Բաժանումը Եկեղեցում սատանայից է
Օգոստոսի 27-ին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ընդհանուր ունկնդրության խոսքի ուղերձը Եկեղեցու միություն էր, համայնքների միասնությունը: Անդրադառնալով եկեղեցական միասնության դեմ գործվող հանցանքներին, կամ այսպես կոչված համայնքների «մեղքերին»՝ նախանձ, խանդ, թշնամանք՝ Քահանայապետն ասել է, որ դրանք լինում են «երբ ձգտում ենք առաջին տեղերին, երբ ինքներս մեզ կենտրոնում ենք դնում՝ մեր անձնական հավակնություններով տեսակետներով հանդերձ ու դատում ենք ուրիշներին, երբ ուշադրություն ենք դարձնում մեր եղբայրների թերություններին՝ նրանց տաղանդներին ուշ դարձնելու փոխարեն, երբ ավելի ենք կարևորում այն ամենն, ինչ բաժանում է, քան՝ այն ամենն, ինչ միացնում է»: Բաժանումը սատանայի նշանն է, բացատրել է Քահանայապետը, իսկ Աստված ուզում է, որ մենք աճենք միմյանց ներելու, սիրելու և Իրեն նմանվելու մեջ, որ սեր է և միություն: Սա է Եկեղեցու սրբությունը՝ ինքն իրեն գիտակցել որպես Աստծո պատկեր: