«Մենք բոլորս պատասխանատու ենք Եկեղեցու առաքելության համար»։
Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակեց հոկտեմբեր ամսվա աղոթքի դիտավորության ամենամսյա տեսաուղերձը, որում Ֆրանցիսկոս Պապը մեկնաբանում է իր աղոթական դիտավորությունը 2024թ. հոկտեմբեր ամսվա համար. աղոթել հանուն Եկեղեցու առաքելության, որը վերաբերում է բոլոր հավատացյալներին:
Յուրաքանչյուր քահանա, աշխարհական և քրիստոնյա պատասխանատու է Եկեղեցու առաքելության համար, հիշեցնում է Նորին Սրբուրթյունը.
«Մենք՝ քահանաներս, ոչ թե աշխարհականների առաջնորդներն ենք, այլ նրանց հովիվները: Հիսուս կոչ արեց մեզ բոլորիս վեր չդասել որևէ մեկին, չբաժանել, այլ փոխադարձաբար լրացնել միմյանց: Մենք միասնական համայնք ենք և, ահա թե ինչու, պիտի միասին քայլենք սինհոդոսական ճանապարհով: Գուցե դուք հարցնեք. ի՞նչ եմ կարող անել, որովհետև ես ավտոբուսի վարորդ եմ, կամ հողագործ եմ, կամ ձկնորս եմ: Այն, ինչ պարտավոր են անել բոլորը. կյանքով վկայություն տալ, կիսել Եկեղեցու առաքելության պատասխանատվությունը, – ընդգծում է Սրբազան Քահանայապետը: – Աշխարհականներն ու մկրտվածները Եկեղեցու մեջ իրենց տանն են գտնվում և պարտավոր են հոգ տանել նրա մասին: Սա վերաբերում է նաև մեզ՝ քահանաներիս և նվիրյալներին: Ամեն ոք ունենում է իր ներդրումը՝ լավագույնս անելով այն, ինչ կարող է: Մենք բոլորս պատասխանատու ենք Եկեղեցու առաքելության համար, մասնակցում ենք նրա կյանքին և ապրում Եկեղեցու հաղորդության մեջ»։
Տեսաուղերձի ավարտին Նորին Սրբությունը կոչ է անում հավատացյալներին.
«Եկե՛ք աղոթենք, որպեսզի Եկեղեցին իր ամբողջ զորությամբ շարունակի համպատասխանատվության ոգով աջակցել սինհոդոսական կենսակերպին՝ խրախուսելով քահանաների, վանականների և աշխարհականների մասնակցությունը, միասնությունը և համատեղ առաքելությունը»։
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը