Մայր հիւանդաց, բարեխօսեա՛ վասն մեր
Ն. Ս. Ֆրանցիկոս Սրբազան Քահանայապետը հանգիստ գիշեր է ունեցել և այս առավոտյան մի քիչ հնագստանալուց հետո տեսակապով հետևել է Հռոմեական Կուրիայի Հոգևոր կրթությանը, որից հետո մտել է մատուռ՝ աղոթելու:
Երկուշաբթի առավոտյան, ըստ Սուրբ Աթոռի մամլո հաղորդագրության, Նորին Սրբության առողջական վիճակի մասին կանխատեսումներն այլևս զգուշավոր չեն, նաև ասված է, որ նրա վիճակը մնում է կայուն: Բուժման գործընթացում արձանագրվել են բարելավումներ, ինչպես փաստել են արյան ստուգումներն ու կլինիկական ուսումնասիրությունները:
«Սակայն, ի նկատի ունենալով Քահանայապետի առողջության կլինիկական պատկերը և ծանր վարակը, որը հայտնաբերվել էր հիվանդանոց տեղափոխվելիս, անհրաժեշտ է ևս որոշ ժամանակով շարունակել դեղորայքային բուժումը՝ հիվանդանոցային պայմաններում»,- ասված է բժշկական արձանագրության մեջ:
Երկուշաբթի Պապը նաև մի երկտող էր ուղարկել Արգենտինայի նավահանգստային Բահիա Բլանքա քաղաքում տեղի ունեցած մահաբեր ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին՝ արտահայտելով իր մտերմությունը և նրանց համար կատարվող իր աղոթքները:
Պապի առողջության համար հավատացյալները անդադար աղոթքներ են բարձրացնում թե՛ Հռոմի Ջեմելլի հիվանդանոցի մոտ, թե՛ Վատիկանի Պողոս Զ Պապի սրահում և թե՛ տարբեր կաթողիկէ համայնքներում:
Մենք էլ ենք միանում բազում հավատացյալների աղոթքներին և առողջություն հայցում Տիրամոր բարեխոսությամբ:
Թարգմ.՝ Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց,
11 մարտի, 2025թ.