• Պահի՛ր լռություն, և լռությունը կպահի քեզ

    3-րդ խորհրդածություն Մեծ Պահոց, 2025թ.


    Մարթայի քույր Մարիամը Բեթանիայի իրենց տան մեջ հյուրընկալեց Տիրոջը, նստեց նրա ոտքերի մոտ և լռություն պահելով՝ լսում էր Նրան: Նա ընտրել էր լավագույն մասը, որը նրանից չպիտի վերցվեր, ինչպես բացատրեց Հիսուս Մարթային: Այս դրվագով ավարտեցինք երեկվա մեր խորհրդածությունը: Այսօր առաջարկում եմ մտածել լռության մասին՝ որպես բարոյական և գիտակցական պահքի մի կարևոր ճանապարհի, որով անցել են բոլոր սրբերը:

     

    Հիսուս ուղարկեց իր աշակերտներին աշխարհ՝ որպես միամիտ աղավնիների՝ պահելու մեկ միտք՝ ամեն ինչից առաջ՝ Աստված և ամեն ինչ՝ Աստծո համար: Այս մասին խորհեցինք նախորդ քարոզի մեջ: Այս միտքը՝ որպես մեր կյանքի իմաստ և նպատակ պահելու և ըստ այդմ մեր կյանքը կառուցելու համար հարկավոր է անընդհատ անդրադառնալ մեր «ներքին, հոգևոր մարդուն»՝ քննելու մեր հոգևոր վիճակը, մեր մեղքերն ու սխալները, մեր «ես»-ը, մեր հարաբերությունը Աստծո հետ: Այս ամենը պետք է անել հնարավորինս կատարյալ լռության մեջ: Այդ լռությունը պետք է կարողանանք հաստատել նախ մեր սրտերի մեջ. լռություն, որը պետք է մեզ առաջնորդի դեպի Քրիստոսի խաղաղությունը: Որպեսզի Քրիստոս մեզ պարգևի Իր աստվածային աներկրային, անանց խաղաղությունը պետք է մեր մեջ տեսնի սեփական «ես»-ի լռեցումը, Իրեն լսելու ցանկությունը: Անապատական հայրերից մեկն ասում էր. «Ո՜վ լռություն՝ սանդուղք դեպի երկինք»:

     

    Հիրավի, անապատական հայրերի, սրբերի համար ներքին լռությունը, ճգնարանը, խուցը հնարավորություն էր սրբության բարձունքներ մագլցելու, մտքով ու հոգով դեպի Երկինք թռչելու, աստվածային կյանքին հաղորդակցվելու նախաճաշակումն ունենալու:

     

    Նույն հայրերից Մովսեսը, որ մի նախկին ավազակապետ էր, երբ խնդրեցին մի խոսք ասել, պատասխանեց. «Գնա՛ փակվիր քո խցում և խուցը քեզ կսովորեցնի ամեն ինչ»: Սրբերը վստահ էին, որ լռության մեջ է, որ Աստված շնորհում է հեզության, խոնարհուրթյան, իմաստության առաքինությունները.

     

    «Ո՜վ լռություն՝ առաքինությունների մայր»:

     

    Սրբերը սովորեցնում էին, որ կրոնավորի գործը պետք է լինի ամեն ժամ սեփական մեղքերի համար լացելը, իսկ դա կարելի է անել միայն լռության մեջ, դրա համար էլ ասում է. «Ո՜վ լռություն` ապաշխարություն ընդունող, ո՜վ լռություն` մեղանչածների հայելի, որ ցույց ես տալիս մարդկանց իրենց գործերը: Ո՜վ լռություն, արցունքների և հառաչանքների նպաստացուցիչ, նվաստության տաղավար, ո՜վ լռություն, հոգու փայլեցուցիչ»:

     

    Զղջումը, արցունքները լվանում և փայլեցնում են մարդու հոգին և սիրտը, որովհետև Աստված շտապում է օգնության դեղը դնելու մեր բեկված սրտերի վրա, երբ ապավինում ենք նրան՝ սաղմոսերգուի պես. «Այս աղքատն աղոթեց Տիրոջը, և Տերը լսեց սրան, իր բոլոր նեղություններից փրկեց սրան»:

     

    Լռությունն Աստծո առաջ՝ աղոթքի մեջ, օգնում է ինքդ քեզ նայել Հիսուսի աչքերով, մանավանդ, երբ խաչելության առջև ես և դիտում ես Մարդու Որդու տառապանքը, որ քեզ համար է անձնապես: Հիսուս լուռումունջ է թվում, բայց խոսում է Իր տառապանքի ծոցից, Նրա խոցված Սուրբ Սիրտը Խաչի կենտրոնից աղաղակում է. «Ես սիրու՜մ եմ քեզ: Ես իմ խաղաղությու՜նն եմ տալիս քեզ: Ոչ այնպես ինչպես այս աշխարն է տալիս»: Երբ գիտակցում ես, որ Հիսուս սիրում է քեզ իր աստվածային, գերմարդկային սիրով, ներքին արտասուքներդ զսպելու, ամաչելու կարքի այլևս չունես, որովհետև կա Մեկը, ով քեզ հասկանում է ամբողջությամբ: Երբ նայում ես ինքդ քեզ՝ քեզ համար տառապած Հիսուսի հետ միասին, զգում ես, որ այլևս միայնակ չես, լռության մեջ զգում ես Հիսուսի խաչից հորդող ջերմությունը, քնքշությունը, սերը, հարազատությունը, հույսը, որը երբեք չի ամաչեցնում, ինչպես գրում է Պողոսը:

     

    Այսպես, լռության մեջ խոսում է Տերը՝ Իր խաչի բարձունքից, Սիրո բարձունքից, դեպի ուր ձգում է յուրաքանչյուրիս, ըստ իր խոսքի. «Երբ ես բարձրանամ երկրից, ամենքին դեպի ինձ կձգեմ», Հվհ. 12, 32: Այսպես, լռությունը, որի մեջ ամփոփվում ես, հանկարծ աստվածային տնօրինությամբ դառնում է հոգու վեհացման, դեպի երկնային բարձրունքները վերացման հնարավորություն, հոգևոր թռիչքի հնարավորություն, երկրային կենցաղում չտեսնված խաղաղության հնարավորություն: Այսպես, լռությունը ծնում է հրեշտակային մի նուրբ երաժշտություն, մի չլսված օրհներգություն, որ պարուրում է հոգիդ և միտքդ, որոնք անկեղծ արտասուքով զուլալված և նրբացած՝ պատրաստ են վայելելու այդ երաժշտությունը: Հրեշտակներն իջնում են ուղիղ սրտիդ և մտքիդ խորքը՝ պարգևելով ապահովության, վստահության, հույսի և խաղաղության վերերկրային մի իրականություն, որ առավել է քան մի միտք կամ զգացում: Դա հանդիպում է Հիսուսի հետ, դա գաղափարային էքստատիկ վիճակ չէ, դա զգացմունք չէ, այլ՝ իրականություն: Այսպես՝ լռության մեջ, դառնում ես մի սրբված բայց անարժան սկիհ՝ մի գավաթ, որի մեջ Քրիստոսի լցնում է առատորեն իր Սուրբ Հոգին: Լռության մեջ մնալը նշանակում է մնալ Աստծո ներկայության մեջ: Լռությունը օգնում է առավել լավ հասկանալ ինքդ քեզ, ճանաչել քեզ որպես Աստծո պատկեր կամ որպես հայելի, որի մեջ արտացոլվում է Աստծո պատկերը. արարած, որը ստեղծված է հավիտենության համար, բանականություն, որը ստեղծված է իր Արարչին ճանաչելու և օրհներգելու համար, ազատություն, որը ստեղծված է աստվածային ազատությամբ ապրելու և սիրելու համար:

     

    Այս իրականությանը պետք է վերադառնալ հաճախ՝ ամեն օր կամ օրական մի քանի անգամ, որովհետև այդտեղ՝ լռության մեջ, մենք վերագտնում եւ պահում ենք հետևյալ անխախտ ճշմարտությունները.

    -ես Աստծո զավակ եմ, ես ստեղծված եմ Աստծո հետ միասին ապրելու համար,

    -Հիսուս մեզ վերադարձնում է որդիության իրավունքն իր Խաչով և Հոգով, որով բացականչում ենք «Աբբա՜, Հա՜յր»: Հիսուս ևս հաճախ բարձրանում էր մի բարձր տեղ և առանձին՝ լռության մեջ, աղոթում Հորը: Այդպես Նա ջախջախեց օձի գլուխը:

    Ուրեմն, աղոթական լռություն պահելով՝ մենք պահում ենք մեր ճշմարիտ ինքնությունը և վերաբնակեցնում այն Քրիստոսի մեջ և նրա միջոցով՝ հավիտենական Է-ի մեջ:

    Ի վերջո, ի՞նչ ենք պահում. մեր անվերջակետ երջանկության իրավունքը:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

Օրացույց

Օրացույց