ՑԱՎԱԿՑԱԳԻՐ
Վսեմաշուք Կարդինալ Ջիովաննի Բատիստա Ռե՝ Կաթողիկէ Եկեղեցու Կարդինալների Դասի Դեկան և Վսեմաշուք Կարդինալ Հայրեր, Արքեպիսկոպոսներ,
սրտի խոր ցավով ստացա Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի վախճման մասին բոթը: Ընդունե՛ք եղբայրական ցավակցություններս և աղոթական միությունս Ձեր բոլորի հետ՝ Կաթողիկէ Եկեղեցու համար այս դժվարին պահին: Նորին Սրբությունն իր առաքելական ծառայությամբ՝ որպես Տիեզերական Կաթողիկէ Եկեղեցու գլուխ, Սուրբ Պետրոսի հաջորդ, մեր Տիրոջ ճշմարիտ աշակերտն էր և Բարի Հովվի օրինակելի տիպար՝ բոլորիս համար, մանավանդ, եպիսկոպոսներիս, որոնց հանձնված է Տիրոջ հոտը հովվելու սրբազան առաքելությունը: Նա սովորեցրեց առաքելության ընթացքում մշտապես մեր նավը պահել Ավետարանի ուղեծրի մեջ՝ հորիզոնում ունենալով մեր ժողովրդի սրբության հեռանկարը և հավիտենական կյանքի պարգևը: Ֆրանցիսկոս Պապի ավանդը մեծ է Ավետարանի և Եկեղեցու ուսմունքը ներկա ժամանակների մարտահրավերների տրամաբանության համապատասխան ընկալելու և հասարակական կյանքում կիրառելու գործում:
Անգնահատելի է նաև հայ ժողովրդի և, հատկապես, Հայ Կաթողիկէ համայնքների նկատմամբ Նորին Սրբության հայրական հոգատարությունը, մանավանդ, ճշմարտության արիասիրտ բարձրաձայնումը Հայոց Ցեղասպանության պատմական ողբերգության վերաբերյալ 2015թ. ապրիլի 12-ին՝ Հռոմի Սուրբ Պետրոսի Պապական Բազիլիկ Տաճարում, ապա՝ 2016թ. հունիսի 24-26-ը Հայաստան կատարած պատմական այցի ընթացքում, և նրա անխոնջ ջանքերը և աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա, որ 2020թ. արցախյան պատերազմի օրերին Նորին Սրբությունը գրեթե անդադար կոչ էր անում դադարեցնել ռազմական գործողությունները և արյունահեղությունը՝ միաժամանակ ջանալով հասնել խաղաղության՝ Սուրբ Աթոռի դիվանագիտական առաքելության միջոցով: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա նաև այն հսկայածավալ օժանդակությունը, որ Ֆրանցիսկոս Պապը տրամադրել է Հայաստանին՝ կաթողիկէ եկեղեցական բարեսիրական կազմակերպությունների միջոցով՝ սոցիալական, առողջապահական և կրթական տարբեր ծրագրեր իրականացնելու համար՝ հիմնվելով կարիքավորների հանդեպ իր խոնարհ ծառայասիրության և եղբայրասիրության սկզբունքի վրա, որով ապրեց իր ողջ կյանքում՝ թե՛ որպես հիսուսյան միաբան հայր, թե՛ որպես մարդու իրավունքների պաշտպան հոգևորական և թե՛ որպես Սուրբ Պետրոսի հաջորդ:
Այս օրերին Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի վախճանը սգում են բոլոր հայ կաթողիկէ համայնքներում, ամենուրեք մատուցվում են Սուրբ Պատարագներ՝ Նորին Սրբության հոգու հավիտենական հանգստյան դիտավորությամբ: Նորին Սրբության լուսե հիշատակը միշտ վառ կմնա յուրաքանչյուր հայ կաթողիկէի սրտում:
Ձեր բոլորիդ հետ աղոթական միությամբ և աստվածային ողորմությունը հայցելով Իր սիրելի ծառա Ֆրանցիսկոսի համար՝
✠ ԳԷՈՐԳ ԱՐՔԵՊՍ. ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ
Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Սեբաստիոյ Հայոց
Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի
եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց