2015թ. հունիսի 11-12-ը «Կարդինալ Աղաջանյան» ճամբարում կազմակերպվեց երկօրյա դասընթացներ և հանգիստ՝ Սբ. Խորանի սպասավորների համար: Մասնակցում էր 32 սպասավոր՝ Գյումրի, Մեծ Սեպասար, Ղազանչի, Բավրա, Սարագյուղ, Փանիկ, Արևիկ, Ջավախքի Բավրա համայնքներից:
12 հունիսի, 2015թ.
Դասընթացներն անցկացնող հոգևորականներն էին՝ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանը, Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը, Արժ. Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանը և Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանը: Որպես հիմնական թեմա ընտրված էր հետևյալը.«Լինել Քրիստոսի բարեկամ»:
Դասընթացների ընթացքում սպասավորները գիտելիքներ ստացան Սբ. Պատարագի ժամանակ ճիշտ սպասավորություն կատարելու, ծիսական սպասքի և զգեստավորման, գրականության, երգեցողության և զանազան այլ կարևոր կետերի ու սկզբունքների վերաբերյալ:
Հոգևորականներն անցկացրեցին հոգևոր զրույց՝ պատմելով իրենց անցած հոգևոր ճանապարհի մասին՝ հոգևոր ծառայության սկիզբ, արձագանք և հավատարմություն աստվածային կոչմանը, կյանքի իմաստավորում և ճիշտ նպատակադրություն, հետևողականություն և անկեղծ բարեկամություն Աստծո հետ:
Հոգևոր փորձառության անհատական պատմություններ լսելը անմիջական մթնոլորտում, մտերմիկ զրույցի տեսքով որույն, գրավչություն ունեն երիտասարդների համար և շատ արդյունավետ են, համոզված են հոգևորականները:
Հոգևոր զրույցներից բացի նաև թիմային խաղեր կազմակերպվեցին՝ թե երիտասարդների և թե հոգևորականների մասնակցությամբ:
Վերջում անցկացվեց գիտելիքների մրցույթ. առավել լայն գիտելիքներով սպասավորները նվերներ ստացան:
Դասընթացի երկրորդ օրն առավոտյան մատուցվեց Սբ. Պատարագ, ապա մասնակիցներին իր հայրական այցելությամբ ուրախացրեց Բարձշն. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, ով առանձնապես կարևորեց նման միջոցառումների հաճախակի կազմակերպումը՝ ի նպաստ նոր հոգևոր կոչումների համար բարենպաստ հող նախապատրաստելու աշխատանքի: Հոգևորականները մտադիր են շարունակական դարձնել խորանի սպասավորների հետ նման աշխատանքը: