Նորին Սրբությունն ուղերձով դիմեց Եվրոպայի Կաթողիկէ Եկեղեցում անվտանգությունն ապահովող համաժողովի մասնակիցներին. «Safeguarding in the Catholic Church in Europe»:
Հանդիպումն անցկացվում է անչափահասների պաշտպանության Քահանայապետական հանձնաժողովի հովանու ներքո. նոյեմբերի 13-ից 15-ը՝ Հռոմում: Հանդիպմանը մասնակցում են ավելի քան 100 մասնագետներ եվրոպական 25 երկրներից, այդ թվում՝ եպիսկոպոսներ, քահանաներ, վանականներ, աշխարհականներ, ինչպես նաև սեռական բռնության զոհեր:
Սրբազան Քահանայապետը կոչ է անում համաժողովի մասնակիցներին «մխիթարել և օգնել տառապյալներին», ընդգծելով Եկեղեցու հոգատարության կարևորությունը արդարության, բժշկման և հաշտեցման գործում: Եկեղեցում երեխաներին և խոցելի մեծահասակներին պաշտպանելու ջանքերը կենսական նշանակություն ունեն, և յուրաքանչյուրի մասնակցությունն այս գործընթացին խոսում է ամենաթույլներին պաշտպանելու քրիստոնեական համայնքի հանձնառության մասին:
Նորին Սրբությունն ընդգծում է հրատապ հարցերը և պատերազմների ու հակամարտությունների պատճառով առաջացած խնդիրները, որոնց հետ առնչվում են համաժողովի մասնակից մի քանի երկրներ: Սրբազան Քահանայապետը հիշեցնում է «խաղաղություն կառուցելու և դժվար իրավիճակներում հայտնված մեր եղբայրների ու քույրերի կարիքները հոգալու քրիստոնեական կոչման մասին».
«Ձեր ներկայությունը միասնության և համերաշխության պերճախոս վկայությունն է, որը հաղթահարում է բոլոր սահմանները»:
Ֆրանցիսկոս Պապը հույս ունի, որ համաժողովը կօգնի խնդիրներն առավել խորությամբ հասկանալու և անչափահասների ու խոցելի մարդկանց պաշտպանությանը ակտիվ մասնակցելու գործում՝ ավելի վստահելի, հուսալի և կարեկցող Եկեղեցի ունենալու համար.
«Հուսով եմ, որ ձեր գործադրած ջանքերի շնորհիվ կկարողանաք այնպիսի համակարգ ստեղծել, որը կմիավորի մարդկանց և լավագույն փորձառությունը, ու կդառնա անփոխարինելի ֆորում՝ գիտելիքների փոխանակման, միմյանց աջակցելու, ծրագրի արդյունավետությունն ու կայունությունը ապահովելու համար», – ուղերձի ավարտին գրում է Սրբազան Քահանայապետը և իր առաքելական օրհնությունն է փոխանցում հանդիպման մասնակիցներին։
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը