«Աստծուն, կարծես թե, ջնջել են կտավի վրայից».Սրբազան Քահանայապետի պատգամը ասիացի երիտասարդներին
Հարավային Կորեայի Սոլմոեյի սրբավայրում, որտեղ ամփոփված է Կորեայի առաջին կաթողիկե քահանա Անդրեաս Քիմ Թեգոնը, Սրբազան Քահանայապետը իր հայրական խոսքն է ուղղել Ասիայի երիտասարդներին, ովքեր մասնակցում էին «6-րդ ասիական երիտասարդության օր» միջոցառմանը: Նա խոստովանել է, որ ուզում է հանպատրաստի խոսել երիտասարդների հետ, առանց թղթերի, որպեսզի ավելի հետաքրքիր լինի, ընկերն է այդպես խորհուրդ տվել Քահանայապետին: Իր բավական երկար խոսքից առանձնացրել ենք մի քանի շեշտադրում: «Այսօր Քրիստոս թակում է ձեր սրտի դուռը, իմ սրտի դուռը: Նա կոչ է անում ձեզ վեր կենալ և տեսնել կյանքում իսկապես կարևոր բաները: Ավելին, նա խնդրում է ձեզ և ինձ դուրս գալ աշխարհի ճանապարհներին, թակել մարդկանց սրտերի դռները՝ հրավիրելով նրանց իրենց կյանքի մեջ ողջունել Քրիստոսին».ասել է Քահանայապետը: Կարևորելով միասնական միջոցառումների դերը աշխարհում համերաշխություն հաստատելու գործում՝ Քահանայապետը ցավով փաստել է, թե որքան հաճախ են բարության, հույսի սերմերը, որ ջանում ենք սերմանել, խեղդվում եսասիրության, անարդարության մոլախոտերով, որոնց հետևանքն է հարուստների և աղքատների միջև աճող բևեռացումը, փողի, իշխանության պաշտամունքը, որոնք մարդկային կյանքեր են խլում: Բարեկեցության հենց կենտրոնում մեր մերձավորները տառապում են հոգևոր աղքատությունից, միայնությունից, հուսահատ են: «Աստծուն, կարծես թե, ջնջել են կտավի վրայից: Աշխարհում հոգևոր անապատացում է սկսվում, որն ազդում է երիտասարդներին ևս՝ զրկելով նրանց հույսից և հաճախ կյանքից».անդրադարձել է Սրբազան Քահանայապետը և կոչ արել, չնայած այդ ամենին, եռանդով վկայել Ավետարանի մասին, որը սովորեցնում է, որ Հիսուս Քրիստոս կարող է նոր կյանք տալ յուրաքանչյուրին, ով կընդունի իրեն իր սրտում, նույնիսկ ակնհայտ հուսահատության մեջ: Երբ երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչպես կարելի է օգնել, որ Կորեայի բաժանումը վերանա, ընտանիքները միավորվեն, Քահանայապետը խնդրել է աղոթել, որպեսզի չլինեն հաղթանակներ կամ պարտություններ, այլ՝ միայն մեկ ընտանիք, եղբայրներ: