«Եկե՛ք խնդրենք Տիրոջը, որպեսզի իր բարությամբ և ողորմությամբ իր ծառային շնորհի հավիտենական տուն»
Այսօր՝ 23 ապրիլի, 2025թ., վախճանյալ Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապի աճյունը հոգևորականների թափորով հանդիսավորությամբ և աղոթասածությամբ Սանթա Մարթայի մատուռից տեղափոխվեց Սուրբ Պետրոսի Աթոռանիստ տաճար: Արարողությունը նախագահում էր պապական սենեկապետ Կարդինալ Քեվին Ֆարրելը, ով իր աղոթքի սկզբում շնորհակալություն հայտնեց Տիրոջը՝ Ֆրանցիսկոս Պապի 12 տարվա ծառայության համար.
«Եկե՛ք գոհություն հայտնենք Տիրոջը՝ այն բազմաթիվ պարգևների համար, որոնք նա շնորհել է քրիստոնյա ժողովրդին՝ Իր ծառա Ֆրանցիսկոս Պապի միջոցով: Եկե՛ք խնդրենք Տիրոջը, որպեսզի իր բարությամբ և ողորմությամբ իր ծառային շնորհի հավիտենական տուն՝ երկնային արքայության մեջ և երկնային հույսով մխիթարի Պապի ընտանիքը, Հռոմի Եկեղեցին և աշխարհասփյուռ հավատացյալներին»:
Թափորն անցավ Վատիկանի Սանթա Մարթայ հրապարակով, Զանգերի Կամարի տակով և մտավ Սուրբ Պետրոսի հրապարակ, որտեղ հավաքված էր մոտ 20,000 հավատացյալ՝ իրենց հարգանքի տուրքը տալու վախճանյալ Պապին: Նրանք ծափահարություններով դիմավորեցին Պապի աճյունը՝ մինչև մուտքը Տաճարից ներս: Դագաղը դրվեց Խոստովանության Խորանի դիմաց, իսկ երգչախումբը երգում էր Ամենայն Սրբոց լիթանիան:
Կարդինալ Ֆարրելն ընթերցեց Հիսուսի աղոթքը՝ Հովհաննեսի Ավետարանից (17:24-26):
Երգվեց «Ողջ լեր Թագուհի»՝ Salve Regina, օրհներգը:
Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս Պապի թաղումը տեղի կունենա ապրիլի 26-ին՝ առավոտյան ժամը 10:00-ին, Սուրբ Պետրոսի հրապարակում մատուցվելիք Սուրբ Պատարագի արարողությամբ, և մարմինը կհուղարկավորվի Հռոմի Մարիա Մաջիորե Բազիլիկ Տաճարում:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
23 ապրիլի, 2025թ.