• Նորին Սրբությունը կոչ արեց քրիստոնյաներին քայլել սրբության և սիրո ճանապարհով

    «Պատրա՞ստ ենք կատարել Ավետարանի պատվիրանները մեր առօրյա կյանքում»:


    Նոյեմբերի 1-ին` Ամենայն Սրբոց տոնին, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Վատիկանում հանդիպեց տարբեր երկրներից ժամանած մեծաթիվ ուխտավորների հետ և հիշեցրեց սրբության ճանապարհի մասին, որը բաց է յուրաքանչյուրի համար:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ Մատթեոսի Ավետարանում Տեր Հիսուսը հռչակում է Երանիները, որոնք կարծես «քրիստոնյայի ինքնության հավաստագիրն են»: Այդ ճանապարհը ոչ միայն Աստվածային պարգև է, այլ նաև արձագանքելու հնարավորություն, իսկ դրա համար պետք է խնդրել Տիրոջից, որպեսզի Նա մեր սիրտը մոտեցնի Իրենին: Քրիստոս մեզ ազատում է այն ամենից, ինչը խանգարում է սիրել, և տալիս է կյանքի օրինակ, որը լի է ողորմածությամբ, հնազանդությամբ և ձգտում է ճշմարտությանը:

     

    Սրբազան Քահանայապետը հատկապես ընդգծեց անձնական ազատությունը և հոգևոր ջերմեռանդության պատրաստակամությունը. Երկնային Հայրը պարգևում է սրբություն, բայց չի պարտադրում, այլ սպասում է մեր համաձայնությանը: Քրիստոնյաները կոչված են հետևել Աստվածային պատկերացումներին՝ սովորելով ուրիշներին ծառայել սիրով, որը կարող է ընդգրկել ողջ աշխարհը:

     

    Որպես սրբության օրինակներ՝ Նորին Սրբությունը հիշատակեց Մաքսիմիլիան Կոլբեին, Մայր Թերեզային և եպիսկոպոս Օսկար Ռոմերոյին.

     

    «Նրանց, ինչպես նաև մյուս սրբերի և մեր հարևանությամբ ապրող անտեսանելի սրբրերի մեջ, մենք տեսնում ենք եղբայրներ և քույրեր, որոնք նման են Երանիների աղքատներին, հեզերին, ողորմածներին, արդարություն փափագողներին, խաղաղարարներին: Նրանք «Աստծով լի» մարդիկ են, ովքեր չեն կարողանում անտարբեր մնալ իրենց մերձավորների կարիքների նկատմամբ, նրանք մեզ հասանելի լուսավոր ճանապարհների վկաներն են»:

     

    Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին մտածել հետևյալ հարցերի շուրջ. մենք խնդրո՞ւմ ենք Աստծուց սուրբ կյանքի պարգևը և հետևո՞ւմ ենք Նրա ներշնչմանը, պատրա՞ստ ենք կատարել Ավետարանի պատվիրանները մեր առօրյա կյանքում:

     

    Նորին Սրբությունն իր խոսքն ավարտեց Սուրբ Կույս Մարիամին՝ բոլոր սրբերի Թագուհուն ուղղված աղոթքով, որպեսզի օգնի քրիստոնյաներին իրենց կյանքը դարձնել սրբության ճանապարհ:

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց