• Առաջնորդ Հայրը հոգևոր կրթություն անցկացրեց Անարատ Հղության հայ քույրերի համար

    «Տեսա քեզ, երբ թզենու տակ էիր», Հվհ. 1:48


    2025թ. դեկտեմբերի 5-9-ը Անարատ Հղության հայ միաբան քույրերն, ըստ միաբանության վաղեմի սովորության, մասնակցեցին հոգևոր կրթության՝ ընդառաջ դեկտեմբերի 9-ի՝ Անարատ Հղության տոնին, որը միաբանության գլխավոր տոնն է: Այս տարի նաև լրանում է միաբանության 178-ամյա հոբելյանը:

     

    Հոգևոր կրթությունը վարեց Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը՝ Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդը, ով մասնագիտացած է հոգևոր կոչումների պատրաստության աստվածաբանական բնագավառում Հիսուսյան միաբանության մեթոդաբանությամբ: Հոգևոր կրթության թեմատիկ ուղղվածությունն էր՝ խորհրդածությունների առանցք դարձնել սեփական հոգևոր կոչման վերարժևորումն ու վերագնահատումը՝ անձնական կյանքի հիշողությունների համապատկերի վրա, որոնք չափազանց կարևոր են՝ հոգևոր կոչման մեջ հավատարիմ մնալու համար: Սրբազանը քույրերին հրավիրեց մտածել հետևյալ ենթակետերի մասին.

     

    -խորհրդածություն՝ Փիլիպպոսի և Նաթանայելի կոչման պատմության մասին. «Արի՛ իմ ետևից», այս խոսքերին հավատարի՞մ եմ արդյոք,

     

    -լինել ընտրված. ի՞նչ է նշանակում ինձ համար, ի՞նչ վիճակում էի այն ժամանակ, երբ կանչվեցի, և ինչպիսի՞ն եմ հիմա, արդյո՞ք ունեմ նույն խանդավառությունը, ինչպիսի՞ գնահատական եմ տալիս Հիսուսի հանդեպ նվիրումիս, արդյո՞ք ուրախ եմ այսօր իմ հոգևոր ծառայությանս համար,

     

    – ծառայության և նվիրումի մեջ գնալ մինչև վերջ, սպառվել, ունայնացնել սեփական անձը՝ որպես կատարայալ տիպար ունենալով Տիրոջը (հմմտ.՝ Փլպ. 2:5-11, որտեղ խոսվում է «կենոզիսի»՝ ունայնացման մասին),

     

    – ամենակարևորը Տիրոջ կամքը կատարելն է,

     

    – Ղազարոսի երկու քույրերի՝ Մարթայի և Մարիամի օրինակով կարող ենք հասկանալ, թե ինչ է նշանակում գործունյա և հայեցողական ծառայությունը, և որ ամենակարևորը Տիրոջ համար ծառայելն է՝ Տիրոջ հետ միասին լինելով, ինչպես Մարիամն էր, (հմմտ.՝ Ղկ. 10:38-42),

     

    – Տերը Նաթանայելին տեսավ, երբ դեռ թզենու տակ էր, ճանաչում էր նրան, կարևոր է նաև այն վիճակը, որում նա գտնվում էր կանչվելու ժամանակ,

     

    – սիրահարված լինել Աստծուն և մնալ Նրա սիրո մեջ մինչև վերջ,

     

    – ծառայության մեջ ներքին մխիթարություն գտնել մեր փոքրիկ գործերում, որոնք կատարում ենք մեծ սիրով:

     

    Այս և այլ մտքերի շուրջ, որոնք առաջարկում էր Սրբազանը, կատարվեցին Սուրբ Հաղորդության առջև առանձին և լուռ խորհրդածություններով:

     

    Քույրերի հոգևոր կրթությունը պսակվեց Անարատ Հղության տոնի հանդիսավոր Սուրբ Պատարագով, որը մատուցվեց Սրբազան Հոր ձեռամբ, Տիրամայր Հայաստանի կենտրոնում, որի ընթացքում միաբան քույրերն, ըստ ավանդության, գեղեցիկ աղոթքներով նորոգեցին իրենց մշտնջենական ուխտերը՝ Աստծո առաջ: Սուրբ Պատարագին ներկա էր նաև Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին՝ կնոջ հետ միասին: Ելույթ ունեցավ Տիրամար Հայաստանի երգչախումբը՝ Ռոբերտ Մլքեյանի գեղարվեստական ղեկավարությամբ:

     

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    15 դեկտեմբերի, 2025թ.

     

Օրացույց

Օրացույց