• Օրացույց՝ 6 հոկտեմբերի, Սուրբ Պանդալեոն բժիշկ և Երմողայոս քահանա, օրվա սուրբգրական ընթերցումները

    «Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց»:


    Սուրբ Պանդալեոն և Երմողայոս քահանա

     

    Սբ. Պանդալեոնը և Երմողայոս քահանան Նիկոմիդիայից են, Մաքսիմիանոս կայսեր (308-313թթ.) ժամանակակիցները: Ս. Պանդալեոնն իր քրիստոնյա մոր մահից հետո դաստիարակվում է հեթանոս հոր կողմից:

     

    Նվիրվում է բժշկության` արժանանալով կայսեր բարեհաճ վերաբերմունքին: Աստծո նախախնամությամբ հանդիպում է Երմողայոս քահանային, որն էլ նրան դաստիարակում է քրիստոնեական ոգով: Երմողայոս քահանան մկրտում է Պանդալեոնին, և նա սկսում է պայքարել մեղքի, աղքատության և հիվանդության դեմ: Երբ 303 թ. սկսվում են քրիստոնյաների դեմ հալածանքները, Պանդալեոնին նախանձող բժիշկները նրան ամբաստանում են կայսեր առաջ: Նա մատնվում է չարչարանքների, որոնցից հրաշքով ազատվում է:

     

    Կայսրը տեղեկանում է, որ նրա դարձի պատճառը Երմողայոս քահանան է, ուստի հրամայում է նախ նրան գլխատել, ապա նաև՝ Պանդալեոնին:
    Սբ. Եվպրաքսիան (381-411) Կ. Պոլսի հարուստ և բարեպաշտ ընտանիքի զավակ է: Երբ Եվպրաքսիայի հայրը մահանում է, նա մոր հետ տեղափոխվում է Եգիպտոս, ուր հաճախ մայր և դուստր այցելում են Թեբայիդի կուսանոցները: Տպավորվելով վանքերի մթնոլորտից՝ մոր քաջալերությամբ որոշում է կուսանոց մտնել:

     

    Որոշ ժամանակ անց կայսրը նրան հրավիրում է մայրաքաղաք՝ ազնվական մի երիտասարդի հետ ամուսնացնելու համար: Սակայն Եվպրաքսիան թախանձում է կայսրին՝ իրեն երկրավոր հարսնությունից ազատելու համար:

     

    Կայսրը լսում է նրա խնդրանքը և ազատում նրան՝ իր վանական կյանքը շարունակելու համար: Ճգնողական կյանքով և աղոթքներով ապրող Սբ. Կույս Եվպրաքսիան փառաբանվում է Տիրոջից ստացած հրաշագործության շնորհով: Նա առ Տեր է փոխադրվում երեսնամյա հասակում` թաղվելով վանքում, իր մոր կողքին:

     

    Ա  Կոր., 12:1-11

     

    Գալով հոգեւոր շնորհներին, եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ չգիտենաք։ Գիտէք, որ, մինչ հեթանոսներ էիք, ինչպէ՜ս էիք գնում-գալիս անխօս կուռքերի մօտ։ Ուստի յայտնում եմ ձեզ, որ ոչ ոք, ով Աստծու Հոգով է խօսում, չի ասի, թէ՝ «Նզովեալ է Յիսուս». եւ ոչ ոք չի կարող ասել՝ «Յիսուս Տէր է», եթէ ոչ՝ Սուրբ Հոգով։ Թէեւ կան շնորհների զանազանութիւններ, բայց պարգեւող Հոգին նոյնն է։ Թէեւ կան զանազան պաշտօններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում։ Թէեւ կան գործելու զանազան կարողութիւններ, բայց նոյնն է Աստուած,որ գործում է ամէն բան ամենքի մէջ։ Բայց իւրաքանչիւրին տրուած է Հոգու յայտնութիւն՝ իւրաքանչիւրի օգուտի համար։ Մէկին Հոգուց տրուած է իմաստութեան խօսք, միւսին՝ գիտութեան խօսք՝նոյն Հոգուց, միւսին՝ հաւատ՝ նոյն Հոգով, միւսին՝ բժշկումների շնորհ՝ նոյն Հոգով, միւսին՝ զօրաւոր գործերի կարողութիւններ, միւսին՝ մարգարէութիւն,միւսին՝ հոգիները զանազանելու շնորհ, միւսին՝ տեսակ-տեսակ լեզուներով խօսելու շնորհ, միւսին՝ լեզուների թարգմանութեան շնորհ։ Բայց այս ամէնը միեւնոյն Հոգին է առաջացնում եւ բաժանում իւրաքանչիւրին՝ ինչպէս որ կամենում է։ Ինչպէս մէկ է մարմինը եւ ունի բազում անդամներ, եւ մարմնի այդ բազում անդամները բոլորը մէկ մարմին են,այնպէս էլ՝ Քրիստոս:

     

    Մատթեոս 9:35-10:1

     

    Եւ Յիսուս շրջում էր բոլոր քաղաքներում եւ գիւղերում, ուսու ցանում նրանց ժողովարաններում, քարոզում արքայութեան Աւետարանը եւ բժշկում էր ժողովրդի բոլոր ախտերն ու հիւանդութիւնները։ Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց,որովհետեւ յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն։ Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝սակաւ։ Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»։Եւ նա իր մօտ կանչելով իր տասներկու աշակերտներին՝ նրանց իշխանութիւն տուեց պիղծ դեւերի վրայ՝ հանելու դրանք եւ բժշկելու ամէն ցաւ եւ ամէն հիւանդութիւն։

     

    Պատրաստեց՝ Աննման Մինասյանը

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments