«Ծայրահեղականներին կանգնեցնելը չպետք է պատրվակ դառնա երկիրը նվաճելու համար»
Հոգևոր առաջնորդների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Իրաքում մահմեդական ինքնահռչակ Խալիֆայության ահաբեկիչների կողմից այլադավանների, հատկապես քրիստոնյաների նկատմամբ ծավալված դաժան հալածանքն ու ջարդը: Քահանայապետն իր անձնական պատվիրակն է ուղարկել Իրաք, ով Քաղդեական Կաթողիկե Եկեղեցու Պատրիարքի հետ միասին ծանոթացել է քրիստոնյա, եզդի և այլ կրոնական պատկանելության փախստականների, լսել նրանց պատմությունները: Նրանք մի նոր ուղերձ են հղել միջազգային հանրությանը անմիջապես օգնելու փախստականներին, ազատագրելու ծայրահեղականների գրաված գյուղերը և պայմաններ ստեղծելու, որ արտաքսված բնակիչները վերադառնան իրենց բնակավայրերը: Կորեայից հետ վերադառնալիս լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Պապը, անդրադառնալով Իրաքին, ասել է, որ անհրաժեշտ է կանգնեցնել ագրեսսորին, բայց դա չի նշանակում ռմբակոծության ենթարկել՝ ի նկատի ունենալով մի քանի օր առաջ ամերիկյան օդուժի ռմբակոծությունները ինքնահռչակ խալիֆայության ռազմական հենակետերի վրա: Ագրեսսորին կանգնեցնելը կարող է պատրվակ դառնալ նվաճողական պատերազմ սկսելու համար, ասել է նա: Քահանայապետը վստահ է, որ այդ հարցը պետք է լուծի ՄԱԿ-ը և ոչ թե՝ մեկ պետություն: