկությունը հռչակվեց. «Եղե՛ք ուժեղ, մի՛ վախեցեք». ասում է մարգարեն: Այստեղ է ձեր Աստվածը, Նա գալիս է ձեզ փրկելու: Եվ ամեն ինչ անմիջապես փոխվում է. անապատը ծաղկում է, ուրախությունն ու երջանկությունը լցնում է սրտերը: Այս նշանների մասին հայտարարել է Եսային, քանի որ փրկության արդեն ներկա հայտնությունները իրագործվում են Հիսուսի միջոցով:

     

    Նա Ինքն է հաստատում այս ամենը՝ պատասխանելով Հովհաննես Մկրտչի ուղարկած բանբերներին: Ի՞նչ է Հիսուս ասում բանբերներին: «Կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրւում, խուլերը՝ լսում, մեռելները՝ յառնում» (Մտթ. 11:5): Սրանք պարզապես խոսքեր չեն, սրանք փաստերն են այն բանի, թե ինչպես է Հիսուս՝ ամուր բռնելով յուրաքանչյուր մարդկային էակի ու նրան վերականգնելով, բերել փրկությունը: Աստված մտել է պատմության մեջ, որպեսզի ազատի մեզ մեղքի ստրկությունից, Նա ապրում է մեր մեջ, որպեսզի կիսի մեր գոյությունը, բժշկի մեր սպիները, բուժի մեր վերքերը և մեզ նոր կյանք տա: Ուրախությունն այս փրկության միջամտության պտուղն է և Աստծո սերը:

     

    Մենք կոչված ենք մասնակցելու այս ուրախ տրամադրությանը, այս ցնծությանը, այս ուրախությանը: Այն քրիստոնյան, ով ուրախ չէ, նրա մեջ ինչ-որ բան բացակայում է, կամ էլ նա քրիստոնյա չէ: Սրտի ուրախություն է դա, ներքին ուրախությունը, որը մեզ առաջ է մղում և քաջություն է տալիս մեզ: Տերը գալիս է, նա գալիս է մեր կյանք` որպես ազատագրիչ, որպեսզի ազատի մեզ բոլոր ներքին և արտաքին ստրկություններից: Նա այն միակն է, Ով մեզ ցույց է տալիս հավատարմության, համբերության, ու հաստատակամության ուղին, քանի որ Նրա ժամանման ժամանակ մեր ուրախությունն ամբողջական կլինի:

     

    Սուրբ Ծնունդը մոտ է: Դրա գալստյան նշանները տեսանելի են փողոցներում ու մեր տներում: Նաև այստեղ` հրապարակում, ծննդյան տոնի պատկեր է տեղադրվել և դրա կողքին էլ՝ ծառը: Այս արտաքին նշանները կոչ են անում մեզ ընդունել Տիրոջն, Ով միշտ գալիս է և թակում մեր դռները, Նա կոչ է անում մոտենալ: Նա կոչ է անում մեզ ճանաչել Իր քայլերը` մեր այն եղբայրների ու քույրերի մեջ, ովքեր անցնում են մեր կողքով, հատկապես ամենաթույլերն ու ամենակարիքավորները:

     

    Այսօր, մեզ կոչ է արված ուրախ լինել մեր Փրկչի ժամանմանն ընդառաջ, մենք կոչված ենք կիսելու այդ ուրախությունն ուրիշների հետ՝ մխիթարություն ու հույս տալով աղքատներին, հիվանդներին, միայնակ մարդկանց ու դժբախտներին:

     

    Թո՛ղ Կույս Մարիամը՝ «Տիրոջ աղախինն» օգնի մեզ լսելու Աստծո ձայնն աղոթքի միջոցով և կարեկցանքով ծառայելու Նրան՝ մեր եղբայրների միջոցով, որպեսզի Սուրբ Ծննդին ընդառաջ` պատրաստենք մեր սրտերը` ողջունելու Հիսուսին:

     

    Թարգմանեց` Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց