Հովվական նոր սլացքի տեսլականով
Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը 2025թ. մայիսի 14-18-ը հովվական այցով Վրաստանի հայ կաթողիկէ համայնքներում էր: Մայիսի 15-16-ը Թբիլիսիի ժողովրդապետության մեջ կազմակերպվեց աշխատանքային ժողով՝ տեղի համայնքներում ծառայող հոգևորականների հետ, որն ուղեկցվեց ժամերգերություններով և Սուրբ Պատարագներով, միասնական ճաշի և զրույցի առիթներով:
Առաջնորդ Հոր հետ հանդիպումների ժամանակ տեղի ժողովրդապետները և Ավագերեց Վարդապետը ներկայացրեցին իրենց հովվության ենթակա ժողովրդապետությունների նկարագիրը՝ հոգևոր և նյութական կողմերով: Առաջնորդը ներկայացրեց Առաջնորդության հովվական նոր ընթացքի վերաբերյալ իր տեսլականը, իր կողմից որդեգրված կազմակերպչական նոր եղանակը, հատկապես, մատակարարական և հաշվապահության նոր համակարգը, որը առավել համապատասխան է ժամանակակից մեթոդներին, ՀՀ օրենսդրության և միջազգային դոնոր կազմակերպությունների պահանջներին և հաշվետվողականության ու թափանցիկության սկզբունքներին, որոնք առավել քան կարևոր են եկեղեցական համակարգի համար: Այս բարեփոխումները կոչված են առավել հասցեական և արդյունավետ կերպով լուծելու խնդիրները՝ Առաջնորդության տնտեսական և ֆինանսական համակարգում: Խոսվել է նաև բարերար կազմակերպությունների հետ Առաջնորդության հարաբերություններն առավել բարձր մակարդակի բարձրացնելու ռազմավարության մասին, որ որդեգրված է Առաջնորդի կողմից: Սրբազան Հայրը գոհունակությամբ է խոսել նաև այն հավատացյալների մասին, ովքեր մշտապես կանգնած են Եկեղեցու կողքին՝ սատարելով հովվական տարատեսակ հարցերի լուծմանը:
Հ. Միքայել Ծ. Վրդ. Խաչկալյանը ներկայացրել է Վրաստանի հայ կաթողիկէ համայնքների ֆինանսա-տնտեսական համակարգը, որն ունի իր յուրահատկությունները՝ կապված Վրաստանի օրենսդրության հետ:
Հանդիպմանը մասնակցեց և քննարկվող թեմաների վերաբերյալ իր նկատառումները հոգևոր հայրերին փոխանցեց նաև Հայաստանում և Վրաստանում Սուրբ Աթոռի Առաքելական Նվիրակ Արքեպիսկոպոս Անտե Յոզիչը:
Առանձին հանդիպում տեղի ունեցավ նաև Վրաստանի Կարիտասի գործադիր տնօրեն Տկն. Անահիտ Մխոյանի հետ, ով ներկայացրեց ծրագրեր մշակելու և իրականացնելու ժամանակակից պահանջները:
Դիվան Առաջնորդության
19 մայիսի, 2025թ.