• ԵՀՕ-2016 նախապատրաստական հանդիպումներ՝ համայնքներում: Առաջին կայանը Արևիկն է:

    «Երիտասարդնե՛ր…դուք ուժեղ եք, և Աստծու խոսքը բնակվում է ձեզ մեջ, և դուք հաղթեցիք չարին», Ա Հվհ., 2:14:


    2 նոյեմբերի, 2015թ.

     

    2015թ. նոյեմբերի 1-ին Արևիկ համայնքում տեղի ունեցավ հայ կաթողիկէ երիտասարդների հանդիպում՝ ի նախապատրաստություն Երիտասարդության համաշխարհային օրվա, որը տեղի է ունենալու 2016թ. հուլիսի 25-31-ը, Լեհաստանի Կրակով քաղաքում:

     

     Հանդիպմանը մասնակցում էր մոտ 40 երիտասարդ՝ Արևիկից, Ազատանից և Գյումրիից: Կազմակերպիչը Արևիկի, Ազատանի, Լանջիկի և Ձիթհանքովի ժողովրդապետ Արհ. Տ. Նարեկ քահանա Թադևոսյանն էր, ով երիտասարդներին մոտ մեկ ժամվա ընթացքում ծանոթացրեց ԵՀՕ պատմությանը, կարևորությանը՝ Կաթողիկէ Եկեղեցու առաքելության մեջ, բացատրեց, թե ինչպիսին է լինելու ԵՀՕ ծրագիրը, թե ինչ է սպասվում երիտասարդներին Կրակովում: Տեր Նարեկը խոսեց նաև ԵՀՕ մասնակցության համար երիտասարդների ընտրության չափանիշների մասին և հորդորեց յուրաքանչյուրին լավ կշռադատել, թե արդյոք համապատասխանում է այդ չափանիշներին և արդյոք կարող է արդարացնել Եկեղեցու սպասումները և հույսերը:

     

     Որպես կարևոր չափանիշներ Տեր Նարեկն առանձնացրեց երիտասարդ հավատացյալի բարեպաշտության արտահայտությունը գործնականում՝ ակտիվ մասնակցությունը Եկեղեցու պաշտամունքային կյանքում, Սբ. Պատարագներին, ընդ որում՝ Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով, հաճախակի խոստովանություն կատարելը, ջերմեռանդական աղոթքներ կատարելը առանձին և համայնականների հետ միասին, Աստվածածնի տոնական թափորներին և այլ եկեղեցական երիտասարդական միջոցառումներին մասնակցելը, բարոյական նկարագիրը, ավելիին ձգտելու և սովորելու պատրաստակամությունը և, իհարկե, քրիստոնեական սիրո գործեր կատարելը:

     

    Տեր Նարեկը խոստացավ, որ շարունակելու է այս ամենին հետևել աչալրջորեն և հետամուտ լինել, որպեսզի միայն արժանավորները միանան Հայաստանից կատարվելիք միասնական երիտասարդական ուխտագնացությանը դեպի Կրակով:

     

    Ժողովրդապետը երիտասարդներին խնդրեց յընթացս պատրաստել նաև պարային, երաժշտական, ասմունքային համարներ կամ այլ ցուցադրություններ՝ Կրակովում հայ հոգևոր և ազգային նկարագիրը գեղեցիկ ներկայացնելու համար, ինչի հնարավորությունը երիտասարդներն, ամենայն հավանականությամբ, կունենան:

     

    Հանդիպման երկրորդ կեսին Տ. Նարեկը խոսեց Խոստովանության սուրբ խորհրդի մասին և խոստացավ հետագա հանդիպումների ընթացքում խոսել նաև Եկեղեցու մյուս սուրբ խորհուրդների, տասը պատվիրանների, Եկեղեցու հինգ պատվիրանների, յոթ մահացու մեղքերի մասին՝ ջանալով խորացնել երիտասարդների գիտելիքները:

     

    Երիտասարդներից մեկը ժողովդրապետին առաջարկեց առանձին խոսել նաև հայ կաթողիկէ ինքնության և Հայ Կաթողիկէ Եկեղեցու էության ու պատմության մասին՝ երիտասարդների մոտ ավելի հստակ պատկերացում ու ինքնագիտակցություն զարգացնելու դիտավորությամբ:

     

    Նախատեսվում է նման հանդիպումներ կազմակերպել նաև այլ համայնքներում և այդպիսով ձմռան ամիսներին առաջ տանել ԵՀՕ նախապատրաստությունը՝ գարնանը դարձյալ Թորոսգյուղի «Աղաջանյան» ճամբարում ընդհանուր հանդիպումներ կազմակերպելու սպասումով: Հիշեցնեմ, որ 2015թ. ընթացքում ճամբարում կազմերպվեց ԵՀՕ պատրաստության 4 հանդիպում: Վերջին հանդիպմանը մասնակցեց մոտ 100 երիտասարդ: Այս թիվը դեռ աճելու է:

     

    DSC06723 DSC06730

Օրացույց

Օրացույց