• Սուրբ Հոգին և քրիստոնեական աղոթքը

    «Քրիստոնեական աղոթքը մարդու և Աստծո խոսակցությունը չէ «հեռախոսի մյուս ծայրում», ո՛չ, այլ Աստծո աղոթքն է մեր մեջ, որովհետև մենք աղոթում ենք Աստծուն Աստծո միջոցով»:


    Նոյեմբերի 6-ին Սուրբ Պետրոսի հրապարակում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը և խոսեց աղոթքում Սուրբ Հոգու ունեցած դերի մասին:

     

    Դիմելով ընդհանուր ունկնդրության մասնակիցներին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ ամեն օր անհրաժեշտ է աղոթել սովորել, այն պետք է կատարել խոնարհությամբ, անկեղծությամբ, սրտաբուխ և ազատության ոգով: Քրիստոնեական աղոթքում Սուրբ Հոգին և՛ ոգեշնչում է, և՛ նպատակ: Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Սուրբ Հոգին ոչ միայն աղոթք է պարգևում, այլ հենց Ինքն է առարկան ու նպատակը:

     

    «Մենք աղոթում ենք Սուրբ Հոգին ստանալու համար և ընդունում ենք Նրան, որպեսզի կարողանանք իսկապես աղոթել, այսինքն՝ որպես Աստծո զավակներ»:

     

    Ամենից առաջ պետք է աղոթել Սուրբ Հոգու պարգևի համար, ընդգծեց Նորին Սրբությունը: Ավետարանում Տեր Հիսուսն ասում է. «Եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որչա՜փ ևս առավել ձեր երկնավոր Հայրը բարիքներ կտա նրանց, որոնք ուզում են իրենից» (Ղկ.11,13): Նոր Կտակարանում Սուրբ Հոգին միշտ իջնում է բուռն աղոթքի ժամանակ. Սուրբ Հոգին իջավ Հիսուսի վրա Նրա մկրտության ժամանակ, երբ Հիսուս աղոթում էր Երկնային Հորը: Սուրբ Հոգին իջավ աշակերտների վրա Պենտեկոստեի օրը.

     

    «Դա միակ «իշխանությունն» է, որը մենք ունենք Աստծո Հոգու վրա»:

     

    Սուրբ Հոգին ճշմարիտ աղոթք է պարգևում: Պողոս առաքյալն ասում է, որ Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին և անմռունչ հառաչանքով բարեխոս է լինում մեզ համար: Սուրբ Հոգին գիտի մեր կարիքները և բարեխոսում է մեզ համար Աստծո կամքի համաձայն: Մենք չգիտենք, թե ինչպես արժան է աղոթել, փնտրում ենք սեփական շահը, սակայն Աստծո Հոգին ոգեշնչում է մեզ, որպեսզի մենք մեզ զգանք ու համարենք Աստծո զավակներ և բացականչենք «Հայրի՜կ», ընդգծեց Ֆրանցիսկոս Պապը.

     

    «Քրիստոնեական աղոթքը մարդու և Աստծո խոսակցությունը չէ «հեռախոսի մյուս ծայրում», ո՛չ, այլ Աստծո աղոթքն է մեր մեջ, որովհետև մենք աղոթում ենք Աստծուն Աստծո միջոցով»:

     

    Հենց աղոթքի մեջ է Սուրբ Հոգին Իրեն դրսևորում որպես «Պարակլիտ», այսինքն՝ բարեխոս և պաշտպան. Նա Աստծո առաջ մեզ չի մեղադրում, այլ պաշտպանում է, օգնում է զգալ Հոր մխիթարիչ ողորմածության համը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Նույնիսկ երբ մեր սիրտը նախատում է մեզ, Սուրբ Հոգին հիշեցնում է, որ Աստված ավելի մեծ է, քան մեր սրտերը: Նա նաև մեզ սովորեցնում է բարեխոսական աղոթք անել մեր եղբայրների, քույրերի, հիվանդների և բանտարկյալների համար: Հենց այս աղոթքն է հատկապես հաճելի Աստծուն, որովհետև այն մաքուր է ու անկեղծ: Երբ բոլորն աղոթում են բոլորի համար, աղոթքը բազմապատկվում է և դառնում էլ ավելի արժեքավոր Եկեղեցու համար, հատկապես 2025 թվականի Հոբելյանական տարվան նախապատրաստվելիս.

     

    «Թո՛ղ Սուրբ Հոգին օգնի մեզ մեր աղոթքներում, որի կարիքը մենք հատկապես ունենք»:

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց