• Քրիստոնեությունը ժամանցային կրոն չէ.Քահանայապետն`ընդդեմ մակերեսային կրոնասիրության

    Մի ձգտեք հրավառություններ տեսնել։


    Սրբազան Քահանայապետը 2016թ. նոյեմբերի 10-ին քարոզել է ընդդեմ <<ժամանցային>> կրոնասիրության գայթակղության, որն անընդհատ ձգտում է նորույթների ու բացահայտումների։ Քահանայապետն այդպիսի կրոնասիրությունը համեմատում է  հրավառության հետ, որը կարճատև պայծառություն է ապահովում՝ մինչև հանգելը: Քահանայապետն այս մասին խոսել է նոյեմբերի 10-ին Սբ. Մարթայի տաճարում, Սբ. Պատարագի ժամանակ:

     

    Քահանայապետի խորհրդածությունների համար հիմք է դարձել օրվա ավետարանական հատվածում Հիսուսի` փարիսեցիների հարցին տված պատասխանը, թե երբ է գալու Տիրոջ Թագավորությունը։ Հիսուս պատասխանում է, թե քրիստոնյաները պետք է պահեն իրենց հույսը` Աստծո թագավորության լրմանը սպասելիս: Հիշեցնելով, որ Հիսուս ասում է փարիսեցիներին. «Աստծո թագավորությունը ձեր մեջ է», Սրբազան Քահանայապետն այն համեմատեց մի փոքր սերմի հետ, որը ցանում են և ժամանակի ընթացքում այն ինքնուրույն աճում է: Նա բացատրել է, որ Աստված օգնում է աճել այս սերմին, սակայն, առանց դրա վրա ուշադրություն հրավիրելու:

     

    «Տիրոջ Թագավորությունը «ժամանցային» կրոն չէ, որը միշտ ձգտում է որոնել նորություններ, բացահայտումներ և ուղերձներ: Աստված խոսեց Հիսուս Քրիստոսի միջոցով: Սա Աստծո վերջին խոսքն է: Ժամանցային կրոնասիրությունը նման է հրավառությանը, որը մի պահ լուսավորում է, բայց հետո, ի՞նչ է թողնում իրենից հետո: Ոչինչ: Ոչ մի աճ, ոչ մի լույս, ոչինչ. միայն մի ակնթարթ: Եվ շատ անգամ, մենք տարվում ենք այս ժամանցային կրոնով, երբ ձգտում ենք որոնել այնպիսի բաներ, որոնք օտար են Աստծո Թագավորության հայտնությանն ու խոնարհությանը, որը մեր մեջ է և որն աճում է:
    Եվ սա հույս չէ, սա ցանկություն է՝ ձեռքներումդ ինչ-որ բան ունենալու: Մեր փրկությունը գալիս է հույսից, այն մարդու հույսից, ով ցանում է սերմը, կամ այն կնոջ հույսից, ով հաց է պատրաստում՝ խառնելով թթխմորն ու ալյուրը. հույս, որն աճում է: Փոխարենը, այս արհեստական լուսավորությունը միայն մի պահ է տևում և ապա հանգում է, ինչպես՝ հրավառությունը: Դրանք տներ լուսավորելու համար չեն: Դա պարզապես շոու է»:

     

    Հարցնելով, թե ի՞նչ պետք է մենք անենք Աստծո Թագավորությանը սպասելիս, Քահանայապետն ասել է, որ մենք պետք է մեր հույսը պահենք ու փայփայենք:

     

    «Պահե´ք այն համբերատարությամբ: Համբերություն մեր գործում, մեր տառապանքներում: Պահե´նք հույսն այն մարդու նման, ով ցանեց սերմը և հոգ տարավ բույսի մասին` համոզված լինելով, որ դրա մոտ մոլախոտեր չկան և այն կարող է աճել: Փայփայե´նք մեր հույսը: Եվ մի հարց եմ ուզում ձեզ տալ. «Եթե Աստծո Թագավորությունը մեր մեջ է, եթե մեզանից յուրաքանչյուրն իր մեջ ունի այս սերմը, եթե մենք մեր մեջ ունենք Սուրբ Հոգի, ապա ինչպե՞ս փայփայել այն: Ինչպե՞ս տարբերել այն: Ինչպե՞ս լավ բույսը տարբերել մոլախոտից: Աստծո Թագավորությունն աճում է և ի՞նչ պետք է մենք անենք: Պետք է փայփայենք այն: Աճենք հույսի միջոցով ու փայփայենք այդ հույսը, քանի որ մենք այդ հույսով ենք փրկվել: Եվ հույսը փրկության պատմության թելն է, Աստծո հետ անպայման հանդիպելու մեր հույսը»:

     

    Ամփոփելով քարոզը` Քահանայապետն ասել է, թե ինչպես է Աստծո Թագավորությունը հույսի միջոցով դառնում հզոր:

     

    «Եկե´ք հարցնենք ինքներս մեզ. Ես հույս ունե՞մ: Կամ արդյո՞ք ես կարող եմ առաջ ընթանալ՝ առանց տարբերակելու լավը վատից, բույսը՝ մոլախոտից, լույսը, Սուրբ Հոգու խոնարհ լույսը՝ արհեստական լուսավորությունից: Եկե´ք ինքներս մեզ հարցնենք արդյո՞ք մենք հավատում ենք այն սերմին, որն աճում է մեր մեջ, և թե ինչպես ենք մենք պահպանում մեր հույսը: Աստծո Թագավորությունը մեր մեջ է, սակայն մենք պետք է հանգստի, գործի, տարբերակման միջոցով պահպանենք մեր հույսն Աստծո Թագավորության նկատմամբ, որն աճում է մինչև այն պահը, երբ Տերը կգա ու ամեն ինչ կվերափոխվի: Շատ կարճ ժամանակահատվածում։ Ամեն ինչ: Աշխարհը, մենք, ամեն ինչ: Եվ ինչպես Պողոսն է ասել Թեսաղոնիկեի քրիստոնյաներին. «մենք բոլորս միշտ պետք է Տիրոջ հետ լինենք»:

     

    Թարգմանեց` Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց