Հավատացյալները սրտի մեծ փափագով ընդունեցին Առաջնորդ Հորը
Արհ․ Տ․ Գևորգ Արքեպս․ Նորատունկյանը դեկտեմբերի 23-իցհովվական այցելությամբ գտնվում է Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքներում։ Սա նորանշանակ Առաջնորդ Հոր առաջին հովվական այցելությունն է այս համայնքներին, որը շատ սպասված էր․ հավատացյալները հավատաբորբ ջերմությամբ և կարոտյալ զավակների հոգով ընդունեցին իրենց հոգևոր Առաջնորդի այցելությունը։ Սրբազան Հայրը դեկտեմբերի 24-ին և 25-ին Սուրբ Ծննդյան տոնական Պատարագներ մատուցեց Սոչիի Սուրբ Շմավոն և Թադեոս առաքյալների կաթողիկէ եկեղեցում։ Սուրբ Պատարագներին ներկան էին Սոչիի, Ադլերի, Լազարևսկի և Տուապսեի հավատացյալների բազմությունը։ Սոչիի Սուրբ Խաչի ժողովրդապետությունը նաև տոնում է իր հիմնադրման հինգերորդ տարեդարձը։
Արհ․ Տ․ Գևորգ Արքեպս․ Նորատունկյանն իր քարոզներում խոսեց այն մասին, որ Հիսուս Մանկան Սուրբ Ծնունդը հրավիրում է մեր սրտերը բացելու Տիրոջ ներկայության առջև, որպեսզի Հիսուսը խորհրդավոր կերպով և իրապես ծնվի մեր սրտերում և աճի, որպեսզի մենք օրեցօր զգանք Նրա ներկայությունը ավելի ու ավելի կենդանի և ազդեցիկ կերպով։ Երբ հավատքի ներզգացումով գիտենք, որ Տերը ներկա է մեր մեջ, պետք է Աստծուց շնորհ խնդրենք նաև Հիսուսին ուրիշներին փոխանցելու համար․ ա՛յս է քրիստոնյայի առաքելությունը։ Սրբազան Հայրը վստահեցրեց, որ մշտապես իրեն հանձնված հոգևոր հոտի կողքին կլինի՝ իր ուժերի գերագույն չափով։
Սուրբ Պատարագից հետո տեղի համայնքի երեխաները մի գեղեցիկ համերգային ծրագրով ուրախացրեցին Սրբազան Հորը և բոլոր ներկաներին։ Համայնքի անունից գնահատանքի խոսքով հանդես եկավ տկն․ Ֆլորա Ավետիսյանը։ Նա իր ուրախությունը հայտնեց Առաջնորդ Հոր այցելության առիթով, որը նշանակում է, որ Առաջնորդը հայրական ուշադրությամբ հետևում է Սոչիի հայ կաթողիկէների հոգևոր կյանքին։ Տիկին Ավետիսյանը նաև ուրախ էր, որ Սրբազան Հայրը պատրաստ է օգնել տեղի համայնքին՝ լուծելու իր առջև ծառացած խնդիրները։ Նա խոստովանեց, որ խորապես հուզված և տպավորված էր Սրբազան Հոր հոգեշահ քարոզներից։
Արհի․ Տ․ Գևորգ Արքեպս․ Նորատունկյանը դեկտեմբերի 26-ին այցելեց Տուապսե քաղաքի հայ կաթողիկէ համայնքին և նրանց դիտավորությամբ Սուրբ Պատարագ մատուցեց, որի ընթացքում խոսեց Մանուկ Հիսուսի Ծննդյան քարայրից բխած սիրո և խաղաղության պատգամների վերաբերյալ։
Սրբազան Հայրը Ռուսաստանում կլինի մինչև Աստվածահայտնության տոնը ներառյալ։ Այս հովվական այցելությունը սրտի ջերմ փափագ էր նաև Սրբազան Հոր համար, որովհետև ինքը ևս 2007-2010 թվականներին, որպես ժողովրդապետ, ծառայել է Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքներում։
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց