«…Աստուած մեզ երկչոտութեան ոգի չտուեց, այլ՝ զօրութեան, սիրոյ եւ զգաստութեան: Ուստի ամօթ մի՛ համարիր վկայել մեր Տիրոջը…այլ մասնակից եղի՛ր Ավետարանի համար եղած չարչարանքներին, զօրութեամբ Աստծու…», Բ Տիմ., 1:6-9:
27 օգոստոսի, 2015թ.
2015թ. օգոստոսի 24-26-ը Սբ. Խորանի սպասավորների համար «Աղաջանյան» ճամբարում կազմակերպվեց եռօրյա հոգևոր դասընթաց և հանգիստ: Դասընթացին մասնակցեց 33 սպասավոր Շիրակի մարզի և Ջավախքի կաթողիկէ համայնքներից (Գյումրի, Ազատան, Փանիկ, Մեծ Սեպասար, Ղազանչի, Բավրա, Ջավախքի Բավրա):
Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանը, Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը, Գերպ. Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկը, Արժ. Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանը, Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանը երեք օրերի ընթացքում ոչ միայն դասեր էին անցակցնում էին սպասավորների հետ, այլև նրանց համար հետաքրքիր ժամանց ու հանգիստ կազմակերպում, մատուցում Սբ. Պատարագ և խոստովանություն ընդունում:
Դասընթացի նպատակը պատանի սպասավորների գիտելիքների զարգացումն էր՝ Սբ. Պատարագի խորհրդի և ծիսակատարության մասին, նրանց հոգևոր ներքին աճմանը նպաստելը, նրանց սրտերում հոգևոր ծառայության նկատմամբ խանդավառություն արթնացնելը, որպեսզի, Աստծո օգնությամբ, ոմանք մի օր սկսեն մտածել նաև քահանայական ծառայության մասին: Քահանաները նրանց սովորեցնում էին ճշգրիտ և գեղեցիկ կատարել Սբ. Խորանի սպասավորությունը, խնկարկել, կատարել աղոթքները, երգել շարականները, ճիշտ կեցվածք ունենալ ծիսակատարության ժամանակ՝ հասկանալով յուրաքանչյուր շարժման, աղոթքի և քայլի իմաստն ու կարևորությունը:
Հոգևորականները սպասավորների հետ զրուցում էին Աստծուն ծառայելու մասին՝ բացատրելով սպասավորության կարևորությունն ու պատիվը, զրուցում էին Քրիստոսի զինվոր լինելու առաքելության մասին, ընկերասիրության մասին, անձնազոհության մասին՝ հանուն Քրիստոսի և ընկերոջ, լավ զավակներ ու բարեպաշտ հավատացյալներ, պարտաճանաչ քաղաքացիներ լինելու կարևորության մասին: Սպասավորները մի ֆիլմ դիտեցին Մեքսիկայում 1920-ականներին «Քրիստոսի զինվորների» մղած պատերազմի ժամանակ Սբ. Խորանի մի նվիրյալ սպասավորի ինքնազոհության մասին:
Դասընթացի երկրորդ օրը եղանակը բարեհաճ գտնվեց և կազմակերպիչներին հնարավորություն ընձեռեց սպասավորների համար հանգիստ կազմակերպելու Սևանա լճի ափին՝ մի գեղեցիկ վայրում, որտեղ իրենց մեկշաբաթյա հանգիստն էին անկացնում «Հավատ և լույս» համայնքի սահմանափակ կարողություններով երեխաները: Սպասավորները, լճում լողալուց բացի, նաև այդ երեխաների հետ շփվելու գեղեցիկ առիթ ունեցան: Հանգիստն ուղեկցվում էր Վարդարանի աղոթքով, հայրենասիրական երգերով, ուրախ խաղերով:
Դասընթացի վերջին օրը սպասավորների համար մի փոքրիկ համերգային ծրագիր կազմակերպեցին Աղաջանյան ճամբարում հանգստացող «Վերածնունդ» միջազգային երաժշտական փառատոնի մասնակից երիտասարդները՝ երգերով, գործիքային կատարումներով և պարային համարներով:
Հոգևորականները կարևորում են նման դասընթացների և հանգիստի կազմակերպումը սպասավորների համար և հուսով են, միջոցների առկայության դեպքում, ավելի հաճախակի և երկար տևողությամբ կազմակերպել դրանք: Այս դասընթացն այս տարի արդեն երկրորդն էր: Առաջինը կազմակերպվեց այս տարվա հունիսին, դարձյալ «Աղաջանյան» ճամբարում: