Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը.պատմական քայլեր՝ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ
Սեպտեմբերի 19-21-ը Երևանում ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք 5-րդ համահայկական համաժողովը, որին մասնակցեցին մոտ 1000 հայաստանցիներ և սփյուռքի հայեր՝ աշխարհի 60 երկրներից՝ բարձրաստիճան հոգևորականներ Հայ Կաթողիկե և Առաքելական Եկեղեցիներից, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, լրագրողներ: Համաժողովն ուղղված է Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության աստիճանական զարգացմանը, որպեսզի հնարավոր լինի համատեղ ջանքերով աշխատել հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման, սփյուռքի հետ հարաբերությունների առավել սերտացման, հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հետևանքների վերացման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, սփյուռքում հայապահպանության, ազգային ներուժի համախմբման, արտակարգ իրավիճակներում հայտնված հայությանն օգնելու, հայ Եկեղեցու, ազգային գաղափարների շուրջ հայության համախմբման: Համաժողովի շրջանականերում քննարկվել են հայությանը հուզող արդիական խնդիրներ, առաջարկվել համատեղ լուծումներ՝ մշտապես շեշտելով միասնական ջանքերի կարևությունը ցանկացած խնդրի լուծման համար: Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքերով հանդես են եկել Հայ Կաթողիկե և Հայ Առաքելական Եկեղեցիների հովվապետերը:
Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքն իր խոսքում ասել է, որ համազգային խնդիրների լուծման համար առաջնահերթը ամբողջ հայության միասնությունն է, որն իր արտահայտությունը պետք է գտնի նաև հայոց պահանջատիրությունը վճռականորեն առաջ մղելու գործում: Հոգևոր Տերը կոչ է արել միասնաբար ներկա գտնվել 2015թ. ապրիլի 12-ին Հռոմի Սբ. Պետրոսի տաճարում Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի նախագահությամբ հայկական ծեսով մատուցվելիք Սուրբ Պատարագին՝ ի ոգեկոչումն Ցեղասպանության 1,5 մլն. զոհերի հիշատակին: Հոգևոր Տիրոջ խոսքերով, դա սովորական ձեռնարկ չպետք է լինի, այլ՝ ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային ամենաուժեղ արձագանքն ունեցող իրադարձություններից մեկը: Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ խոսքը ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ`Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի օրհնության խոսքը
Իր օրհնության խոսքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կարևորել է հայ ընտանիքների թվաքանակի աճման փաստը, նաև նշել, որ սիրիական հակամարտության առաջին օրերից եկեղեցին եւ պետությունը մշտապես միջազգային հարթակներում բարձրաձայնել են խնդրի մասին, որպեսզի տեղահանված սիրիահայերը կարողանան վերադառնալ իրենց տները: Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ամբողջական խոսքը կարելի է ընթերցել այստեղ:
Իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիոկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն իր խոսքում նշել է, որ մոտ ապագայում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը դատ պետք է բացի թուրքական Սահմանադրական դատարանում՝ պահանջելով Թուրքիայից հայ ժողովրդին վերադարձնել Սսի կաթողիկոսության պատմական տարածքը, որտեղ տեղակայված է եղել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը 1293-1921թթ.: Եթե Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժի հայցը, ապա կդիմենք Եվրոպական դատարան, ասել է Արամ Ա-ը.«Եթէ դատը շահինք, պատիւը ու յաղթանակը կ’երթայ մեր ժողովուրդին, մեր հայրենիքին ու եկեղեցւոյ։ Իսկ եթէ դատը կորսնցնենք, դա՛րձեալ յաղթած կ’ըլլանք, որովհետեւ ցեղասպանին ու միջազգային համայնքին գործնապէս յիշեցուցած կ’ըլլանք թէ հայ ժողովուրդը կը մնայ պահանջատէր իր իրաւունքներուն, որքան ալ տարիներու թիւը մեզ հեռացնէ Հայոց Ցեղասպանութեան թուականէն»: Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 19-20-ը տեղի է ունեցել նաև լրագրողների 7-րդ համահայկական համաժողովը, որի ընթացքում հայաստանցի և սփյուռքահայ անվանի լրագրողներ քննարկել են Հայաստանում և սփյուռքում հայկական մամուլի վիճակը, մարտահրավերները: Համաժողովին մասնակցում էր նաև Հայ Կաթողիկե Եկեղեցու պատրիարքական մամլո գրասենյակի պատասխանատու, լիբանանահայ լրագրող Սարգիս Նաջարյանը: Սեպտեմբերի 19-ին առանձին նիստ է տեղի ունեցել սիրիահայության ներկա դրության վերաբերյալ, որի ընթացքում, ի թիվս այլոց, զեկույցով հանդես է եկել նաև Ջեզիրեյի հայ կաթողիկե համայնքի ժողովրդապետ Հայր Անդրանիկ ծ.վ. Այվազյանը, ով ականատեսի աչքերով ներկայացրել է հայերի դժվարին կացությունը Գամիշլիում: Սեպտեմբերի 19-ին համաժողովի մասնակիցները հյուրընկալվել են ՀՀ Ազգային Ժողովում, որտեղ նրանց դիմավորել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, իսկ սեպտեմբերի 21-ին մասնակիցներն հյուրընկալվել են ՀՀ Պաշտպանության նախարարությունում: Համաժողովի ամփոփիչ նիստին ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր խոսքն է ուղղել մասնակիցներին: Ընթերցվել է համաժողովի մասնակիցների ընդհանուր համաձայնությամբ հաստատված եզրափակիչ հայտարարության տեքստը (Համաժողովի հայտարարություն): Իր ամփոփիչ խոսքում սփյուռքի նախախար Հրանուշ Հակոբյանը նախագահ Սերժ Սարգսյանին հայտնել է, որ Սփյուռքի նախարարությանը գոյության 5 տարիների ընթացքում հաջողվել է կատարել նախագահի հանձնարարականները և կապ հաստատել սփյուռքի բոլոր հասարակական և հոգևոր կառույցների հետ, նախարարությունը ձեռնամուխ է եղել նաև համահայկական հեռուստատեսության ստեղծման աշխատանքներին՝ ՀՀ նախագահի հանձնարարությամբ: