«Երբեմն Եկեղեցին հավատքի արժանի վկան չի եղել»:
Հոկտեմբերի 1-ին Սուրբ Պետրոսի տաճարում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը գլխավորեց ապաշխարության հսկումի պատարագը, որը նշանավորեց երկօրյա հոգևոր վարժությունների ավարտը՝ Եպիսկոպոսական Սինոդի XVI Ընդհանուր Ժողովի Երկրորդ նստաշրջանի նախօրեին։
Պատարագի ընթացքում հնչեցին բռնությունից, պատերազմից և արժանապատվության վիրավորանքից տուժած մարդկանց վկայությունները, որն էլ դարձավ արարողության առանցքային մասը, երբ գիտակցում են մեղքերը և ներում փնտրում Աստծուց ու նրանցից, ովքեր տուժել են այդ մեղքերի պատճառով:
Նորին Սրբությունն իր խորհրդածության մեջ ընդգծեց, որ Եկեղեցու հիմքը փոխադարձ հարաբերություններն են և միայն անառողջ կապերի ապաքինմամբ այն կդառնա իսկապես սինոդական: Բացի այդ, Եկեղեցին չի կարող համոզիչ հռչակել, եթե չի ընդունում իր սխալներն ու չի բժշկում մեղքերի պատճառած վերքերը:
Ապաշխարության հսկումի արարողության ընթացքում յոթ կարդինալներ ողջ Եկեղեցու անունից կարդացին ապաշխարության խնդրանքներ աշխարհի, բնության, բնիկ ժողովուրդների, կանանց և աղքատների արժանապատվության դեմ գործած մեղքերի, անչափահասների նկատմամբ բռնության ու շահագործման, ուրիշներին դատապարտելիս՝ վարդապետությունը որպես «քար» օգտագործելու համար։ Ըստ Սրբազան Քահանայապետի՝ ներման այդ խոսքերի հեղինակի, շատ կարևոր է մեղքերն իրենց անուններով կոչելը, որովհետև Եկեղեցին հաճախ նմանեցնում են փարիսեցուն, որը զբաղեցրել էր ամբողջ տարածությունն իր խոսքերով, դատողություններվ, կոչումներով և միայն իր արժանիքների մասին հիշողությամբ:
Նորին Սրբությունը Սինոդի մասնակիցներին ապաշխարության և հպարտությունից ու երկերեսանությունից ազատվելու կոչ արեց՝ ընդգծելով, որ այս ծառայությունը հնարավորություն է վերականգնելու վստահությունը Եկեղեցու հանդեպ, որն ունի շատ վերքեր՝ սխալների ու մեղքերի պատճառով: Դիմելով երիտասարդներին՝ Սրբազան Քահանայապետը ներողություն խնդրեց, որ երբեմն Եկեղեցին հավատքի արժանի վկան չի եղել։
Ապաշխարության հսկումի պատարագի ավարտին Ֆրանցիսկոս Պապը աղոթքներ բարձրացրեց մեղքերի թողության համար և անկեղծ ապաշխարության կոչ արեց, որպեսզի իսկապես դարձի գան: Այնուհետև բոլոր ներկաներին խաղաղության նշանի փոխանակություն կատարելու կոչ արեց և Ավետարան տվեց երիտասարդներին՝ հանձնարարելով Բարի լուրը փոխանցել գալիք սերունդներին:
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը