Մահացել է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Նարեկացի թեմի Առաջնորդ՝ Արհիապատիվ Հայր Պողոս Եպս. Հաքիմյանը:
Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքը, Հայ Կաթողիկէ Եպիսկոպոսաց Դասը, Լատինական Ամերիկայի Հայ Կաթողիկէ թեմը և Հաքիմյան ընտանիքը, սրտի խորը կսկիծով գուժում են Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Նարեկացի թեմի Առաջնորդ՝ Արհիապատիվ Հայր Պողոս Եպս. Հաքիմյանի մահը, որ տեղի է ունեցել 2024թ. նոյեմբերի 6-ի առավոտյան՝ ծանր հիվանդության պատճառով:
Կենսագրություն
Արհի. Պողոս Եպս. Հաքիմյանը ծնվել է Կահիրեում (Եգիպտոս) 1953թ. նոյեմբերի 11-ին։ Փոքրիկ հասակում ընտանիքով տեղափոխվել են Արգենտինա։ Բարձրագույն վարժարանում սովորելուց հետո, ուսանել է Հռոմի Լևոնյան Քահանայապետական վարժարանում 1976թ. սեպտեմբերի 27-ին և Հռոմի Դոմինիկյան Հայրերի Աքուինացի Սուրբ Թովմասի քահանայապետական համալսարանում ավարտել է իմաստասիրական և աստվածաբանական բաժինները, ինչպես նաև Հովվական Աստվածաբանության մասնագիտություն է ստացել։
1981թ. օգոստոսի 14-ին Բուենոս Այրեսում ձեռնադրվել է քահանա՝ ձեռամբ Բաղդատի այն ժամանակվա վիճակավոր՝ Արհի. Հովհաննես Արք. Գասպարյանի, ով հետագայում դառնում է Հովհաննես Պետրոս ԺԸ Կաթողիկոս Պատրիարքը։
Պաշտոնավարել է Բուենոս Այրեսում՝ որպես ժողովրդապետի օգնական 1981-1984թթ., ապա Սան Պաոլոյի ժողովրդապետ՝ 1984-1987թթ., դարձյալ Բուենոս Այրեսում նշանակվել է ժողովրդապետ՝ 1987-2002թթ.։
2002-2003թթ. նշանակվել է Ալեքսանդրիայի Հայ Կաթողիկէ թեմի Պատրիարքական հոգաբարձու, վերադառնալով Արգենտինա ստանձնել է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Նարեկացի Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցուժողովրդապետի պաշտոնը՝ մինչև 2018թ-ը:
2018թ. հուլիսի 4-ին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ընդունել է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Նարեկացի թեմի առաջնորդ՝ Գերապայծառ Վարդան Վալտիր Պողոսյանի հրաժարականը (պատճառը տարիքն էր), նրա փոխարեն նշանակել է Հայր Պողոս Հաքիմյանին։
Նա գիտեր հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն, իտալերեն և արաբերեն։
Խնկանվեր աղոթք և հավիտենական հանգիստ լուսահոգի գերապայծառի անմահ հիշատակին:
Դիվան Պատրիաքարանի
Բեյրութ, 2024թ. նոյեմբերի 7