«Սատանան խորամանկ է, սակայն մենք՝ քրիստոնյաներս, Աստծո շնորհով, ավելի խորամանկ ենք»։
Չար ոգու դեմ պայքարելիս կարելի է հաղթել, ինչպես նրան հաղթեց Հիսուսն անապատում. Աստծո Խոսքով: Սեպտեմբերի 25-ի հրապարակային ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ասաց, թե ինչպես է պետք պայքարել սատանայի դեմ:
Ունկնդրության սկզբում ընթերցվեց մի հատված Ավետարանից, որն ասում է, թե ինչպես «Հիսուս անապատ տարվեց Հոգուց՝ սատանայից փորձվելու» (Մտթ. 4,1): Նորին Սրբությունն ընդգծեց, որ մտահղացումը Աստծունն էր, այլ ոչ թե սատանայինը. մեկուսանալով անապատում՝ Հիսուս հնազանդվում է Սուրբ Հոգուն և չի ընկնում չարի ծուղակը: Անապատում Հիսուս ազատվում է Սատանայից և հիմա կարող է ազատել Սատանայից. Ավետարաններում կան բազմաթիվ պատմություններ դիվահարների ազատագրման մասին:
Այսօր, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, մենք նկատում ենք տարօրինակ վերաբերմունք սատանայի հանդեպ. «Որոշակի մշակութային մակարդակում համարվում է, որ այն պարզապես գոյություն չունի: Իբր այն կոլեկտիվ ենթագիտակցության խորհրդանիշ է, այլ կերպ ասած, խոսքը վերաբերում է փոխաբերությանը (մետաֆորա)»: Իսկ դա չարի խորամանկությունն է. ստիպել մարդկանց հավատալ, որ ինքը գոյություն չունի։
«Մեր տեխնոլոգիական, աշխարհական աշխարհը լի է մոգերով, օկուլտիզմով, ոգետեսությամբ, աստղագուշակներով, դավադրությունների ու համայիլների վաճառականներով և, ցավոք, իրական սատանայական աղանդներով: Սատանային դռնով դուրս արեցին, բայց նա նորից ներս մտավ պատուհանով: Նրան դուրս արեցին հավատքից, բայց նա հետ եկավ սնահավատության միջոցով: Եթե դու սնահավատ ես, ապա ակամա երկխոսության մեջ ես մտնում սատանայի հետ, իսկ սատանայի հետ երկխոսել չի կարելի»:
Սատանայի գոյության ամենազորեղ ապացույցը, շարունակեց Նորին Սրբությունը, մեղավորները չեն, այլ սրբերն են: Սրբերի կյանքում է, որ սատանան ստիպված է «գալ դեպի լույսը»: Այս կամ այն առումով բոլոր սրբերն էլ վկայել են մութ ուժերի դեմ իրենց պայքարի մասին և չեն դարձել պատրանքների գերին:
Սատանայի հետ չի կարելի զրուցել, բայց պետք է քննադատել ու դուրս անել Աստծո Խոսքով, ինչպես դա արեց Հիսուսը: Պետք է «սիրտը բարձրացնել դեպի Տերը և աղոթել Աստվածածնին», – պարզաբանեց Սրբազան Քահանայապետը: Սուրբ Պետրոս առաքյալը խորհուրդ է տալիս ևս մեկ միջոց, որի անհրաժեշտությունը Հիսուսը չուներ, սակայն մենք բոլորս իսկապես ունենք արթնության կարիք:
Այն օրվանից, երբ Հիսուս Խաչի վրա ընդմիշտ հաղթեց «այս աշխարհի իշխանին», սատանան, ըստ Սուրբ Հայրերի արտահայտությունների, նմանվեց շղթայակապ շանը: Մենք պիտի հեռու մնանք նրանից, հատկապես, երբ նա փորձում է մոտենալ մեզ՝ Տասը պատվիրանների դեմ իր գայթակղություններով:
Կոնկրետ օրինակներ բերելով՝ Նորին Սրբությունն ասաց, որ ժամանակակից տեխնոլոգիաները կարող են տրամադրել ոչ միայն դրական ռեսուրսներ, այլ նաև միջոցներ, որոնք մեզ կգցեն սատանայի ծուղակը: Օրինակ համացանցում տարածված պոռնոգրաֆիան. այն «սատանայի լեզուն է», պարզաբանեց Ֆրանցիսկոս Պապը:
Գիտակցումը, որ սատանան գործում է պատմության մեջ, չպետք է հուսահատեցնի մեզ, որովհետև, եթե նույնիսկ մենք ընկնենք այդ ծուղակը, ապա պիտի վստահ ու խիզախորեն դուրս անենք սատանային՝ ասելով. «Ես Տիրոջ հետ եմ»:
«Քրիստս հաղթեց սատանային և մեզ պարգևեց Սուրբ Հոգին, որպեսզի Իր հաղթանակը դառնա մերը: Թշնամու բուն գործողությունը կարող է մեր օգտին լինել, եթե Աստծո օգնությամբ մենք նրան ուղղենք դեպի մեր մաքրագործումը»:
Իր քարոզը Նորին Սրբությունն ավարտեց հետևյալ խոսքերով. «Սատանան խորամանկ է, սակայն մենք՝ քրիստոնյաներս, Աստծո շնորհով, ավելի խորամանկ ենք»։
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը