ՀՀ Սփյուռքի նախարարությունը տոնեց իր 6-ամյակը.Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի շնորհավորական խոսքը
2014թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունը տոնեց իր 6-ամյա հոբելյանը, որին մասնակցում էին նաև Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ Գերշն. Տ. Անուշավան Եպս. Ժամկոչյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը, իրաքահայ հասարակական գործիչ Վարանդ Պետրոսյանը և սփյուռքից ժամանած բազմաթիվ ներկայացուցիչներ: Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքի տվյալների, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիսության ժամանակ ներկայացրեց նախարարության 6-ամյա գործունեության ձեռքբերումները՝ անդրադառնալով հատկապես «Սփյուռք» ամառային դպրոց», «Արի տուն», «Մեր մեծերը», «Համայնքային օրեր Հայաստանում» և այլ ծրագրերին, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին, կարևորեց 6 տարիների ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված տասնյակ համաժողովները՝ ի նպաստ ազգային ներուժի համախմբման: Անդրադառնալով սիրիահայերի հետ տարվող աշխատանքին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ նրանց խնդիրները լուծվում են: Գործի են դրվում բոլոր հնարավոր միջոցները սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման համար:
Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանն իր շնորհավորական խոսքում ասաց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը մի հրաշք կամուրջ է, որի մասին պետք է միայն շնորհակալական խոսքեր ասել տկն. Հրանուշ Հակոբյանին: Այս կամուրջով սփյուռքի հայերը ձգտում են հայրենիք վերադառնալ, վստահեցրել է Սրբազան Հայրը և, ապա, իր երախտիքի խոսքն ուղղելով ՀՀ վարչապետին, հույս է հայտնել, որ սփյուռքահայը, Հայաստան մտնելով, կսիրահարվի այդ երկրի հարուստ միջավայրին՝ դյուրամատչելի գործունեության կարելիություններով, հարուստ և ամուր կարգուկանոնով: Սրբազան Հայրը երախտագիտություն է հայտնել տկն. Հրանուշ Հակոբյանին, որ նա կարողացավ կառուցել ոչ միայն սփյուռքահայի տուն, այլև՝ մի կոթող, սիրո մի աղբյուր, որով ամեն հայ դրսից գտնում է այստեղ հենարան՝ իր երազանքների և ապագայի համար: Հայի միակ ապագան իր հայրենիքն է, իսկ հայրենիքում պետք է իրականացվեն ապագայի հնարավորությունները: Դրանց իրականացումներն իրենց բույնը գտան հույժ սիրելի սփյուռքի նախարարության հաստատության մեջ, շեշտեց Սրբազանը: «Տկն. Հակոբյանը զոհաբերում է իր անձը, նվիրված է իր իդեալին՝ միացնելու սփյուռքը և հայրենիքը: Աստված պահապա՛ն Ձեր բոլոր ծրագրերին և բարի տարեդարձ».այսպես ավարտեց իր խոսքը Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը: