Բաժիններ՝ Նորություններ
  • Հայ եկեղեցական հաղորդակցության միջոցների համագումարի ամփոփ հաղորդագրությունը

    Հայ եկեղեցական հաղորդակցության միջոցների համագումարի ամփոփ հաղորդագրությունը


    Հայ եկեղեցական հաղորդակցության միջոցների համագումարը տեղի ունեցավ 2014թ. հուլիսի 15-17 Երևանում, մասնակցությամբ Հայ Կաթողիկե և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների, մտավորականների և լրատվամիջոցների ներկայացուցիչների: Համագումարը նախաձեռնվեց Վատիկանի Բ Ժողովի հաղորդամիջոցների մասին Inter Mirifica վճռի հիսնամյակի առիթով, <<Հայ կաթողիկե նվիրապետության հաղորդամիջոցների հանձնախմբի>> կողմից` ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համագործակցությամբ: Նպատակն էր` նպաստել հայ եկեղեցական հաղորդակցության միջոցների միջև լայն և հեռանկարային համագործակցության զարգացմանը` ի սպաս համաքրիստոնեական և ազգային արժեքների քարոզչությանն ու ամրապնդմանը հայ հասարակության մեջ: Համագումարի ձեռնարկման նպատակներից էր նաև ուղիներ գտնել եկեղեցական հաղորդակցության միջոցների աշխատանքը լավագույնս ծառայեցնելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների լուսաբանմանը: Համագումարի ընթացքում քննարկվեցին հարցեր, որոնք առնչվում են Հայ Եկեղեցու նվիրապետական աթոռներում գործող հաղորդակցության միջոցների աշխատանքին, նրանց համագործակցությանը և նոր ծրագրերի մշակմանն ու գործադրությանը: Համագումարի ելույթները և քննարկումներն իրենց եզրակացություններով լաւ հիմք դրեցին հայ եկեղեցական հաղորդակցության միջոցների և պետական մարմինների միջև մնայուն համագործակցության ու համատեղ աշխատանքի մի նոր մթնոլորտ ձևավորելու համար, մթնոլորտ, որը հատկապես անհրաժեշտ է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի եկեղեցական և պետական միջոցառումների նախաշեմին: Համագումարի նախաձեռնողները և մասնակիցները քաջ գիտակցում են, որ այդ համագործակցությունը ենթադրում է բազմաթիվ կարևոր հանգրվաններ, համատեղ միջոցառումներ ու եռանդուն համագործակցություն: Համագումարի մասնակիցները հանգեցին այն եզրակացության, որ արդյունավետ համագործակցության համար առանցքային մի պայման է հարկավոր` այն, որ եկեղեցական հաղորդակցության բոլոր միջոցներն անխտիր մասնակցեն նման հանդիպումների և քննարկումների` համատեղ և միասնական ջանքեր ձեռնարկելու տեսլականով: Քանի որ այս համագումարը տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի, եւ Նորին Ամենապատվություն Տէր Ներսէս Պետրոս ԺԹ. Կաթողիկոս Պատրիարքի օրհնությամբ, համագումարի կազմակերպիչները, ի գլուխ ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, փափագում են Հայ Եկեղեցու նվիրական աթոռների պետերի օրհնությունը և գործակցությունը նաև համագումարի նպատակների իրականացման գործում: <<Հայ Եկեղեցւոյ հովանաւորութեան տակ գործող բոլոր հաղորդամիջոցներու միջեւ հաստատուի այնպիսի սերտ համագործակցութիւն մը, որ զիրենք դարձնէ Եկեղեցւոյ եւ ազգին բոլոր բաղկացուցիչներուն միասնականութիւնը խթանող ու զօրացնող շաղախը>>:

    Համագումարի քարտուղարություն: Քանաքեռ, 17 հուլիսի, 2014թ.:

Օրացույց

Օրացույց