• Երեխաները սիրո ամենագեղեցիկ պտուղն են

    «Արարչի կամքն էր, որ տղամարդն ու կինը լինեին հավասար իրենց արժանապատվության մեջ և իրենց տարբերություններով միմյանց լրացնող»:


    Հոկտեմբերի 6-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հիշեցրեց, որ ամուսինները պիտի բաց լինեն կյանքի պարգևի համար, որն Աստծո մեծագույն օրհնությունն է, ուրախության և հույսի աղբյուր յուրաքանչյուր տան ու ողջ հասարակության համար:

     

    Անդրադառնալով կիրակնօրյա Ավետարանին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Տեր Հիսուսը պատասխանելով փարիսեցիների սադրիչ հարցերին, թույլ չի տալիս Իրեն ներքաշել վիճաբանության մեջ այն հարցի վերաբերյալ, թե արդյոք ամուսինը կարող է ամուսնալուծվել կնոջից: Ավելին, օգտվելով առիթից, Նա ունկնդիրների ուշադրությունը հրավիրում է առավել կարևոր հարցի վրա. տղամարդու և կնոջ սիրո արժեքը Աստծո ծրագրում:

     

    Նոր Կտակարանի ժամանակներում կնոջ դիրքն ամուսնության մեջ չափազանց անբարենպաստ էր տղամարդու դիրքի համեմատ, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը. ամուսինը կարող էր դուրս անել, արհամարհել կնոջը՝ նույնիսկ մի չնչին ու աննշան պատճառով, իսկ օրենսգետները դա արդարացնում էին Գրության սեփական մեկնաբանությամբ: Հենց այդ պատճառով էլ Տերն Իր զրուցակիցների հետ խոսում է սիրո պահանջների մասին:

     

    «Արարչի կամքն էր, որ տղամարդն ու կինը լինեին հավասար իրենց արժանապատվության մեջ և իրենց տարբերություններով միմյանց լրացնող, որպեսզի նրանք լինեին միմյանց օգնական, ուխտակից և, միևնույն ժամանակ, աճի խթան ու քաջալերանք»:

     

    Ամուսինների փոխադարձ պարգևը պետք է լինի ամբողջական, որովհետև այն մի նոր կյանքի սկիզբ է, որը պիտի տևի ոչ թե «որքան հարմար է», այլ անընդհատ. ամուսիններն ընդունում են միմյանց և ապրում որպես «մեկ մարմին»։ Իսկ դա պահանջում է հավատարմություն, նաև դժվարությունների ժամանակ, հարգանք, ազնվություն, անկեղծություն, կարծիքների փոխանակում, իսկ տարաձայնությունների և ընդհարման ժամանակ՝ ներելու և հաշտվելու պատրաստակամություն, ընդգծեց Նորին Սրբությունը.

     

    «Եկե՛ք հիշենք, որ ամուսինները պետք է բաց լինեն կյանքի, երեխաների պարգևի համար, որն Աստծո մեծագույն օրհնությունն է, ուրախության և հույսի աղբյուր յուրաքանչյուր տան ու ողջ հասարակության համար»:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ սերը պահանջկոտ է, սակայն գեղեցիկ, և որքան շատ ամուսինները ներթափանցեն սիրո մեջ, այդքան հստակ կտեսնեն սիրո մեջ թաքնված անկեղծ երջանկությունը:

     

    «Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամն օգնի քրիստոնյա ամուսիններին: Մենք դիմում ենք նրան Պոմպեյի սրբավայրում հավաքված ուխտավորների հետ հոգևոր միասնությամբ՝ Սուրբ Վարդարանի Տիրամոր ավանդական աղոթքի առիթով»:

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց