13 հունվարի, 2025թ.
2025թ. հունվարի 10-ին Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանն այցելեց Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաք, հանդիպեց տեղի լատինածես համայնքի եպիսկոպոս Իոսիֆ Վերտի հետ, ապա՝ Հիսուսյան միաբանության տեղի վանականների հետ, իջևանեց նրանց տանը: Հունվարի 12-ին Սրբազան Հայրը Սուրբ Պատարագ մատուցեց Տոմսկի հայ կաթողիկէ համայնքի համար՝ առընթերակայությամբ Հիսուսյան միաբան Հ. Հովսեփ Վրդ. Մելիքսեթյանի:
Սրբազան Հայրն իր քարոզում խոսեց Աստվածահայտնության տոնի խորհրդի մասին, պատմեց մոգերի այցելության ավետարանական դրվագը, բացատրեց իմաստը, Հերովդեսի խաբեությունները՝ համեմատական տանելով այսօրվա աշխարհի չարամիտ մարդկանց վարքագծի հետ, ովքեր խոսում են քաղցրությամբ, որի տակ թույն է թաքնված: Սակայն Սուրբ Հոգու առաջնորդությամբ, Հիսուսի աստղի առաջնորդությամբ կարող ենք զատորոշել և խուսանավել չարի բոլոր որոգայթներից: Սրբազանը խոսեց նաև հայկական ինքնությունը պահպանելու կարևորության մասին՝ խնդրելով մանուկներին սովորել հայոց լեզուն՝ աղոթքի նման:
Այս Սուրբ Պատարագով ավարտվեց Առաջնորդ Հոր հովվական առաջին այցելությունը Ռուսաստան: Հունվարի 13-ին Սրբազանը վերադարձավ Հայաստան:
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց