• Ավետարանը հռչակել Սուրբ Հոգով

    «Պետք է քարոզել ոչ թե մարդկային իմաստության ճարտար խոսքերով, այլ Սուրբ Հոգու համոզիչ զորությամբ»:


    Դեկտեմբերի 4-ին՝ Սուրբ Պետրոսի հրապարակում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հանդիպեց հազարավոր ուխտավորների հետ և շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը: Այս անգամ նա խոսեց ավետարանելու գործում Սուրբ Հոգու ունեցած դերի մասին. առանց Սուրբ Հոգու եկեղեցական քարոզը վերածվում է անպտուղ հռետորության:

     

    Հիմք ընդունելով Պետրոս առաքյալի առաջին թուղթը, որտեղ առաքյալները բնորոշվում են՝ որպես նրանք, ովքեր ավետարանել են Սուրբ Հոգու միջոցով (տես՝ 1 Պետրոս 1,12), Նորին Սրբությունն ընդգծեց քրիստոնեական քարոզի երկու կարևոր տարրեր. նրա բովանդակությունը՝ Բարի լուրը, և նրա միջոցը՝ Սուրբ Հոգին, Որը կենդանացնում է հռչակված խոսքը:

     

    «Ավետարանը» ոչ միայն Նոր Կտակարանի չորս գրքերն են, այլ նաև Քրիստոսի փառավոր հարության ուրախ լուրը. «Աստծո զորությունը՝ ի փրկություն բոլոր հավատացյալների» (Հռոմ. 1,16): Զատիկից հետո այս բառն ընդգրկում է փրկության ողջ ճանապարհը, որով Քրիստոսը քայլեց հանուն մարդկության։ Դրա համար էլ քարոզը պիտի սկսվի գլխավորից. պետք է հռչակվի Քրիստոսի փրկարար Զատկական Խորհուրդը, հակառակ դեպքում օրենքը շնորհից, գործերն էլ հավատքից վեր դասելու վտանգ է առաջանում:

     

    Սրբազան Քահանայապետը հատուկ ընդգծումով խոսեց կերիգմայի՝ Ավետարանի սկզբնական հռչակման մասին, որը պիտի լինի վարդապետության անփոփոխ հիմքը: «Չկա ավելի ամուր, խորը, վստահելի, հետևողական և իմաստուն բան, քան այս հռչակումը», – հիշեցրեց Նորին Սրբությունը՝ հավելելով, որ Եկեղեցու նորոգման բոլոր ասպեկտները կախված են կերիգմայից:

     

    Ապա Ֆրանցիսկոս Պապը կոչ արեց լիովին ապավինել Սուրբ Հոգուն, որն Ավետարանի հռչակման միջոցն է: Պետք է քարոզել ոչ թե մարդկային իմաստության ճարտար խոսքերով, այլ Սուրբ Հոգու համոզիչ զորությամբ (Ա Կորնթ. 2,4): Միայն այդ դեպքում է Ավետարանը դառնում կենդանի խոսք, որը ոչ միայն գիտելիքներ է փոխանցում, այլ նաև կյանք, հավատք և խորը համոզմունքներ: Իսկ դրա համար անհրաժեշտ է կատարել երկու կարևոր պայմաններ: Առաջինը աղոթքն է. «Երկնավոր Հայրը բարիքներ կտա նրանց, որոնք ուզում են Իրենից» (Ղկ. 11,13), հատկապես եթե նրանք աղոթում են Նրա Որդու Ավետարանը քարոզելու համար: Պետք է հռչակեն Քրիստոսին, այլ ոչ թե իրենք իրենց, սա էլ երկրորդ պայմանն է: Իսկ դա պահանջում է հրաժարում անձնական հավակնություններից:

     

    Քարոզի ավարտին Սրբազան Քահանայապետը աղոթեց, որպեսզի Սուրբ Հոգին շարունակի ոգեշնչել Եկեղեցուն և օգնի նրան ուրախալի Բարի լուրը հասցնել մեր ժամանակակիցներին:

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց