• Հայ Կաթողիկէ Երիտասարդական Միության հիմնադիր Ընդհանուր Համագումարը

    Պաշտոնապես հիմնադրվեց ՀԿԵՄ-ը


    2025 թ. դեկտեմբերի 19-21-ը Երևանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում տեղի ունեցավ Հայ Կաթողիկէ Երիտասարդական միության հիմնադիր Ընդհանուր Համագումարը, որին մասնակցեցին 48 երիտասարդներ` Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքներից։ Համագումարը նախագահեց և հովանավորեց Արհ. Տ. Գեւորգ Արքեպս. Նորատունկյանը՝ գործակցությամբ Հայաստանի Ավագերեց Գերպ. Հ. Ներսես Վրդ. Գալստյանի, Դիվանի Քարտուղար Տ. Հովսեփ Քհն. Գալստյանի, Երևանի ժողովրդապետ Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանի և Փանիկի ժողովրդապետ Արժ. Տ. Միքայել Քհն. Դոմբուրյանի։ Համագումարին մասնակցեցին նաեւ Անարատ Հղության հայ միաբաններ ք. Նարինե Սիմոնյանը և Մարիամ Հարությունյանը, ինչպես նաև՝ հյուրընկալությամբ Երևանում գտնվող Հռոմի Սուրբ Աթոռի Սրբերի Վերատեսչության աշխատակից դկտ. Վալենտինա Կարախանյանը:

     

    ՀԿԵՄ՝ Հայ կաթողիկէ ռրիտասարդական միության, հիմնադրման նախաձեռնությունը այս տարի դեպի Հռոմ Հույսի ուխտագնացություն կատարած երիտասարդների մի խմբինն է, ովքեր իրենց առաջարկը ներկայացրեցին Սրբազան Հորը և, օրհնություն ստանալով, մշակեցին միության ռազմավարությունը եւ  կանոնադրությունը, որոնք վերջնական տեսքի բերեցին Դիվանի Քարտուղարի հետ միասին։ Այդ երկու փաստաթղթերում, որոնք մանրամասն ներկայացվեցին Ընդհանուր Համագումարի ժամանակ` դեկտեմբերի 21-ին, արտահայտված և ամրագրված են երիտասարդների պատկերացումները միության վերաբերյալ` որպես կամավոր սկզբունքներով ձևավորված միավորում, որի նպատակն է միավորել հայ կաթողիկէ երիտասարդներին և առաջնորդել դեպի առավել սերտ մտերմություն Տեր Հիսուս Քրիստոսի հետ, դեպի սրբություն, ինքնակատարելագործում, կրթություն եւ արգասաբեր ծառայություն Հայ Կաթողիկէ Եկեղեցուն` երիտասարդական ավյունով և հույսով, համահունչ Հույսի հոբելյանական տարվա խորհրդին, որը և խթան հանդիսացավ միության հիմնադրման համար։

     

    Անշուշտ, պետք է ասել, որ անցած 34 տարիների տարիների ընթացքում նախկին Առաջնորդների, քահանաների եւ երիտասարդների կողմից ևս հսկայական աշխատանք է տարվել երիտասարդական նախաձեռնությունների, միասնական հավաքների, համայնքային օրերի կազմակերպման և միության կայացման ուղղությամբ, ինչն իր պտուղները Եկեղեցում և երիտասարդների հոգիներում վստահաբար տվել է: Երիտասարդների ներկայիս սերնդի նախաձեռնությամբ, ինչպես նաև Առաջնորդության հովվական աշխատանքի ներկայիս  սկզբունքների և բնութագրի պայմաններում վերջապես հասունացավ ժամանակը` պաշտոնապես հիմնելու երիտասարդական ընդհանուր միություն` որպես կանոնական հաստատություն, Առաջնորդ Հոր պաշտոնական վճռով, ներքին կանոնադրությամբ և ռազմավարական գործողությունների հստակ ծրագրով։

     

    Դեկտեմբերի 20-ին երիտասարդների նախաձեռնող խումբը Սրբազան Հորը, ներկա հոգևորականներին եւ իրենց ընկերներին ներկայացրեցին ՀԿԵՄ հնգամյա Ռազմավարությունը` տեսլականը, առաքելությունը, արժեքները, գործունեության հիմնական ուղղությունները, ապա` Կանոնադրությունը և գործողությունների ծրագիրը, որից հետո Առաջնորդ Հայրը ընթերցեց իր պաշտոնական Վճիռը (թիվ՝ Դիվան 09/025)` ՀԿԵՄ հիմնադրման մասին եւ հանդիսավորությամբ ստորագրեց իր Վճիռը և մյուս երկու փաստաթղթերը եռալեզու` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, տարբերակներով։

     

    Այդպիսով, ՀԿԵՄ-ը պաշտոնապես հիմնադրվեց որպես հայ կաթողիկէ երիտասարդների կամավոր հասարակական միավորում՝ Առաջնորդության կանոնական և իրավական հովանու ներքո:

     

    Հաջորդ քայլը ՀԿԵՄ ղեկավար մարմինների ընտրությունն էր: Փակ քվեարկությամբ ՀԿԵՄ Նախագահ ընտրվեց Երևանի հայ կաթողիկէ միության անդամ, ծնունդով գյումրեցի, Երևանի Բժշկական Համալսարանի օրդինատուրայի ուսանող, մասնագիտությամբ ռեաբիլիտոլոգ պրն. Նաիրի Հաջյանը: Վարչական գծով փոխնախագահ նշանակվեց Երևանի հայ կաթողիկէ միության անդամ, ծնունդով Մեծ Սեպասարից, մասնագիտությամբ լեզվաբան, Վ. Բրյուսովի անվ. համալսարանի շրջանավարտ օր. Կատյա Հակոբյանը, Ֆինանսական գծով փոխնախագահ՝ Տաշիրի և Երևանի հայ կաթողիկէ միության անդամ, ծնունդով Տաշիրից, Ֆրանսիական Համալսարանի Կառավարման ֆակուլտետի շրջանավարտ, RED Invest Group անշարժ գույքի գործակալության վերլուծաբան պրն. Սերժ Նազարյանը, քարտուղար՝ ծնունդով Բավրայից, Երևանի Պետական Համալսարանի Հանրային Կառավարում ֆակուլտետի ուսանող, երիտասարդական Բրայթ իմփաքթ ՀԶՀԿ-ի ծրագրերի համակարգող օր. Վեներա Պետրոսյանը, սոցիալական մեդիայի (SMM) մենեջեր՝ Աշոցքի և Երևանի երիտասարդական միության անդամ, ծնունդով Ղազանչիից, Երևանի Պետական Համալսարանի Հանրային Կառավարման ֆակուլտետի ուսանող, ԱՅԲ դպրոցի Կրթական գործընթացների համակարգման բաժնի պատասխանատու օր. Նաիրա Ղազարյանը: Կշնանակվեն նաև այլ ոլորտային պատասխանատուներ՝ համայնքային 21 ներկայացուցիչ երիտասարդներից, որոնք ընտրվեցին ժողովրդապետների հետ խորհրդակցությունների արդյունքում և նրանց առաջարկով: Պաշտոնները ընտրվել և նշանակվել են 3 տարի ժամկետով:

     

    Համագումարի ընթացքում քննարկվեցին նաև 2026 թվականին նախատեսված գործողությունները, որոնք վերջնականապես օրակարգերով հանդերձ կհաստատվեն առաջիկա օրերին: Ծրագրված ձեռնարկները բաժանվում են երկու հիմնական խմբերի՝

     

    1.ընդհանուր գործողություններ, օրինակ՝ ամենամյա ՀԿԵՄ Ընդհանուր Համագումարը, Մեծի Պահոց հոգևոր կրթության օրերը՝ փետրվար-մարտ ամիսներին, որոնք նախատեսված է անցկացնել դարձյալ Երևանում, ամառային բակային և միասնական ճամբարներ, նախաձեռնող-ղեկավար խմբի իրազեկման և մոտիվացիոն այցելություններ՝ տարբեր համայնքներ՝ երիտասարդներին տեղում ակտիվացնելու ծրագրերով,

     

    2.տեղական գործողություններ համայնքներում՝ ըստ ՀԿԵՄ ռազմավարության և սկզբունքների, օրինակ՝ կրոնուսուցում՝ կամավորներ ֆասիլիտատոր-ուսուցիչների միջոցով (այս պահին արդեն աշխատում են 5 երիտասարդներ, որոնք շարունակաբար պատրաստվում են), ձեռնարկներ՝ նվիրված եկեղեցական տոներին, Սուրբ Գրքի ուսումնասիրության ձեռնարկներ, կինոդիտում-քննարկումներ, ուխտագնացություններ և այլն:

     

    Այս երկու ուղղություններից զատ և առանձնահատուկ կերպով՝ որպես ՀԿԵՄ ամբողջ գործունեության նախապայման և մեկնակետ, կարևորվեց նաև երիտասարդների անձնական և հավաքական աղոթական կյանքի խորացումը և քրիստոնեական կրթությունը, առավել խոր գիտելիքների ձեռքբերումը, որոնք իրականացվելու են առցանց և դեմառդեմ պատրաստությունների, հստակ գրականության ընթերցում-քննարկումների, գոյություն ունեցող առ-ցանց դասընթացներին (օրինակ՝ կրոնի ուսուցման դասընթացը, որ մեկնարկել է 2023-ին) միանալու միջոցով:

     

    Երիտասարդական Ընդհանուր Համագումարն ավարտվեց խնջույքով՝ Սուրբ Ծննդյան տոնական տրամադրությամբ, Աստծո Որդու Մարդեղության վսեմ խորհրդի հոգևոր խոր ապրումի սպասումով և այն մեծ Հույսով, որով մեկնարկեց երիտասարդական այս նախաձեռնությունը, այն մեծ Հույսով, որ Քրիստոսն Ի՛նքն է, և «որը երբեք չի ամաչեցնում», ըստ առաքյալի խոսքի:

     

    Հ.Գ. ՀԿԵՄ Ընդհանուր Համագումարի կազմակերպումը հնարավոր եղավ իրականացնել Ամերիկյան կաթողիկէ եպիսկոպոսների խորհրդի (USCCB) առատաձեռն աջակցությամբ, որի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը:

     

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

    Քարտուղար Դիվանի Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    22 դեկտեմբերի, 2025թ.

     

Օրացույց

Օրացույց