• Մոսկվայի հայ կաթողիկէների ժողովրդապետն այսուհետ Հ. Պետրոս վրդ. Եսայանն է

    «Երբ մեր առաջնորդները մեզ օրինակ են լինում, ավելի ենք մոտենում Քրիստոսին»


    9 հունվարի, 2016թ.

     

     

    Մոսկվայի նոր ժողովրդապետի անունը պաշտոնապես հայտարարվեց 2016թ. հունվարի 6-ին՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդական տեղապահ Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սյուլահյանի կողմից, յընթացս Սբ. Պատարագի, Մոսկվայի Անարատ Հղության Մայր Տաճարում, հայ կաթողիկէ հարյուրավոր համայնականների ներկայությամբ:

    DSC07222

    Սբ. Պատարագը մատուցեց Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սյուլահյանը՝ առընթերակայությամբ Մոսկվայի արդեն նախկին ժողովրդապետ Գերհ. Հ. Պետրոս ծ.վ. Պետրոսյանի և նորանշանակ ժողովրդապետ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանի: Քարոզի ընթացքում Հայր Մեսրոպը նախ անդրադարձավ տոնի խորհրդին՝ ասելով հետևյալը.

     

    «Քրիստոս եկավ մեր հոգիները փրկելու: Յուրաքանչյուրս՝ մեզնից ամեն մեկը, անհունորեն սիրված է Աստծո կողմից: Այս հավատքով է, որ այս Աստվածահայտնության տոնին ամեն ոք պետք է ընդունի, որպես իր անձի համար մեծագույն ավետիս, այն փաստը, որ իր փրկությունը եկել է: Պետք է յուրաքանչյուրս փնտրի Տիրոջը: Աստված իր երեսը յուրաքանչյուրիս ցույց կտա անպայմանորեն»:

     

    DSC07214Քարոզի երկրորդ մասում առաջնորդական տեղապահն անդրադարձավ ժողովրդապետի փոփոխությանը և հրավիրեց աղոթել նախորդի՝ Գերհ. Հ. Պետրոս ծ.վ. Պետրոսյանի համար, «որպեսզի Քրիստոսի այգում իր շահած արժանիքները և ապագայում շահելիք արժանիքները լինեն ի փառս Աստուծոյ և որպեսզի արժանի դարձնեն նրան Արքայություն մտնելու, որովհետև ոչ ոք չի կարող մտնել Արքայություն՝ առանց արժանանալու: Պողոս առաքյալն ասում է՝ Քրիստոս եկավ և մեր փրկությունը շահեց, բայց կա մի մասնիկ, որ յուրաքանչյուրն ինքը պետք է անի: Եվ այդ մասնիկը որքան լավագույն կերպով կարողանանք կատարելագործել, այնքան ավելի շատ պիտի լինի մեր վարձքը Երկնքում: Ինչպես ասում է Սբ. Թովմաս Աքվինացին, որքան որ մեր հոգու բաժակը մեծացնենք, այնքան ավելի Աստված այն պիտի լցնի: Մեր եղբայրը՝ Հայր Պետրոս Պետրոսյանը, հոգի ու կյանք է տվել ու կենդանացրել այս հասարակությունը, վստահ ենք, որ այդ հոգու համաձա՛յն նա պիտի ստանա Տիրոջից: Քրիստոս պիտի ասի նրան. «Ե՛կ յուրախություն Տեառն քո, ծառա՛ բարի և հավատարիմ: Այսօր մենք նրան ցտեսություն չենք ասում, այլ պարզապես նրա գործունեության այս ժամանակաշրջանը իր լրմանն է հասել, որի առիթով Սրբազան Հոր կողմից շնորհավորում եմ և մաղթում նրան երկար և բեղուն գործունեություն՝ որպես քահանա: Մեր գլխավոր պարտականությունն է ծառայել Քրիստոսին, ինչպես ծառայել է մեր եղբայր Հ. Պետրոս Պետրոսյանը»:

     

    DSC07216Հայր Մեսրոպը ասաց նաև, որ այսուհետ Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքների համար առաջնորդական տեղապահության առանձին պաշտոն որևէ մեկին վերապահված չի լինի, այլ կլինի միայն ընդհանուր առաջնորդական տեղապահ, որն այս պահին ինքը՝ Հայր Մեսրոպ թ.ծ.վ. Սյուլահյանն է: Ապա ներկայացրեց Մոսկվայի նոր ժողովրդապետին՝ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանին:

     

    «Աստծո նախախնամությամբ Պետրոսները հաջորդում են իրար: Օրինակը շատ կարևոր է: Մենք բոլորս Քրիստոսի ժողովուրդն ենք և, երբ մեր առաջնորդները մեզ օրինակ են լինում, ավելի ենք մոտենում Քրիստոսին: Դրա ապացույցը ակնբախ է: Հուսով եմ, որ Հայր Պետրոս Եսայանը նույնպես պիտի շարունակի այդ ճանապարհը: Ինչպես որ վստահում էիք Հ. Պետրոս Պետրոսյանին, նույնպես պիտի վստահեք Հ. Պետրոս Եսայանին: Եթե խոնարհ չլինենք, չապաշխարենք ամեն օր, մանավանդ մենք եկեղեցականներս, պիտի կորչենք ամենքս էլ, ինչպես ասում է Քրիստոս: Չպետք է ասենք, թե «ես վարդապետ եմ երկար տարիներ և փորձություններից զերծ եմ», այլ ամեն օր պիտի ասենք, թե՝ անպիտան ծառաներ ենք…

     

    Եկեղեցին պետք չունի ձեր լումային, որպեսզի հարստանա, այլ պետք ունի ձեր հոգեկան մասնակցության՝  ձեր սրբության հասարակաց բարիք կառուցելու համար, այդ ժամանակ կլինեք ճշմարիտ հայ կաթողիկէ հասարակություն: Բոլորս միմյանց սիրե՛նք և միասին դիմե՛նք սրբության և կատարելության, այն ժամանա՛կ մեր կոչման մեջ հաստատված կլինենք…»

     

    DSC07222Քարոզից հետո Հայր Մեսրոպը ընթերցեց Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի նամակները՝ ուղղված Գերհ. Հ. Պետրոս ծ.վ. Պետրոսյանին և Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանին, որոնցով հայտնում է իր որոշումները՝ ընդառաջելու Մոսկվայի ժողովրդապետի պաշտոնից հրաժարվելու մասին առաջինի խնդրանքին (առողջական խնդիրների պատճառով) և երկրորդին Մոսկվայի նոր ժողովրդապետ նշանակելու մասին: Յավարտ ընթերցման Հայր Մեսրոպը եղբայրաբար ողջագուրվեց Գերհ. Հ. Պետրոս ծ.վ. Պետրոսյանի և ապա Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանի հետ:

     

    Սբ. Պատարագի ավարտից հետո կատարվեց նաև ջրօրհնեքի արարողությունը: Հարյուրավոր հավատացյալների բազմությունը հրաժեշտ տվեց նախորդ ժողովրդապետին և ողջունեց նորին:

     

    DSC07278 DSC07282 DSC07269 DSC07268

     

    Պետք է ասել, որ Սբ. Պատարագի և ջրօրհնեքի արարողություններին ներկա էր 600-ից ավելի հավատացյալ, որոնց կեսից ավելին ամեն կիրակի ներկա է լինում Սբ. Պատարագին: Մոսկվայում բնակվող հայ կաթողիկէների ստույգ թիվն ասելը բարդ է: Նրանք մեծ մասամբ Ջավախքի հայ կաթողիկէ՝ Ծղալթբիլա, Տուրցխ, Ալաստան, Նեոխրեբ և այլ գյուղերից 1990-ականներից ի վեր արտագաղթած բնակիչներն են, որոնք հիմնականում ամուր կառչած են իրենց պապերից ժառանգած դավանական ու ազգային ինքնությանը, նկարագրին ու սովորույթներին: Մոսկվայում նրանք մեծ մասամբ զբաղվում են շինարարությամբ և առևտրով, սիրում են միասին մեծ շուքով տոնել եկեղեցական մեծ տոները: Մկրտության և Աստվածահայտնության տոնին, օրինակ, ամեն տարի վիճականահանությամբ իրենցից մեկին ընտրում են կնքահայր: Կնքահայրը տոնի առթիվ հյուրասիրություն է կազմակերպում ըստ իր կարողության, հայկական երգուպարով, ուրախ մթնոլորտում և, անպայման, ժողովրդապետի ներկայությամբ և օրհնությամբ:DSC07188

     

     

    DSC07189Հայ կաթողիկէ համայնքը Մոսկվայում առայժմ եկեղեցի չունի, եկեղեցական արարողությունները կատարվում են Անարատ Հղության եկեղեցում, որը լատին Եկեղեցունն է և որտեղ Հայ Կաթողիկէ Եկեղեցուն հատկացված են որոշակի ժամեր՝ հայկական ծեսով պաշտամունք և խորհրդակատարություններ կատարելու համար:

     

     

     

    DSC07259Մոսկվայի ներկայիս ժողովրդապետ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանի կենսագրությունը

     

    Մկրտության ավազանի անունով Էռնեստ Եսայանը ծնվել է 1979թ. հոկտեմբերի 19-ին, Բաքվում, արցախահայերի ընտանիքում:

    Դպրոցական կրթությունը ստացել է Բաքվում: 1988թ. Եսայանների ընտանիքը  տեղափոխվել է Բելոռուսիա:

     

    1996թ. դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Լեհաստանի Անարատ Հղության հայրերի միաբանության Սկուժեցի նորընծայարան, 1997թ. հոկտեմբերի 20-ին տվել է կրոնավորական առաջին ուխտը, ապա ճեմարանական ուսումը շարունակել Լյուբլինում:

     

    2003թ., մեծ փափագ ունենալով ծառայել Հայ Կաթողիկէ Եկեղեցում, տեղափոխվել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արլևելյան Եվրոպայի թեմ: 2004թ. օգոստոսի 1-ին Գյումրիում ձեռնադրվել է սարկավագ՝ Երջանկահիշատակ Հ. Ներսես արքեպս. Տեր-Ներսեսյանի ձեռամբ:

     

    Լեհաստանում ուսումն ավարտելուց և աստվածաբանության մագիստրոսի կոչում ստանալուց (մագիստրական թեզ է պաշտպանել Սբ. Գրիգոր Նարեկացու աստվածաբանության շուրջ) հետո 2005թ. մայիսի 22-ին Արևիկ գյուղում ձեռնադրվել է վարդապետ՝ ձեռամբ նորանշանակ առաջնորդ Բարձշն. Տ. Նշան արքեպս. Կարաքեհեյանի:

     

    2005թ. օգոստոսի 29-ին նշանակվել է Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի համայնքի ժողովրդապետ և Ներսիսյան փոքր նորընծայարանի տեսուչ:

     

    2013թ. հոկտեմբերի 1-ին նշանակվել է Գյումրիի և Աշոցքի հայ կաթողիկէների ժողովրդապետ: 2016թ. հունվարի 2-ից Մոսկվայի հայ կաթողիկէների ժողովրդապետն է:

     

    MG_2276-200x300Գերհ. Հ. Պետրոս ծ. վ. Պետրոսյանի կենսագրությունը

     

    Ծնվել է 1975 թ. դեկտեմբերի 16-ին Ախալցխայի Ծղալթբիլա (Նոր Շեն) գյուղում Պողոս և Մարիամ Պետրոսյանների համեստ ընտանիքում: Ընտանիքի կրտսեր զավակն է եղբոր՝ Արշակից և քրոջ՝ Փեփրոնեից հետո: Պետրոս Պետրոսյանը սերում է Ժամկոչանց (կամ Ժամգոց) տոհմից, նրա պապը տիրացու է եղել: 1992թ. ավարտել է գյուղի հանրակրթական դպրոցը և մեկնել Լեհաստան հոգևոր կրթություն ստանալու: Պետրոսը մանկուց դաստիարակվել է ջերմեռանդ քրիստոնյա Արշակ պապի աղոթքներով և մինչ օրս իրեն պարտական է համարում պապիկին, որը սովետական հավատամերժ տարիներին իրենց նկուղում հավաքում էր գյուղի քրիստոսասեր նվիրյալ հավատացյալներին և աղոթում էին: Դեպի հոգևոր դպրոց ուղևորվելու հարցում ներդրում է ունեցել նաև 1990-91 թթ. գյուղի ժողովրդապետ նշանակված Գերհ. Հ. Անատոլի ծ.վ. Իվանյուկը, ով վարդապետության միտք սերմանեց պատանի Պետրոսի հոգում և սրտում: 1992-93թթ. Լեհաստանի Քութնո Վոժնիակով քաղաքում նախապատրաստական կուրսեր է ունկնդրել Սալեզյան միաբանության հոգևոր դպրոցում: 1993-94թթ. Սալեզյան միաբանությանն անդամագրվելով՝ սովորել է հոգևոր ճեմարանում: 1994-96թթ. ԿրակովիՍալեզյան բարձրագույն ինստիտուտում ուսանել է փիլիսոփայություն և ինստիտուտն ավարտել է կարմիր դիպլոմով, ապա ուղարկվել Իտալիա: 1996-98թթ. Իտալիայի Մաչերատա և Պերուջա քաղաքներում դասավանդել է հանրակրթական դպրոցներում: 1998-2001թթ. շարունակել է ուսումը Հռոմում Սալեզյանական բարձրագույն համալսարանում՝ ուսումնասիրելով Աստվածաբանություն: 2001-2003թթ. գիտական թեզ է պաշտպանել Հռոմի Գրիգորյան բարձրագույն համալսարանի Արևելագիտական մասնաճյուղում՝ Եկեղեցական հայրեր (Պատրոլոգիա) թեմայով: 2000թ.Իտալիայի Չիվիտանովա քաղաքում հանդիսավոր երդում է տվել՝ որպես սալեզյանական միաբանության հավերժ կուսակրոն հոգևորական:

     

    2002 թ.ապրիլի 27-ին Անքոնիա քաղաքում վարդապետ է ձեռնադրվել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի ձեռամբ:

     

    2003-2005թթ.Վրաստանի Տուրցխ գյուղում ծառայել է որպես փոխժողովրդապետ:

     

    2005-2006թթ.՝Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքի հայ կաթողիկե համայնքի փոխժողովրդապետ:

     

    2006-2007թթ.՝Վրաստանի Էշթիա գյուղի ժողովրդապետ:

     

    2007-2011թթ.՝ Մոսկվայի հայ կաթողիկե համայնքի փոխժողովրդապետ:

    Իսկ 2012թ-ին նշանակվել է նույն համայնքի ժողովրդապետ և դեկտեմբերի 9-ին ստացել Ծայրագույն Վարդապետի աստիճան՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի կողմից:

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց