Էմիլի Արեգակ կենտրոնի երեխաներին անակնկալ մատուցեց Ավստրիայի արտ.գործ. նախարար Սեբաստիան Կուրցը
Սեպտեմբերի 9-ին Հայկական Կարիտասի Գյումրիում գտնվող նորակառույց Էմիլի Արեգակ սահմանափակ կարողություններով երեխաների խնամքի կենտրոն էին այցելել Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը, Ավստրիական Կարիտասի հայաստանյան ծրագրերի պատասխանատուները, Շիրակի մարզպետը, Գյումրիի քաղաքապետը և այլ հյուրեր, ովքեր ընկերակցում էին Սեբաստիան Կուրցին: Ինչպես հայտնի է, Էմիլի Արեգակ կենտրոնի շինարարությունը հովանավորում են Ավստրիական Կարիտասը, Ավստրիայի կառավարությունը և ավստրիացի բարերարներ: Կենտրոնում ավստրիացի հյուրերին ողջույնի և շնորհակալական խոսք է ասել Հայկական Կարիտասի նախագահ, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը:
Ավստրիացիները ծանոթացել են շինարարության ընթացքին, զրուցել Արեգակ ցերեկային խնամքի կենտրոնի շահառու սահմանափակ կարողություններով երեխաների հետ, ովքեր կազմելու են նորակառույց Էմիլի Արեգակ կենտրոնի շահառուների հիմնական կորիզը: Արտգործնախարար Կուրցը կենտրոնին նվիրել է մի կտրոն, ըստ որի մոտ ապագայում կենտրոնը Ավստրիայից նվեր կստանա հատուկ սարքավորումներ ֆիզիոթերապիայի համար: Փոխարենը կենտրոնի երեխաներն արտգործնախարարին նվիրել են իրենց ձեռքերի պատկերներով լուսանկարների մի ալբոմ և անկեղծորեն զրուցել նրա հետ: Արտգործնախարար Կուրցը առանձնակի ջերմությամբ շփվել է սահմանափակ կարողությամբ երեխաների հետ, բավարարել նրանց հետաքրքրասիրությունը:
Էմիլի Արեգակ կենտրոնի շինարարությունը սկսվել է 2013թ. հոկտեմբերին և նախատեսվում է ավարտել 2014թ. դեկտեմբերին, որից հետո Արեգակ կենտրոնի խնամքից օգտվող մոտ 30 երեխաները և կենտրոնի աշխատակազմը կտեղափոխվեն նոր կառույց: Շինարարությունը շատ արագ է ընթանում շինարարական նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ.շինությունը կառուցվում է թեթև, արագ հավաքվող շինանյութերով: Կենտրոնում կառուցվել է էլեկտրաէներգիայի մատակարարման արևային համակարգ՝ 95,25 կվտ հզորությամբ 381 մարտկոցներով, որոնց օգտագար գործողության ցուցանիշը 12,9 տոկոսով բարձր կլինի Հայաստանում գոյություն ունեցող մյուս արևային էլեկտրակայանների ցուցանիշերից: Կենտրոնի նկուղում կառուցվել է ստորգետնյա ջրերի ջերմության հաշվին ապահովվող ջեռուցման համակարգ, որն իր բնույթով առաջինն է Հայաստանում:
Էմիլի Արեգակ կենտրոնում նախատեսվում է ցերեկային խնամք կազմակերպել մինչև 16 տարեկան մոտ 100 բազմակի հաշմանդամությամբ երեխաների համար: Ցերեկային խնամքն իր մեջ կներառի ֆիզիոթերապիա, արտթերապիա, երաժշտական թերապիա, զանազան հմտություններ զարգացնող դասընթացներ, հոգեբանական աջակցություն և սոցիալական ինտեգրմանը նպաստող խորհրդատվություն, միջոցառումներ ոչ միայն հաշմանդամ երեխաների, այլև նրանց ընտանիքների անդամների համար: