Աղոթք՝ Կորեայի երկու հատվածների միջև խաղաղության և միասնության հաստատման համար
Կորեայում խաղաղության հաստատման մասին Քահանայապետն առավել ծավալուն խոսել է օգոստոսի 18-ին Կորեայում իր մատուցած վերջին Սբ. Պատարագի ժամանակ: Ուշադրություն հրավիրելով օրվա ավետարանական ընթերցման հատվածին, որտեղ Հիսուսը Պետրոս առաքյալին պատվիրում է ներել եղբորը ոչ թե 7 անգամ, այլ՝ 70 անգամ 7-ը, Քահանայապետը խնդրել է կորեացիներին ներել միմյանց, ներելով՝ միմյանց հետ անկեղծ երկխոսության եզրեր փնտրել: Դա կարող է մարդկային տեսակետից ոչ գործնական ու անհնար թվալ, բայց Քրիստոսի խաչը հայտնում է մեզ, որ Աստված բուժում է բոլոր վերքերը, կամրջում բոլոր բաժանումները, եթե վստահում են իրեն և ներում միմյանց: Պապը կոչ է արել կաթողիկեներին համագործակցել մյուս քրիստոնյա և այլակրոն կորեացիների հետ ու միասին աշխատել սիրո և եղբայրության մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ՝ սկսելով իրենց համայնքներից: Քահանայապետն աղոթել է Հարավային և Հյուսիսային Կորեաների մեջև խաղաղության հաստատման համար: Ցավալի զուգադիպությամբ կամ այլ դիպվածով հենց Քահանայապետի այցի օրերին Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը հերթական անգամ սպառնացել է անգութ հարձակումներ սկսել Հարավայաին Կորեայի դեմ, եթե վերջինս շարունակի իր համատեղ զորավարժությունները Միացյալ Նահանգների զինված ուժերի հետ: