• Ստեղծվել է նոր հանձնաժողով, որը կուսումնասիրի կանանց սարկավագության հարցը

    Արդյո՞ք հնարավոր է, որ կինը սարկավագ ձեռնադրվի:


    4 օգոստոսի, 2016թ.

     

     

    Ինչպես հայտնում է Սուրբ Աթոռը, ջերմեռանդ աղոթքներից ու մտորումներից հետո, Սրբազան Քահանայապետը որոշել է հիմնել Հանձնաժողով կանանց սարկավագության հարցը ուսումնասիրելու համար: Հանձնաժողովը կուսումնասիրի կանանց սարկավագության հարցը վաղ Եկեղեցիներում:

     

    Նոր ձևավորվող այդ հանձնաժողովի նախագահ է նշանակված Հավատքի կոնգրեգացիայի  քարտուղար ծայրագույն վարդապետ Լուիս Ֆրանսիսկո Լադարիա Ֆերրերան: Հանձնաժողովի կազմի մեջ մտնող աստվածաբանների շարքում են վեց կին, այդ թվում երկու միանձնուհիներ:

     

    Հիշեցնենք, որ Սրբազան Հայրը այդ մտադրության մասին հայտնեց 2016թ. մայիսի 12 մայրապետների հետ հանդիպման ժամանակ: Ստորև ներկայացնում ենք այդ հանդիպման ժամանակ Քահանայապետի աևտահայտած մտքերը՝ ի պատասխան մայրապետների հարցերի:

     

     

    Միանձնուհիները նախ հարցրեցին եկեղեցական որոշումների կայացման մեջ կանանց մասնակցության մասին: Սրբազան Հայրը համաձայնվեց, որ տարբեր մակարդակներով անհրաժեշտ է բարձրացնել կանանց պատասխանատվությունը բոլոր այն դեպքերում, երբ  կանանց իրավական լիազորությունները անմիջականորեն կապված չեն քահանայության հետ:

     

    Հիմնվելով վաղ քրիստոնեական Եկեղեցու ավանդույթների վրա`միանձնուհիները հետաքրքրվեցին արդյո՞ք հնարավոր է սարկավագությունը կանանց համար: Ֆրանցիսկոս Պապը հիշեցրեց, որ սարկավագների դերը վաղ Եկեղեցում մինչև այսօր բավարար ուսումնասիրված չէ: Նա պատրաստակամություն հայտնեց ստեղծելու հատուկ հանձնաժողով այդ հարցը ուսումնասիրելու համար:

     

    Կարող են արդյո՞ք միանձնուհիները Պատարագի ժամանակ քարոզ կարդալ: Սրբազան Քահանայապետը տալիս է հստակ պատասխան. անհրաժեշտ է տարբերել Սբ. Պատարագի Խոսքի հատվածը (որի ժամանակ կարող է քարոզել և միանձնուհին, և աշխարհականը) Բուն Պատարագից, որի ժամանակ տեղի է ունենում Սբ. Հաղորդության սրբագործման խորհրդակատարությունը, իսկ դա նշանակում է, որ այն պետք է կատարի ձեռնադրյալ քահանան, քանի որ պատարագողը, սրբագործողը Ինքը Քրիստոսն է: Բայց կա անքակտելի միասնություն՝ Խոսքի մասի և Բուն Պատարագի միջև, իսկ նախագահողը Քրիստոս է: Քանի որ կանայք ձեռնադրված չեն, նրանք չենք կարող նախագահել: Բայց այս աստվածաբանական, ծիսական հարցերը պետք է մանրազնին ուսումնասիրել, վստահ է Քահանայապետը:

     

    Ֆրանցիսկոս Պապը նախազգուշացրեց երկու գայթակղության մասին.

    Առաջինը ֆեմինիզմն է: Կնոջ դերը Եկեղեցում ֆեմինիզմ չէ, այն իրավունք է՝ հիմնված Մկրտության Խորհրդի վրա: «Չի կարելի ընկնել ֆեմինիզմի թակարդը, որովհետև դա կհարվածի կնոջ կարևորությանը:

     

    Մյուս գայթակղությունը կղերապաշտությունն է՝  clericalism, որով երբեմն տառապում են եկեղեցականներ, ովքեր ձգտում են համայնքների միանձնյա կառավարման և չեն խրախուսում համագործակցությունն աշխարհականների հետ ու նրանց օգնությունը:

     

    Սրբազան Քահանայապետը նշեց, որ միանձնուհիները պետք է լինեն «ծառաներ», ովքեր մտահոգվում են հոգիների մասին, այլ ոչ թե լոկ «աղախիններ»  ծխական տներում:

     

    Սրբազան Քահանայապետին հարցրեցին կրոնական հաստատություններում կանոնական նորմերի մեջ որոշակի փոփոխություններ կատարելու նպատակահարմարության մասին: Ֆրանցիսկոս Պապը չբացառեց նման հնարավորությունը պայմանով, որ այդ փոփոխությունները պետք է լինեն  իրավասու մարմինների խորը ուսումնասիրությունների արդյունք:

     

    Միաբանական համայնքների մայրապետները մտահոգություն հայտնեցին այն դժվարությունների համար, որոնք կրում է այսօրվա երիտասարդությունը վերջնական որոշումների կայացման, ամբողջ կյանքի համար ուխտի ընդունման  ժամանակ: Սրբազան Հայրը հիշեցրեց, որ սուրբ Վիսենթ դը Պոլը որոշակի ծառայությունների համար նախընտրում էր ժամանակավոր, և ոչ, թե հավերժական ուխտ:

     

    Խոսվեց նաև ֆինանսների կառավարման մասին: Սրբազան Քահանայապետը քննադատեց այն դեպքերը, երբ կամավոր նվիրատվությունների համակարգը` Խորհուրդների կատարման համար, վեր է ածվում «շուկայի»: Նա միանձնուհիներին  կոչ արեց պահպանելու հոգու կայունությունը, որը պաշտպանում է մոլորություններից ու հոգևոր խեղաթյուրումներից, միևնույն ժամանակ ընդգծեց նաև նյութական բարիքների ճիշտ կառավարման անհրաժեշտության մասին:

     

    Մայրապետները Ֆրանցիսկոս Պապին պատմեցին, որ երբեմն միանձնուհիներին, ովքեր զբաղվում են սոցիալական ծառայությամբ աղքատների շրջանում, ընդունում են որպես «քաղաքական ակտիվիստների»: Սրբազան Քահանայապետը պատասխանեց, որ Աստծո նվիրյալները չպետք է լինեն «մումիաներ», նրանք կոչված են ծառայելու, աշխատելու` չնայած զրպարտություններին ու չարախոսություններին:

     

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

     

Օրացույց

Օրացույց