Հայ Կաթողիկէ Եկեղեցու նոր Կաթողիկոս Պատրիարքի ընտրությունը տեղի ունեցավ քրիստոնյաների համար պատմական բարդ ժամանակահատվածում:
25 հուլիսի, 2015թ.
Ֆրանցիսկոս Սրբազան Պապը շնորհավորական նամակ է ուղարկել Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքին, որում իր ուրախությունն է հայտնում նրա ընտրության առիթով և շնորհում է Եկեղեցական հաղորդությունը, որը նորընտիր Պատրիարքը խնդրել էր իրենից առանձին նամակով, ինչպես սահմանված է եկեղեցական կանոններով:
Սրբազան Պապն իր նամակում գրում է, որ Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի-ի ընտրությունը տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ Հայ Եկեղեցին դիմագրավում է զանազան դժվարություններ և մարտահրավերներ: Պապը ի նկատ ունի հատկապես Մերձավոր Արևելքում հայ ժողովրդի մի մասի կրած տառապանքները ահաբեկչական գործողությունների հետևանքով:
«Հարուցյալ Քրիստոսի հանդեպ հավատքի լույսով լուսավորված՝ մենք լի ենք հույսով և եղբայրասիրությամբ, որովհետև վստահ ենք, որ Հիսուսի Խաչը կենսատու ծառն է».գրում է Քահանայապետը:
Նա վստահ է, որ Ամենապատիվ Տերը և Հայ Կաթողիկէ Սինոդի մյուս եպիսկոպոսները միասին կառաջնորդվեն Սուրբ Հոգով՝ լինելու բարի հովիվներ՝ իրենց խնամքին վստահված Աստծո ժողովրդի համար, բարեխոսությամբ բազմաթիվ հայ նահատակների և Սբ. Գրիգոր Նարեկացու՝ Տիեզերական Եկեղեցու վարդապետի: