«Աղոթելով, որ սա լինի հավատի և եղբայրության ուխտագնացություն»:
23 հուլիսի, 2016թ.
Սրբազան Քահանայապետը Լեհաստան կայցելի 2016թ. հուլիսի 27-31-ը ԵՀՕ-2016 միջոցառումներին մասնակցելու և հանդիպելու ոչ միայն ԵՀՕ մասնակից հարյուր հազարավոր երիտասարդությանը, այլև՝ լեհ ժողովրդին: Ահա՛ Քահանայապետի տեսաուղերձի հայերեն թարգմանությունը:
«Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,
31-րդ Համաշխարհային երիտասարդության օրը մոտենում է: Ես սպասում եմ հանդիպել Կրակովում ամբողջ աշխարհից հավաքված երիտասարդությանը, և ունենալ հնարավորություն` հանդիպելու իմ սիրելի լեհ ժողովրդին: Իմ այցելությունն այս հոբելյանական տարվա ընթացքում ոգեշնչված կլինի Ողորմությամբ, նաև երախտապարտ և օրհնյալ հիշողությամբ Սբ. Հովհաննես Պողոս Բ-ի, ով հաստատեց Երիտասարդության համաշխարհային օրը և առաջնորդում էր լեհ ժողովրդին՝ դեպի ազատություն իր պատմական ճամփորդության ընթացքում:
Սիրելի՛ լեհ երիտասարդներ, ես գիտեմ, որ դուք երկար ժամանակ, մանավանդ, աղոթքով, պատրաստվել եք Կրակովում կայանալիք այս հանդիպմանը: Ես ի սրտե շնորհակալություն եմ հայտնում ձեզ այն ամենի համար, ինչ որ արել եք, և այն սիրո համար, որով արել եք ամեն ինչ: Արդեն իսկ գրկում եմ ձեզ և օրհնում:
Սիրելի Եվրոպայից, Աֆրիկայից, Ամերիկայից, Ասիայից և Օվկիանիայից ժամանած երիտասարդներ, ես օրհնում եմ նաև ձեր երկրները, ձեր հույսերն ու ձեր ճանապարհորդությունը դեպի Կրակով՝ աղոթելով, որ սա լինի հավատի և եղբայրության ուխտագնացություն: Թո´ղ Տերը շնորհ տա ձեզ՝ անձամբ զգալու Իր խոսքերը. «Երանի՛ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն» (Մտթ. 5.7) :
Ես փափագում եմ հանդիպել ձեզ և աշխարհին նվիրելու ներդաշնակության մի նոր նշան, տարբեր դեմքերի մի խճանկար՝ շատ ցեղերից, լեզուներից, ժողովուրդներից և մշակույթներից, որոնք սակայն միավորված են Հիսուսի անունով, ով Դեմքն է Ողորմության:
Եվ հիմա ես դիմում եմ ձեզ՝ սիրելի՛ լեհ ժողովրդի որդիներ ու դուստրեր: Ինձ համար, ձեզ այցելելը Տիրոջ մեծ պարգևն է: Դուք մի ազգ եք, որն իր պատմության ընթացքում անցել է բազմաթիվ, երբեմն շատ դժվար, փորձությունների միջով, և հաղթահարել է՝ հավատքի զորությամբ և բարձրացված Սուրբ Մարիամ Աստվածածնի մայրական ձեռքերում:
Ես վստահ եմ, որ դեպի Częstochowa ուխտագնացությունն ինձ համար կլինի ընկղմում այս ապացուցված հավատի մեջ, և այն շատ օգտակար կլինի ինձ: Ես շնորհակալ եմ ձեր աղոթքներով իմ այցը նախապատրաստելու համար: Ես նաև շնորհակալություն եմ հայտնում եպիսկոպոսներին ու քահանաներին, կրոնավորներին ու միանձնուհիներին, հավատարիմ աշխարհականներին, և հատկապես ընտանիքներին, որոնց ես բերում եմ Amoris Laetitia հետսինոդական առաքելական ուղերձը: Հենց ընտանիքներն են, որ ցույց են տալիս, թե ինչպիսին է ազգի բարոյական և հոգևոր «առողջությունը»: Աս պատճառով էր սբ. Հովհաննես Պողոս 2-րդը հոգ տանում նշանված զույգերի, նորապսակ զույգերի և ընտանիքների մասին: Շարունակե´ք այս ճանապարհը:
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես ուղարկում եմ ձեզ այս հազորդագրությունն` ի ապացույց իմ փափագի: Եկե՛ք միավորվենք աղոթքեվ: Սպասում եմ տեսնել ձեզ Լեհաստանում»:
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը