• Վախճանյալ Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությունը

    «Սիրելի՜ Ֆրանցիսկոս, հիմա մենք ենք խնդրում աղոթել մեզ համար>>


    2025թ. ապրիլի 26-ին տեղի ունեցավ Ն.Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Պապի թաղման արարողությունը, որը սկիզբ առավ Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում մատուցված Սուրբ Պատարագի հանդիսավոր արարողությամբ, որին, ըստ Սուրբ Աթոռի Մամլո Գրասենյակի, մասնակցեց մոտ 150,000 մարդ` Կաթողիկէ Արևելյան Եկեղեցիների Պատրիարքներ, Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքը, քույր Եկեղեցիների Առաջնորդներ, նաև` Ամենայն Հայոց Կաթողիկոսը, եպիսկոպոսաց դասն` ամբողջ աշխարհից, տարբեր ազգերի ներկայացուցիչ հազարավոր հավատացյալներ, ովքեր աշխարհի տարբեր ծայրերից եկել էին հրաժեշտ տալու վախճանյալ Քահանայապետին և աղոթելու նրա համար: Սուրբ Պատարագը մատուցեց Կարդինալների դասի նախագահ Կարդինալ Ջիովաննի Բատիստա Ռեն, ով իր շատ հուզիչ և ազդեցիկ քարոզում մի գեղեցիկ ամփոփ կատարեց Ֆրանցիսկոս Սրբազան Պապի 12 տարիների քահանայապետական ծառայության վաստակի վերաբերյալ: Կարդինալ Ռեի խոսքով, այդ ծառայությունն իր վրա է կրում ժողովրդի հետ մտերմության նրա ինքնաբուխ ոճը, բայց ամենակարևորը նրա խոր սերը` դեպի Տիրոջ Եկեղեցին, որը նա ուզում էր բացել բոլորի առջև: Նրա խոսքով, այդքան մեծ թվով սգացող և աղոթակցող բազմությունների ներկայությունը փաստում է, որ Ֆրանցիսկոս Պապը իսկապես դիպչում էր շատերի սրտին ոչ միայն Կաթողիկէ Եկեղեցում, այլ նաև ամբողջ քրիստոնյա աշխարհում և ոչ միայն: Ֆրանցիսկոսն իսկապես մի բարի և քաջ հովիվ էր` Սուրբ Պետրոսի արժանի հաջորդը, ում Տերը հանձնարարեց հովվել Իր հոտը: Կարդինալ Ռեն ասաց. «Չնայած իր տկարությանը և տառապանքին, որը տարավ մինչև վերջ, Ֆրանցիսկոս Պապը որոշեց գնալ ինքնաընծայաբերման ճանապարհով` մինչև իր կյանքի վերջին օրը` հետևելով իր Տիրոջը` Բարի Հովվին»:

     

     

    Կարդինալ Ռեն հիշեց, թե ինչպես Պապն ընտրեց իր անունը` «Ֆրանցիսկոս», որն ուրվագծեց նրա հովվական ծրագիրը և պապական ծառայության ձևը` ներշնչված Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզեցու օրինակով: Իր բնավորությամբ, հովվական առաջնորդությամբ և վճռական անհատականությամբ Ֆրանցիսկոս Պապը «անջնջելի կնիք դրեց Եկեղեցու կառավարման վրա», ասաց կարդինալը:

     

    Նա Պապ էր ժողովրդի մեջ` բաց սրտով բոլորի հանդեպ, հատկապես, արհամարհվածների, բայց նաև ուշադիր` ժամանակների նշանների հանդեպ և թե ինչպես էր Սուրբ Հոգին ներգործում Եկեղեցում: Իրեն բնորոշ բառապաշարով և լեզվով նա մշտապես ջանում էր լույս սփռել մեր ժամանակների դժվարին խնդիրների վրա` Ավետարանի իմաստությամբ, քրիստոնյաներին քաջալերելով ապրել սեփական հավատքը` այս մարտահրավերների և հակասությունների մեջ, որը նա սիրում էր բնորոշել որպես «ժամանակաշրջանային փոփոխություն»:

     

    Ֆրանցիսկոսի հովվական տեսլականի մեջ առանցքային տեղ ուներ Ավետարանացումը, որը հստակ ձևով արտացոլված է մանավանդ իր «Ավետարանի ուրախությունը» առաքելական նամակում, բացատրեց Կարդինալ Ռեն: Եկեղեցին նա համեմատում էր «դաշտային հիվանդանոցի» հետ, որ պետք է զբաղվի մարդկանց վերքերը բուժելով: Նա մշտապես խոսում էր փախստականների, գործազուրկների իրավունքների պաշտպանության, աջակցության մասին, միշտ հոգ էր տանում ամենակարիքավորների հանդեպ: Նա շեշտադրում էր նաև աստվածային ողորմության փոխանցման պարտականության վրա, որ Եկեղեցու առաքելությունն է: Սրանից բխում էին նրա արտահայտությունները «հանդիպման մշակույթի» մասին` ընդդեմ «դեն նետելու մշակույթի»:

     

    «Նա սիրում էր միշտ ասել` մի՜ մոռացեք աղոթել ինձ համար, իսկ հիմա ժամանակն է, որ մենք հակառակն ասենք. «Սիրելի՜ Ֆրանցիսկոս, հիմա մենք ենք խնդրում աղոթել մեզ համար: Օրհնի՜ր Եկեղեցին, օրհնի՜ր Հռոմը, օրհնի՜ր ամբողջ աշխարհը երկնքից, ինչպես արեցիր նախորդ կիրակի այս տաճարի պատշգամբից` վերջին անգամ փարվելով Աստծո ամբողջ ժողովրդին, բայց նաև ամբողջ մարդկությանը, որը փնտրում է ճշմարտությունը` անկեղծ սրտով և բարձր է պահում հույսի ջահը». այսպես ավարտեց իր քարոզը Կարդինալ Ռեն:

     

    Սուրբ Պատարագից հետո Պապի մարմինը հանդիսավոր թափորով տեղափոխվեց Հռոմի Մարիա Մաջիորե Բազիլիկ Տաճարը: Ճանապարհն անցնում էր Հռոմի փողոցներով, որտեղ հազարավոր մարդիկ ծափահարություններով էին ողջունում իրենց սիրելի Ֆրանցիսկոս Պապին:

     

    Երբ նրա մարմինը մտցվեց Մարիա Մաջիորեից ներս, մի քանի րոպե թափորը կանգ առավ Սուրբ Պողոսի մատռան դիմաց, որտեղ կանգնած է Մարիամի Salus Populi Romani` Հռոմեական Ժողովրդի Փրկություն, արձանը: Ժամը 13:00-ին սկսվեց Պապի հուղարկավորության ծիսակատարությունը` նախագահությամբ պապական սենեկապետ Կարդինալ Քեվին Ֆարրելի: Ֆրանցիսկոս Պապի մարմինը դրվեց Սֆորցայի և Սուրբ Պողոսի մատուռների միջև գտնվող տարածքում, որտեղ պապն ինքն էր կամեցել հուղարկավորվել` իր իսկ թողած կտակով: Նրա մարմինը դրվեց գետնադամբանում, որի վրա ոչ մի զարդաքանդակ չի լինի, այլ միայն` Ֆրանցիսկոսի սիրելի խաչի պատկերը, որի վրա Բարի Հովիվն է` իր ոչխարների հետ, և գերեզմանին գրված կլինի Պապի անունը` «Franciscus»:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ հայոց
    26 ապրիլի, 2025թ.

     

     

Օրացույց

Օրացույց