• Հանուն Աստծո սիրո վտանգել ամեն ինչ

    «Ինչպե՞ս ենք մենք հագեցնում կյանքի և երջանկության ծարավը»:


    Հոկտեմբերի 13-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Մարկոսի Ավետարանից վերցված մի հատվածի շուրջ, որում ինչ-որ հարուստ մարդ հարցնում է Հիսուսին, թե ինչ անի՝ հավիտենական կյանքը ժառանգելու համար:

     

    Նորին Սրբությունը մատնանշեց այդ մարդու վարքագծի երկու շարժառիթները. սկզբում՝ ներքին ինչ-որ հանգամանքով պայմանավորված, նա մոտենում է Հիսուսին, սակայն հետո, երբ լսում է, որ հավիտենական կյանքը ժառանգելու համար պիտի զրկվի իր ողջ հարստությունից, տխուր հեռանում է:

     

    Սրբազան Քահանայապետը կոչ արեց մտածել նման վարքագծի շարժառիթների մասին: Այսպիսով, Հիսուսի հարուստ զրուցակիցը տրտում հեռանում է, որովհետև նրան տանջում է ինչ-որ անհանգստություն, նա փնտրում է ավելի լիարժեք կյանք։ Հիվանդների և դիվահարների նման (տես՝ Մրկ. 3,10; 5,6) նա ծնկի է գալիս Ուսուցչի առաջ: Նա հարուստ է, բայց ապաքինման կարիք ունի:

     

    «Հիսուս նրան սիրով է նայում (տես՝ Մրկ. 10, 21), ապա ասում է, թե ինչ պիտի անի «բժշկվելու» համար. վաճառել այն ամենը, ինչ ունի, բաժանել աղքատներին և հետևել Իրեն: Սակայն այդ պահին տեղի է ունենում անսպասելի հանգուցալուծում. այդ մարդու դեմքը մռայլվում է և նա հեռանում է: Որքան մեծ ու բուռն էր Հիսուսին տեսնելու ցանկությունը, այնքան էլ սառն ու արագ եղավ հրաժեշտը»:

     

    Մենք նույնպես ձգտում ենք երջանկության և իմաստալից կյանքի, շարունակեց Նորին Սրբությունը, սակայն կարող ենք ընկնել պատրանքների մեջ՝ մտածելով, որ պատասխանը պետք է փնտրել նյութական բարիքների և երկրային արժեքների մեջ: Տերը ուզում է բացել մեր աչքերը, որպեսզի տեսնենք ճշմարտությունը, Նա օգնում է մեզ հասկանալ, որ իսկական բարիքը, որը մենք այդքան մեծ փափագով ցանկանում ենք՝ հենց Ինքն Աստվածն է, Նրա սերը մեր նկատմամբ և հավիտենական կյանքը, որը միայն Նա կարող է մեզ տալ:

     

    Իսկական հարստությունը Տիրոջ սիրով լի հայացքն է դեպի մեզ և փոխադարձ սերը, որը մեր կյանքը պարգև է դարձնում ուրիշների համար, շարունակեց Սրբազան Քահանայապետը: Հիսուս կոչ է անում հանուն սիրո խիզախել, վաճառել ամեն ինչ և բաժանել աղքատներին: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է ինքներս մեզ մաքրել ու ազատագրել եսասիրությունից և կեղծ արժեքներից, զգայուն լինել կարիքավորների նկատմամբ, կիսվել ոչ միայն ունեցվածքով, այլև բարիքներով. մեր կարողությունները, ընկերությունը, ժամանակը:

     

    Հիսուսի հարուստ զրուցակիցը չհամարձակեց վտանգել իր ունեցածը և հեռացավ տրտում դեմքով: Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ, թե ի՞նչ կա մեր սրտում: Ինչպե՞ս ենք մենք հագեցնում կյանքի և երջանկության ծարավը: Կարողանո՞ւմ ենք կիսվել աղքատների և բոլոր նրանց հետ, ովքեր դժվարին իրավիճակում են, ում պետք է լսել, ժպտալ, խոսք ասել՝ նրաց հույս ներշնչելու համար: Եկե՛ք հիշենք, որ իսկական հարստությունն այս աշխարհի բարիքները չեն: Իսկական հարստությունն Աստծո կողմից սիրված լինելն ու Նրա պես սիրել սովորելն է»:

     

    Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունը հայցեց Սուրբ Կույս Մարիամի բարեխոսությունը, որպեսզի Նա «օգնի մեզ Հիսուսի մեջ գտնել կյանքի գանձերը»:

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց