• Սրբազան Քահանայապետի աղոթքն Անարատ Հղություն Սուրբ Կույսի արձանի առջև

    Մայր, աղոթիր մեզ համար։


     

    Դեկտեմբերի 8-ին՝ Կույս Մարիամի Անարատ Հղության Տոնին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ժամանեց Հռոմի հայտնի կենտրոնական հրապարակ` Պիացա դի Սպանյա, ողջունեց ամբոխին, ծերերին ու հիվանդներին և աղոթեց Մարիամի արձանի առաջ:

    Մինչ Վատիկան վերադառնալը Սրբազան Քահանայապետն այցելեց Սբ. Մարիամի տաճար` աղոթելու Աստվածածնի Սալուս Պոպուլի Ռոմանի (Salus Populi Romani) պատկերի առջև, ինչպես որ միշտ Քահանայապետն արել էր այս տոնակատարության ժամանակ:

     

    Ներկայացնում ենք Սրբազան Քահանայապետի՝ Պիազա դի Սպանյա հրապարակում Անարատ Հղության ուղղված աղոթքը:

     

    Ո՜վ Մարիամ, մեր Անարատ Մա´յր, Քո տոնին ընդառաջ եկել եմ Քեզ մոտ և ես մենակ չեմ, ինձ հետ բերել եմ նրանց, ում Քո Որդին վստահել է ինձ Հռոմ քաղաքում, և ամբողջ աշխարհում, որպեսզի Դու օրհնես նրանց և պաշտպանես վտանգներից:

     

    Մա՛յր, ես ինձ հետ բերել եմ երեխաներին, հատկապես նրանց, ովքեր միայնակ են ու լքված, և այդ պատճառով էլ նրանք խաբված ու շահագործված են: Մա՛յր, ես Քեզ մոտ եմ բերել այն ընտանիքներին, ովքեր իրենց ամենօրյա թաքուն հանձնառությամբ խթանում են կյանքն ու հասարակությունը, հատկապես այն ընտանիքները, որոնք ավելի շատ ջանք են գործադրում՝ բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրների պատճառով:

     

    Մա՛յր, ես Քեզ մոտ եմ բերել բոլոր աշխատավորներին։ Ես ամենից շատ վստահում եմ Քեզ նրանց, ովքեր, անհրաժեշտությունից դրդված, ջանում են զբաղվել իրենց համապատասխան աշխատանքով և նրանց, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը, կամ չեն կարող աշխատատեղ գտնել:

     

    Մենք Քո անարատ հայացքի կարիքն ենք զգում, որպեսզի վերաբացահայտենք մեր կարողությունները՝ մարդկանց ու իրերին վերաբերվելու հարգանքով ու երախտագիտությամբ, առանց եսասիրական շահերի ու կեղծավորության: Մենք Քո անարատ սրտի կարիքն ունենք, որպեսզի սիրենք անշահախնդիր կերպով, առանց երկրորդական շահերի, այլ ավելի շատ ձգտելով մյուսների բարօրությանը, պարզությամբ ու անկեղծությամբ՝ հրաժարվելով դիմակներից ու հնարքներից: Մենք Քո անարատ ձեռքերի կարիքն ունենք, որպեսզի քնքշորեն փաղաքշենք, Հիսուսի մարմնին դիպչենք աղքատի, հիվանդի, արհամարհված եղբայրների մեջ, որպեսզի բարձրացնենք նրանց, ովքեր ընկել են և աջակցենք նրանց, ովքեր վարանում են: Մենք Քո անարատ ոտքերի կարիքն ունենք, որպեսզի քայլենք այն մարդկանց ճանապարհով, ովքեր կորուսյալներ են, գտնենք այն մարդկանց, ովքեր միայնակ են:

    Ո՜վ Մայր, մենք երախտապարտ ենք Քեզ, քանի որ Դու ցույց ես տալիս ինքդ քեզ՝ զերծ ամեն մի մեղքից, Դու մեզ հիշեցնում ես, որ ամենից առաջ այստեղ է Աստծո շնորհը, այստեղ է Հիսուս Քրիստոսի սերը, Ով Իր կյանքը տվեց մեզ համար, այստեղ է Սուրբ Հոգու ուժը, որը վերափոխում է մեզ:

     

    Եկե՛ք չընկրկենք հիասթափության առջև, այլ, հույսը դնելով Քո մշտական օգնության վրա, պարտավորվենք խորապես փոխել ինքներս մեզ, այս քաղաքն ու ամբողջ աշխարհը: Սուրբ Աստվածածին աղոթի՛ր մեզ համար:

     

    Թարգմանեց` Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց