• Հայ Կաթողիկե Եկեղեցին ունեցավ ևս մեկ աղոթատուն

    Հայ Կաթողիկե Եկեղեցին ունեցավ ևս մեկ աղոթատուն՝ Նորաշենի Սբ. Խաչ եկեղեցին


     Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Նորաշեն համայնքն արդեն գործող աղոթատուն ունի՝ Սբ. Խաչ եկեղեցին: Այն կառուցվել է 2014թ., ընդամենը չորս ամիսների ընթացքում, շատ արագ շինարարական տեմպերով: Տաճարը բարդ ճարտարապետական լուծումներ չունի, բայց հարմարավետ է, ոչ շատ մեծ՝ մոտ 120մ2 տարածքով, 12մ բարձրությամբ զանգակատնով, առանց գմբեթի շինություն է: Աղոթատան կառուցումը նախաձեռնել ու կազմակերպել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը՝ համայնքապետ Արմեն Բաղդասարյանի և ռուսաստանաբնակ նորաշենցի բարերարների օգնությամբ, ովքեր ևս ներկա էին տաճարի օծման արարողությանը: Այն 2014թ. սեպտեմբերի 25-ին ի կատար ածեց Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը: Օծվեցին խորանը և խաչը, իսկ տաճարի ամբողջական օծումը թողնվեց ավելի մեծ հանդիսությամբ հետագայում կատարելու համար, Արևելյան կաթողիկե եկեղեցիների համախմբի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրիի՝ Հայաստան հավանական այցելության ժամանակ:

     Նորաշենում այժմ բնակվում է 600 ընտանիք,  բոլորն էլ կաթողիկե: Գյուղում տասնամյակներ շարունակ Սբ. Պատարագ չի մատուցվել, որովհետև աղոթատուն չի եղել, բացառությամբ գյուղացիների ձեռքով սարքված մի հին մատռան, որտեղ բարեպաշտ գյուղացիները սովորություն են ունեցել մոմ վառելու և իրենց առանձնական աղոթքներն առ Աստված բարձրացնելու: Այս գյուղում, ինչպես հարակից մյուս գյուղերում, կաթողիկե ընտանիքները հաստատվել են 19-րդ դարի առաջին կեսում՝ գաղթելով Արևմտյան Հայաստանի գավառներից՝ իրենց հետ ներելով կաթողիկե հավատքի ավանդույթները, որոնք կարողացել են պաշտապնել մինչև կոմունիստական վարչակաչգի հաստատվելը: Գրեթե 100 տարվա կրոնական ամայությունից հետո նորաշեն այս տաճարի հետ գյուղի կրոնական կյանքը դարձյալ աշխուժացման հեռանկար ունի:

    Երկար ժամանակ եկեղեցի ու Պատարագ չտեսած գյուղացիները մեծ ու փոքր հավաքել էին իրենց նոր եկեղեցու օծումը տեսնելու, իրենց թեմի հոգևոր հովվի խոսքը լսելու, նրա օրհնությունը ստանալու, եկեղեցու հայտնությունը գյուղում շուքով տոնելու: Նրանց ծափահարությունների ուղեկցությամբ Սրբազան Հոր ձեռամբ օծված խաչը տեղադրվեց զանգակատան գագաթին, ապա ժողովուրդը խմբվեց տաճարում՝ տեսնելու, թե ինչպես է օծվում խորանը և լսելու Սրբազան Հորը, ով իր օրհնության խոսքում հետևյալն ասաց.«Այժմ ունեք ձեզ եկեղեցին, ուր կարող եք մաքուր սրտով և հոգով մոտենալ Քրիստոսին և գտնել Նրան այս տաճարում…Մեծ ուրախություն է, որ այս սուրբ տաճարում զգում ենք, այն դարձավ մեզ համար հոգևոր մի ապաստարան, ուր ամենքը կարող են գալ և գտնել Քրիստոսին: Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին այս շինարարության, հատուկ կերպով՝ գյուղապետին, այս շրջանի պատասխանատուներին, որ ամեն տեսակ զոհողություն և աշխատանք տարան, որպեսզի կարողանան այս ժողովրդին աղոթքի մի անկյուն տալ…Շնորհակալ եմ Հայր Ներսեսին, ով իր աշխատանքի հետ միասին ձեզ այցելում է…իր ամբողջ աշխատանքի համար և հուսով եմ, որ ոչ միայն մեկ վարդապետ ունենք, որ մեկ գյուղից մյուս գյուղը գնա, այլ ունենաք ձեր քահանան, ով պետք է գա ձեր ընտանիքներից, կոչումներով, ձեր երեխաներից…Սպասում եմ, որ այստեղ հավաքված ընտանիքներից քահանայության նորանոր կոչումներ լինեն: Քահանայությունը մեր կյանքի ազնվագույն կոչումն է և այդ ազնվության արժանանալու համար պետք է ունենանք խաչը մեր ուսին, զոհողությունը, ազնվությունը, համեստությունը, որպեսզի կարողանանք ասել.«Աստվա՛ծ իմ, Տե՛ր, ահավասիկ ես քո ձեռքերում եմ, խնդրում եմ՝ օրհնիր ինձ, որպեսզի լինեմ քո ժողովուրդը…Աստված օրհնի՛ ձեզ, և շնորհավո՛ր թող լինի ձեր նոր սուրբ տաճարը»:

    Գյուղի հոգևոր պետքերը հոգում է Հայր Ներսես վարդապետ Գալստյանը, ով հովիվն է Տաշիրի տարածաշրջանի 26 կաթողիկե համայնքների.սա ինքնին բարդացնում է մշտապես որևէ համայնքի ժողովրդի կողքին լինելու հնարավորությունը, բայց Սբ. Պատարագներ Նորաշենում այսուհետ կմատուցվեն կանոնավոր կերպով: Ավելացնենք նաև, որ Նորաշենի Սբ. Խաչը Տաշիրի տարաշրջանի կաթողիկե համայնքներում գործող երրորդ եկեղեցին է, վերջերս ավարտվեց նաև Մեծավանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վերանորոգումը:

    IMG_20140925_122657 003 IMG_20140925_123446 IMG_20140925_123217 IMG_20140925_123022 IMG_20140925_114423 007

Օրացույց

Օրացույց