«Եթե այսօր նա կարողանար խոսել, թերևս մեզ պետք է ասեր՝ մի՛ հուսահատվեք»
Վախճանյալ Ն.Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Պապի հոգու հավիտենական հանգստի համար 2025.թ ապրիլի 22-ի երեկոյան Գյումրիի Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի և առընթերակայությամբ Գերհ. Հ. Միքայել Ծ. Վրդ. Խաչկալյանի և Գերպ. Հ. Ներսես Վրդ. Գալստյանի, մասնակցությամբ հայ կաթողիկէ հոգևորականների և Անարատ Հղության միաբան քույրերի:
Իր քարոզում Սրբազան Հայրը խոսեց Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապի հատուկ մտերմության մասին՝ հայ ժողովրդի հետ.
«Ֆրանցիսկոս Պապը հատուկ գույն տվեց իր քահանայապետությանը՝ իր մոտիկությամբ հայ ժողովրդի հետ՝ հայի տառապանքի, վերքերի, հույսերի և հույզերի մեջ»:
Այդ մտերմությունը սկսվել էր դեռևս Արգենտինայում նրա ծառայության ժամանակ՝ որպես Հիսուսյան միաբան հայր և ապա՝ Արքեպիսկոպոս, Կարդինալ: Հայերի հետ մտերմությունը Հայր Բերգոլիոյին հստակ պատկերացում էին տվել Հայոց Ցեղասպանության մասին, մի պատկերացում, որը պապական ծառայության ժամանակ էլ հիմք եղավ, որ Ֆրանցիսկոս Պապը, չնայած դիվանագիտական զգուշավորության մասին Սուրբ Աթոռի պաշտոնյաների խորհուրդներին, չդադարի կրկնել այդ բառը: Սրբազանը քաջատեղյակ է, որ Արքեպիսկոպոս Բերգոլիոն մտերիմ էր Լատինական Ամերիկայի հայ կաթողիկէ Առաջնորդ Արհ. Վարդան Եպս. Պողոսյանի, նաև՝ տեղի Հայ Առաքելական Եկեղեցու Առաջնորդի հետ, և այդ մտերմության արդյունքում էր, որ նա Բուենոս Այրեսի Կաթողիկէ Մայր Տաճարի կողքին կանգնեցրեց մի խաչքար՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության: Այդ համոզմունքով էլ Ֆրանցիսկոս Պապը 2016-ի ապրիլի 12-ին Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում խոսեց Հայոց Ցեղասպանության մասին՝ որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, հետևելով մեկ այլ հայասեր և սրբակյաց Պապի՝ Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապի խոսքերին:
Սրբազանը խոսեց նաև Պապի ջանքերի մասին՝ խաղաղություն հաստատելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև, որոնք վստահություն են տալիս առ այն, որ Նորին Սրբությունը մշտապես կանգնած է եղել հայ ժողովրդի կողքին՝ որպես հայր:
«Եթե այսօր նա կարողանար խոսել, թերևս մեզ պետք է ասեր՝ մի՛ հուսահատվեք, մի՛ հուսախաբվեք, ուժը երբեք չի շահել, այլ տկարությու՛նն է միշտ շահել, մահը գիտակցաբար ընդունողը հաղթու՛մ է և մահը ոտնակոխ անելով՝ նոր կյանքի հորիզոններ է բացում»:
Սուրբ Պատարագի ավարտին տեղի ունեցավ Հոգեհանգստյան կարգ: Այս գալիք օրերին մինչև վախճանյալ Պապի թաղումը և ապա 9 օր հայ կաթողիկէ համայնքներում կմատուցվեն Սուրբ Պատարագներ և կկատարվի Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Նորին Սրբության Ֆրանցիսկոս Պապի:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
23 ապրիլի, 2025թ.