Բաժիններ՝ Նորություններ
  • Կորեան անհամբեր սպասում էր «թույլերի հովվին»

    Կորեան անհամբեր սպասում էր «թույլերի հովվին»


    Հռոմի Սրբազան Քահանայապետը օգոստոսի 14-ից պաշտոնական այցով գտնվում է Հարավային Կորեայում: Սա Ֆրանցիսկոս Քահանայապետի առաջին պաշտոնական այցն է Ասիա: Օդանավակայանում Քահանայապետին դիմավորել են Կորեական Հանրապետության նախագահ տիկին Փաք Գյոն-Հեն, կորեական կաթողիկե եպիսկոպոսների խորհրդաժողովի ներկայացուցիչները, կաթողիկե հավատացյալներ: Կաթողիկեները Կորեայի ամբողջ բնակչության մոտ 11 տոկոսն են կազմում: Պապի այցին Կորեայում անհամբերությամբ սպասում էին թե քրիստոնյաները և թե այլադավանները: Կորեական թերթերում Ֆրանցիսկոս Քահանայապետին անվանում են «թույլերի հովիվ»՝ հավանաբար, ի նկատի ունենալով Պապի մշտական մտահոգությունը աղքատների և թույլերի մասին: Քահանայապետի այցից շատերն առաջընթաց են ակնկալում Կորեայում խաղաղության հաստատման ուղղությամբ: Պապը նախ Սբ. Պատարագ է մատուցել կաթողիկե նվիրակության շենքում, ապա պաշտոնական հանդիպում ունեցել երկրի նախագահի ու բարձաստիճան այլ պաշտոնյաների հետ: Նրանց ուղղված իր խոսքում, անդրադառնալով Կորեայի ներքին խնդիրներին, Քահանայապետը, հավատարիմ մնալով Եկեղեցու վարդապետությանը և իր ոճին, կարևորել է, որ հասարակության յուրաքանչյուր անդամի ձայնը լսելի լինի, բաց հաղորդակցության մթնոլորտ զարգացվի, հատուկ ուշադրություն դարձվի աղքատներին, խոցելիներին, ձայնազուրկներին: Առաջընթացը պետք է լինի ոչ միայն տնտեսական, այլև մարդկային արժեքների ամրապնդման իմաստով: Օգոստոսի 15-ին, երբ Լատին Եկեղեցին տոնում էր Աստվածածնի վերափոխման տոնը, Քահանայապետը Սբ. Պատարագ է մատուցել Թեջոնի Աշխարհի Գավաթի մարզադաշտում, ապա ճաշել է ճեմարանականների հետ, որից հետո այցելել է Սոլմե սրբավայրը, որտեղ ամփոփվել է կորեական առաջին կաթողիկե քահանա Անդրեաս Կիմ Թեգոնը: Պապը հանդիպել է նաև «6-րդ Ասիական երիտասարդության օր» միջոցառման մասնակիցներին: Իսկ օգոստոսի 16-ին Սոսոմուն կոչվող բնակավայրում Քահանայապետը հարգանքի տուրք է մատուցել կորեացի քրիստոնյա նահատակներ Յան Չի Չխունին և նրա 123 ընկիրներին՝ դասելով նրանց Կաթողիկե Եկեղեցու Երանելիների շարքը: Նրանք զոհ են դարձել 19-րդ դարում քրիստոնյաների նկատմամբ Կորեայում ծավալված դաժան հալածանքներին: Նրանցից 103-ը սրբերի շարքն են դասվել 1984թ. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետի կողմից: Կորեան կաթողիկե սրբերի մեծ թվով չորրորդ երկիրն է ամբողջ Կաթողիկե Եկեղեցում: Կորեացի նահատակներին երանացնելն այս օրերին պատահական չէ՝ ի նկատի ունենալով քրիստոնյաների նկատմամբ ներկայիս անսանձ հալածանքներն աշխարհում: Կիրակի օրը Պապը կայցելի քրիստոնյա նահատակների ևս մեկ սրբավայր: Օգոստոսի 18-ին Քահանայապետը հանդիպելու է կրոնական առաջնորդների հետ և Սեուլում Սբ. Պատարագ է մատուցելու վասն խաղաղության և հաշտության, որից հետո վերադառնալու է Հռոմ:

Օրացույց

Օրացույց