• Դատապարտյալների երեխաներն ուզում են աշխարհն ավելի լավը դարձնել.Պապը և «երեխաների գնացքը»

    Աստծո սերը երբեք չի լքում մեզ, այլ միշտ մեզ հետ է: Դուք հավատու՞մ եք այդ սիրույն


    2 հունիսի, 2015թ.

     

     2015թ. մայիսի 30-ին Սրբազան Պապի հետ հանդիպել են մոտ 600 երեխաներ, ովքեր Վատիկան էին ժամանել գնացքով՝ «Երեխաների գնացքը», ինչպես ասում են: Այդ երեխաների ծնողները Իտալիայի բանտերում պատիժ կրող դատապարտյալներ են: Պապի հետ նրանց հանդիպումը կազմակերպել էր Մշակույթի պապական խորհուրդը: Նպատակը, ըստ կազմակերպիչների, երեխաներին առօրյա դժվարություններից, ծնողներից հարկադիր բաժանման հոգեբանական հետևանքներից մի պահ կտրելն էր և Քահանայապետի քաջալերանքը լսելու առիթը, ինչն ընձեռնվեց հիշարժան, մտերմիկ մի զրույցի ձևով:

     

    Ահա մի քանի հատված:

    Երեխաները Պապին նվերներ էին բերել, մեկը՝ հին գետնադաբաններից բերված հող, մյուսը՝ ինչ-որ բույս:

     

    -Որտե՞ղ են գետնադամբանները,-հարցել է Պապը:

     

    -Գետնի տակ,-պատասխանել են երեխաները:

     

    -Իսկ գետնադամբաններում լույս կա՞:

     

    -Ո՛չ…խավար է:

     

    -Խավար: Դուք ինձ հող եք բերել խավարից: Իսկ ի՞նչ է նշանակում դա…ո՞վ կարող է ասել ինձ…Ինչու՞ եք ինձ հող բերել խավարից: Չեմ լսում: Բարձր ասացե՛ք:

     

    -Որպեսզի այն լույս դառնա:

     

    -Ճիշտ է: Խավարը լույսի համար է.երբ գիշեր է, ամեն բան խավար է: Բայց մենք սպասում ենք արշալույսին, երբ ծագում է լույսը: Ո՞րն է ավելի կարևոր: Լու՞յսը, թե խավարը:

     

    -Լու՛յսը:

     

    -Լու՛յսը: Եվ երբ մենք խավարում ենք, ո՞րն է ամենակարևորը: Գնալ դեպի…

     

    -Լու՛յսը…լու՛յսը:

     

    -Լու՛յսը: Այն միշտ մեր ներսում է: Որովհետև լույսը մեզ ուրախություն է տալիս: Այն մեզ հույս է տալիս: Իսկ մենք միշտ կարո՞ղ ենք գտնել լույսը:

     

    -Այո՛,-պատասխանել է մի աղջնակ:

     

    -Ճի՛շտ է, դու…վստահ ես: Ասա՛ նրանց՝ մենք կարո՞ղ ենք գտնել լույսը:

     

    -Այո՛,-դարձյալ կրկնել է աղջնակը:

     

    -Հիմա, բոլորդ միասին…մենք կարո՞ղ ենք:

     

    -Այո՛,-արձագանքել են բոլորը:

     

    -Այո՛, որովհետև լույսի մեջ լավ բաներն են, և լույսի մեջ կարող եք անել այն, ինչ ասացիք ինձ, երբ նվիրեցիք այդ բույսը՝ ստանալ պտուղներ, որոնք կօգնեն մեզ աշխարհը դարձնել ավելի…

     

    -Լա՛վը:

     

    -Եվ կարելի՞ է ստեղծել ավելի լավ մի աշխարհ:

     

    -Այո՛:

     

    -…Եվ ինչպե՞ս եք աշխարհն ավելի լավը դարձնում: Ատելությա՞մբ:

     

    -Ո՛չ, սիրո՛վ:

     

    -Սիրո՛վ: Սիրով: Բոլորը միասին, ինչպես եղբայրներ, կռվելով կողք կողքի՝ հանուն սիրո: Եվ այդ պատճառով, մի բան կասեմ ձեզ: Երբ Հովհաննես առաքյալը…ով ուզում էր ասել, թե ով է Աստված, գիտե՞ք, թե ինչ ասաց: «Աստված սեր է»: Գեղեցիկ բան է սա: Ո՞վ է Աստված:

     

    -Նա սե՛ր է:

     

    -Ավելի բա՛րձր:

     

    -Սե՛ր է:

     

    -..Եվ մենք գնում ենք դեպի լույսը՝ գտնելու համար Աստծո սերը: Բայց արդյո՞ք Աստծո սերը մեր մեջ է, նույնիսկ խավարում: Աստծո սերը թաքնված է: Այո՛: միշտ: Աստծո սերը երբեք չի լքում մեզ: Այն միշտ մեզ հետ է: Դուք հավատու՞մ եք այդ սիրույն:

     

    -Այո՛:

     

    -Շնորհակալ եմ, որ եկաք: Ես այնքա՛ն երջանիկ եմ, որ մենք միասին ենք:

     

    -Մե՛նք էլ: Մենք բոլորս սիրում ենք Ձեզ:

     

    -Ես կաղոթեմ ձեզ համար, որպեսզի Տերը ձեզ դարձնի աշխարհին սեր բերող տղաներ և աղջիկներ: Երբ Աստծո սերն է առջևում, ամեն բան լավ է…,-ասել է Սրբազան Քահանայապետը:

Օրացույց

Օրացույց