«Որքա՜ն շատ սիրառատ խնամք է լուսավորում սենյակները, միջանցքները, բուժհաստատությունները, այն վայրերն, ուր մատուցվում են ամենախոնարհ ծառայությունները»:
«Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,
Մեծ Պահոց երկրորդ կիրակին Ավետարանը մեզ պատմում է Հիսուսի Պայծառակերպության մասին (ըստ լատինածես օրացույցի-Թրգմ.): Լեռը բարձրանալով Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ՝ Հիսուսը խորասուզվեց աղոթքի մեջ և սկսեց լույս ճառագել: Այս կերպ Նա Իր աշակերտներին ցույց տվեց, թե ինչ է թաքնված իր ցույց տված ժեստերի ետևում՝ Իր անսահման սիրո լույսը:
Այս մտքերը ձեզ հետ կիսում եմ իմ այս փորձության ժամին և միանում եմ այսքան շատ իմ հիվանդ եղբայրներին և քույրերին, ովքեր հիմա ինձ նման փխրուն են: Մեր մարմինները թույլ են, բայց նույնիսկ այսպես ոչինչ չի կարող մեզ խանգարել սիրել, աղոթել, նվիրվել, ապրել միմյանց համար հավատքով, շողշողալ հույսի նշաններով: Որքա՜ն շատ լույս է այս իմաստով շողշողում հիվանդանոցներում և խնամքի վայրերում: Որքա՜ն շատ սիրառատ խնամք է լուսավորում սենյակները, միջանցքները, բուժհաստատությունները, այն վայրերն, ուր մատուցվում են ամենախոնարհ ծառայությունները: Ահա՛ թե ինչու ես կուզենայի ձեզ հրավիրել այսօր միանալ ինձ և գովաբանել Տիրոջը, Ով երբեք չի լքում մեզ և Ով վշտերի ժամին մեր կողքին է դնում անձանց, ովքեր արտացոլում են Իր սիրո ճառագայթները:
Ես բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում ձեր աղոթքների համար, և շնորհակալություն նրանց, ովքեր սատարում են ինձ այսպիսի նվիրումով: Ես գիտեմ, որ շատ երեխաներ են աղոթում ինձ համար, նրանցից ոմանք երեկ եկան այստեղ՝ Ջեմելլի հիվանդանոց, որպես մտերմության նշան: Շնորհակա՛լ եմ, շատ սիրելի երեխաներ: Պապը սիրում է ձեզ և միշտ սպասում է, որ հանդիպի ձեզ հետ:
Եկե՛ք շարունակենք աղոթել խաղաղության համար, հատկապես, պատերազմից տուժած երկրների համար…
Աղոթե՛նք նաև Եկեղեցու համար, որ հրավիրված է կյանքի կոչելու վերջին Սինոդական Ժողովի որոշումները: Շնորհակալություն Սինոդի Գլխավոր Քարտուղարությանը, որը գալիք երեք տարիներին ընկերակցելու է տեղական եկեղեցիներին՝ այս ձեռնարկի մեջ:
Թող Ամենասրբուհի Կույսը պահպանի ձեզ և օգնի լինել Իր նման՝ կրողները Քրիստոսի լույսի և խաղաղության»:
Սուրբ Աթոռի մամլո հաղորդագրություն
Թրգմ.՝ Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
17 մարտի, 2025թ.